HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրոպական միության երկրների կառավարությունները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Այդ մասին, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում են Reuters-ը և AFP-ն։

Reuters-ի աղբյուրների խոսքով՝ համաձայնեցման ֆորմալ գրավոր ընթացակարգը կավարտվի մինչև դեկտեմբերի 16-ի կեսօր։ Այլ մանրամասներ գործակալության զրուցակիցները չեն նշել։

Նոր սահմանափակումների համաձայնեցման մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։

Ավելի վաղ, Reuters-ի դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ ԵՄ երկրներին չի հաջողվել հասնել համաձայնության՝ պատժամիջոցների 9-րդ փաթեթի շուրջ։ Գործակալության տվյալներով՝ բանակցությունների մասնակիցներին հաջողվել էր մոտենալ համաձայնության, բայց նրանք չէին կարողացել բավարարել որոշ երկրների պահանջները, այդ թվում՝ Լեհաստանի։

Տարաձայնություն էր առաջացրել այն հարցը, թե արդյոք ԵՄ-ն պետք է թուլացնի եվրոպական նավահանգիստներով ռուսական պարարտանյութերի արտահանման սահմանափակումները նույնիսկ այն ընկերությունների համար, որոնք պատկանում են պատժամիջոցների ցուցակներում հայտնված ռուս գործարարներին:

Եվրոպական որոշ երկրներ կարծում էին, որ պարարտանյութերի սահմանափակումները սպառնում են զարգացող երկրների պարենային անվտանգությանը: Մյուսները կարծում են, որ պատժամիջոցների թուլացումը թույլ կտա պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ռուս սեփականատերերին շրջանցել նախկինում սահմանված սահմանափակումները:

«Բացառություններ դեռևս կան։ Սակայն արված են այնպես, որ անդամ յուրաքանչյուր պետություն կարողանա ի գիտություն ընդունել ազգային անվտանգության իր շահերը»,- հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը։

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր նոր պատժամիջոցների մասին։ Ինչպես նշվում էր, նոր սահմանափակումների ցանկում կներառվեն որոշ կատեգորիայի ապրանքների արտահանումը, այդ թվում երկակի նշանակության և էլեկտրոնիկայի, անօդաչու թռչող սարքերի արտադրության համար դետալների արտահանման արգելք ՌԴ և երրորդ երկրներ, որոնք կարող են դրանք վաճառել Ռուսաստանին։

Բացի այդ, նշվում էր ռուսական չորս հեռուստաընկերությունների հեռարձակման արգելքի, ռուսական երեք բանկերի դեմ պատժամիջոցների, ինչպես նաև ընկերությունների և ֆիզիկական անձանց մասին, որոնց թվում կան զինվորականներ, կառավարության անդամներ և Պետդումայի պատգամավորներ։

EUobserver-ի տվյալներով՝ պատժամիջոցներ կսահմանվեն Բորիս Կորչևնիկովի, Մարինա Կիմի, Սերգեյ Միխեևի, երգիչ Գրիգորի Լեպսի, բլոգեր Դմիտրի «Գոբլին» Պուչկովի, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի, ինչպես նաև գործարար Յուրի Կովալչուկի ընտանիքի անդամների։ 

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter