
Փոքրիկ Արփին՝ Նալբանդյան 106/1-ի մասին. «Ես ուզում եմ, որ այս բակն էլ մեր բակի նման կանաչ լինի» (վիդեո)
Նալբանդյան 106/1-ի շրջակայքի մեկ տասնյակից ավելի շենքերի երեխաների համար մի քանի քառակուսի մետր ստվերոտ տարածք է մնացել խաղալու համար: Խաղահրապարակը քանդել են, մանկապարտեզն էլ չկա, ծառերն արմատախիլ են արել, հարակից շենքերի բնակիչներին զրկել են թթվածնից ու ստվերից:
Շուտով 5 հարկանի շենքերի անմիջական հարևանությամբ վեր կհառնեն բազմահարկեր, որոնց կառուցման թույլտվության մասին փաստաթղթերը մինչ օրս հաստատված չեն:
Իսկ երեխաների խաղալու և մանուկ լինելու ցանկությունը դժվար է արմատախիլ անել. նրանք էլ են միացել մեծահասակների բողոքի ակցիային, քանի որ առաջին հերթին հենց իրենց իրավունքներն են ոտնահարվել:
Երեխաների պաշտպանության օրը կազմակերպված բակային միջոցառման ժամանակ նվեր ստացած գունավոր կավիճներով նրանք փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:
Շինարարության ոչ մի ապօրինի թույլտվությամբ երեխաներին չես կարող բացատրել, թե իրենք էլ ինչու չունեն առաջվա կանաչապատ բակն ու մանկապարտեզը:
Հարևան բակերի երեխաները նույնպես միացել են իրենց ընկերների արդարացի բողոքին: Փոքրիկ Արփին, ով ապրում է հարևան բակերից մեկում, ապագա նորակառույցի շինհրապարակը պաշտպանող մետաղյա պարսպի մոտ գրել է իր ցանկությունը:
Արփին ուզում է, որ այստեղ խաղադաշտ կառուցեն: Չնայած ինքն այս բակից չէ՝ ցանկանում է, որ Նալբանդյան 106/1-ին հարակից բոլոր բակերն էլ իրենց բակի նման կանաչ լինեն:
Մեկնաբանել