
Նալբանդյան 106/1: Հերթական բողոքը ծառահատման և ներբակային կառուցապատման դեմ
Այսօր Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչները կրկին դուրս էին եկել բողոքի ակցիայի: «Մեր բակը՝ կանաչ քառակուսի» խորագիրը կրող ակցիային, որը նվիրված էր Մանուկների պաշտպանության երեկվա տոնին, մասնակցեցին նաև բակի երեխաները: Նրանց մտահոգությունը լսեցին ինչպես ԶԼՄ ներկայացուցիչները, այնպես էլ Մաշտոցի պուրակի բնապահպանական շարժման ակտիվիստները:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ ներկայացուցիչները ոստիկանների ներկայությամբ բռնի ուժի կիրառմամբ ճանապարհ բացեցին շինտեխնիկայի համար, որը մտավ նշված Նալբանդյան 106/1 ներբակային տարածք և տապալեց տասնյակ հաստաբուն և կենսունակ ծառեր:
Որպես այս վայրենաբարո գործողությունների հիմք էր ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստորագրությամբ մի գրություն, համաձայն որի` ծառերից մի քանիսը պետք է տեղափոխվեին, իսկ մնացածը` հատվեին: Հատկանշական է, որ նույն Մարտիրոսյանի կողմից «Ավագ Շին» ՍՊԸ տնօրենությանը 16.12.2011թ. տրված N17/46674հ գրությամբ «Ավագ Շին» ՍՊԸ տնօրեն Լ. Մովսեսյանին տեղեկացվել էր, որ Նալբանդյան 106/1-ում «շինարարական աշխատանքներին խոչընդոտող թվով 14 ծառերը կենսունակ են», իսկ դրանց տեղափոխումը համարվում է «ոչ նպատակահարմար, քանզի դրանց կպչողականությունը երաշխավորված չէ»: Միաժամանակ գրության մեջ նշվել էր, որ ծառերի հատման կամ տեղափոխման հարցը կարող էր քննարկվել միայն բնապահպանական փորձաքննության դրական արդյունքների առկայության պարագայում:
Քաղաքային իշխանություններից իրենց ստացած կցկտուր պատասխանից ընդամենը մի քանի օր հետո ստորագրված նոր փաստաթուղթը, որի հիման վրա ներբակային տարածքը անապատացվեց, կվիճարկվի բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանի միջոցով:
Իսկ այսօրվա ակցիան ապացույցն էր այն բանի, որ նույնիսկ կառուցապատողի բռի գործողությունները, բնակիչների նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներն ու սանձարձակ, անվայելուչ պահվածքը չեն կարող լռեցնել իրենց բակի ճակատագրով մտահոգ քաղաքացիների արդարացի ձայնը: Արդեն այսօր քաղաքացիների պայքարին են միանում բազմաթիվ խմբեր, քաղաքացիական նախաձեռնություններ, և շարժումը գնալով հզորանում է:
Ակտիվիստները վստահ են, որ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու գործելակերպը պետք է շարունակական լինի, իսկ Թռչկանի և Մաշտոցի պուրակի հաջողված գործընթացները արդեն իսկ դրական նախադեպեր են քաղաքացիական պայքարի հետագա փուլի համար:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել