Կարգավիճակի բնութագրումեն ավելին
Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) համաձայնական կառավարության մեջ չներառվիլը խորհրդարանական դաշտին նկատմամբ քաղաքական վերլուծաբաններուն մեկնաբանություններուն վրա հիմնական ազդեցություն գործեց:
Շրջանառվող վերլուծումները կարելի է ամփոփել հետեւյալ մտածումներուն շուրջ:
Առաջին հայացքով, ԲՀԿ-ի մերժումը կառավարության մաս կազմելուն Հայաստանի քաղաքական դաշտին մեջ կտրուկ փոփոխություն կապահովե, կհակակշռե միակուսակցական իշխանությունը, խորհրդարանին մեջ դժվար կացություն կստեղծե գործող իշխանություններուն համար եւ ընդդիմադիր կուսակցություններու միավորման լուրջ հնարավորություններ կստեղծե:
Այս տեսությունը հառաջ քշողներուն համար համարյա՛ պարզ է, որ ԲՀԿ-ի համար արդեն գոյություն չունի այն հուշագիրը, որուն համաձայն, օրվան համաձայնական կառավարությունը կազմող երեք կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Օրինաց երկիր կուսակցությունը հրապարակային հանձնառությամբ եւ հուշագիրի ստորագրությամբ կհայտարարեին, որ պիտի պաշտպանեն գործող նախագահին թեկնածությունը՝ 2013-ի նախագահական ընտրություններուն:
Դարձյալ այս տեսության զարգացման սահմաններուն մեջ կակնկալվի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին վերադարձը, նախագահական ընտրություններուն՝ թեկնածուի տեսքով: Միշտ ըստ քաղաքական այս վարկածը պաշտպանողներուն, երկրորդ նախագահին ազդեցությունը գերակշիռ է ԲՀԿ-ի կայացուցած որոշումներուն վրա:
Այս վարկածին 180 աստիճան տրամագծությամբ կհակադրվի այն մտածումը, որ արձանագրվածը ներիշխանական խաղի կամ ավելի ճիշդը համաձայնեցված դերաբաշխումի արդյունք է: Խորհրդարանական ընտրություններուն ԲՀԿ-ի ընդդիմադիր խաղը պատճառ դարձած է, որ ժողովուրդին մոտ չեզոքացվի կանխորոշման գործոնի ազդեցությունը եւ քվեարկող զանգվածը որոշ չափով աշխուժանա: Այս պատճառ դարձած է նաեւ, որ ԲՀԿ խլե ընդդիմադիր քվեներ եւ մնացյալ ընդդիմադիր կուսակցությունները հազիվ ապահովեն սահմանային անցողիկությունը:
Ներիշխանական այս խաղին հավատացողները կխորհին, որ իշխանությունները այս ձեւով միաժամանակ սեփականացուցած կըլլա՛ն թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության դաշտերը: Ինչպես որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ապահոված է իշխանության դաշտի գերակայություն, այնպես ալ ԲՀԿ-ն՝ ընդդիմադիր:
Եթե հետեւինք ԲՀԿ-ի գործիչներուն հայտարարություններուն, այնտեղ պիտի նկատենք մակընթացություն-տեղատվություն երեւույթ մը: Որոշ գործիչներ համեմատաբար սուր ոճով կքննադատեն կառավարությունը, այլ դեմքեր՝ զսպվածությամբ եւ փափկանկատությամբ: Նույնը՝ ԲՀԿ-ի հանդեպ հանրապետական գործիչներու կողմե կդրսեւորվի:
Համենայն դեպս առ այսօր ԲՀԿ-ն ինքնաբնութագրման համար կօգտագործե ,խիստ կառուցողականե, «այլընտրանք» բառեզրերը եւ հստակորեն չի ճշդեր իր կարգավիճակը: Խորհրդարանի առաջին քննությունը որոշ չափով բարացուցական է. թերեւս կանուխ է հաստատելը, սակայն Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ցուցանշային իմաստ ունի: ԲՀԿ այստեղ ո՛չ այլընտրանքի եւ ո՛չ ալ խիստ կառուցողականության փաստը տվավ. իսկ ընդդիմադիրի՝ երբեք:
Միակուսակցականության հակակշռումը կբխի պետության եւ հասարակության շահերեն: ԲՀԿ-ն այս առումով հայտնված է բոլորի ուշադրության կեդրոնը: Կարգավիճակի բնութագրման համար գործածուող ըսելաձեւերը երկրորդական բնույթ կունենան, եթե ԲՀԿ իրողապես սատարե այդ գործառույթի իրականացման:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել