HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոսնի Մուբարաքը դատապարտվեց զմահ ազատազրկման

Եգիպտոսի նախկին նախագահ, 84-ամյա Հոսնի Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2011թ. սկզբին՝ Եգիպտոսում ժողովրդական ապստամբության ժամանակ, ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մեջ: Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 18-օրյա հակակառավարական ցույցերի ու բախումների ընթացքում զոհվել է մոտ 840 մարդ, վիրավորվել ավելի քան 6 հազարը:

CNN-ը հայտնում է, որ դատավճիռն իմանալուց հետո հակակառավարական ցույցերի ժամանակ զոհված եգիպտացիների հարազատներն իրենց անհամաձայնությունն են հայտնել՝ բղավելով, թե այս դատավճիռը բավարար չէ, թեև Մուբարաքն ունի նաև բազմաթիվ կողմնակիցներ, ովքեր հավաքել էին ավելի քան 700 հազար ստորագրություն՝ նախկին նախագահին արդարացնելու պահանջով: Հավաքվածներից ոմանք բղավել են. «Ժողովուրդն ուզում է Մուբարաքի մահապատիժը»: Մյուսները բղավել են՝ «ապօրինի, ապօրինի դատավճիռ»:

Մուբարաքը դատավճիռը լսել է՝ բժշկական պատգարակի վրա պառկած: Նա վատառողջ է և կտեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց:

BBC-ն նշում է, որ անցյալ տարի «Արաբական գարնան» սկզբից ի վեր՝ Հոսնի Մուբարաքը նախկին առաջնորդներից առաջինն է, ով կանգնում է դատարանի առջև:

Գործով անցնող ամբաստանյալներից Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլին, ով նույնպես մեղադրվում էր ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ, ևս դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Մուբարաքը մեղադրվում էր նաև կոռուպցիայի մեջ: Այս մեղադրանքների մասով նա արդարացվել է: Կահիրեի դատարանն արդարացրել է նաև նրա որդիներ Գամալին և Ալաային, ովքեր ևս մեղադրվում էին կոռուպցիայի մեջ:

Դատարանն արդարացրել է նաև գործով անցնող մյուս 4 ամբաստանյալներին, ովքեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են: BBC-ն հայտնում է, որ նրանց արդարացման դատավճիռն առաջացրել է դատարանի դահլիճում և դատարանի շենքի մոտ հավաքվածների կատաղությունը:

Մեկնաբանություններ (1)

Ըն.
երևի մեխանիկական սխալ է. զմահ- կարելի է ուղղել դարձնել ցմահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter