HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ․ Փաշինյան

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել։

Վարչապետի խոսքով՝ այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով։ Եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում։ Հայտարարության առաջին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, սակայն Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել՝ սկսված 2020-ի դեկտեմբերի 13-ից, մասնավորապես՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով։

Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանն իր տարածքով միջանցք տրամադրելու մասին որևէ փաստաթուղթ չի ստորագրել․ «Տգետ են այն պնդումները, թե Հայաստանը նման բանավոր խոստում է տվել»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարը հայտնեց՝ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի։

«Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն», և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։

«Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով։ Լիարժեք պաշտպանում եմ երեկ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը»,- ասաց նա։

ԱԺ-ն նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Վարչապետն ԱԳՆ-ին հանձնարարեց ԱԺ-ի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter