HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է շրջափակման մեջ։ Վեհափառ Հայրապետը, դատապարտելով սույն իրողությունը, ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, իսկ նման հայատյաց քաղաքականությունը   հանգեցնելու է հումանիտար աղետի։

Իրավիճակի հանգուցալուծման համար Նորին Սրբությունը կենսական է համարել միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համարժեք միջոցառումները՝ ի խնդիր Ադրբեջանի վայրագ գործողությունների կասեցման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել են նաև պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել ի դեմս դեսպանի ԱՄՆ իշխանություններին պատերազմի ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter