
Անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ. Մարինա Կալյուրանդ
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
Չափազանց մտահոգված եմ դեկտեմբերի 3-ին և կրկին դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի պետական իշխանությունների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններից, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է հանդիսանում շրջանի հայ բնակչության համար։
Բացի այդ, խիստ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խաթարումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը:
Հիշեցնեմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
Ես հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով:
Մեկ անգամ ևս ընդգծում եմ խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է ամուր երաշխիքները տա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության համար: Կոչ եմ անում հրատապ վերսկսել բանակցություններն ամենաբարձր մակարդակով՝ ԵՄ միջնորդությամբ, և դեէսկալացնել իրավիճակը։
Մեկնաբանել