
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առկա իրավիճակով, որը Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն է։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը տարածել է նրա գրասենյակը։ Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել ապահովել տեղաշարժի ազատությունը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ նշվում է, որ Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը ու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ «Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում կարգավորման ջանքերի պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել էր ունեցել Անտոնիու Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
«Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊ Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը»,- ասված էր արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՄԱԿ-ի մամուլի ծառայության
Մեկնաբանել