
Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության 8-րդ համագումարը՝ 150 պատվիրակի մասնակցությամբ:
Համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ «Պետության իրավիճակի մասին» ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներքին մարտահրավերներին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին անցած խորհրդարանական ընտրությունների և գալիք նախագահական ընտրությունների միջև ընկած այս վճռորոշ ժամանակաշրջանում:
Նա նոր, աննախադեպ համախմբման կոչ արեց քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին և մտավորականությանը՝ ազատելու համար ժողովրդին տևական կեղծարարության և, ցավոք, միայն դե ֆակտո ընտրության ճիրաններից, և վերջապես հաստատելու առաջին իրավակարգ, դե յուրե նախագահությունը 1991-ից ի վեր:
Համագումարը ընտրեց նոր վարչություն հետևյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան և Մարգարիտա Հակոբյան:
Ավելի ուշ նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց փոխնախագահ՝ հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ, իսկ Ստյոպա Սաֆարյանը՝ գլխավոր քարտուղար՝ միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:
Վարչությունը նաև որոշեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը լիազորել վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար և Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Մեկնաբանել