HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հյուսիս-հարավ» ճանապարհի համար քանդել են առուներ, չորացրել այգին ու դրանով նվազեցրել փոխհատուցման գումարի չափը

Արամայիս Մուրադյանի տան պատուհաններից երևում է բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված ու Հայաստանի Հանրապետությանն օտարված իր հողամասը, որի ցանկապատի կողքին վեր է խոյանում ընկույզի ծառը: Աշտարակ-Թալին ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող Մուրադյանի պտղատու այգուց, որտեղ 80 ծառ կար, արդեն ոչինչ չի մնացել. ընկույզի ծառն է ու մի քանի մանր-մունր վնասված ծառեր:

Այգու ծառերը չորացել են կամ վառելափայտ դարձել անհայտ անձանց համար: Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցելու համար հարկադիր կարգով քաղաքացուց վերցված հողամասն այսօր անտերության է մատնված: Որոշվել է փոխել Հյուսիս-Հարավի ուղղությունը, և այդ հողամասն այլևս հեռու է մնացել նոր կառուցվող ճանապարհից: Բայց շուտով կլրանա 8-րդ տարին, ինչ Արամայիս Մուրադյանը դատարաններում փորձում է վերականգնել ճանապարհի կառուցման համար իրեն պատճառված մոտ 3.5 մլն դրամի վասը:

Մուրադյանի հողամասի համար տրվել է փոխհատուցում, սակայն ծառերը քիչ են հաշվարկել և 8 տարի է` 35 ծառի փոխհատուցման գումարը՝ մոտ 3.5 մլն դրամը, չի կարողանում պետությունից ստանալ:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը 2014թ. դատարան ներկայացրած հայցադիմումով Մուրադյանից պահանջել էր Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում գտնվող 1600քմ մակերեսով հողամասն օտարել Հայաստանի Հանրապետությանը: Որպես փոխհատուցման գումար վճարվել է մոտ 5 մլն դրամ հողամասի և 8 մլն դրամ «լրացուցիչ ազդեցությունների» համար:

Հայցը բավարարվել է։ Հողամասի օտարման և լրացուցիչ ազդեցության գնահատման նպատակով ՊՈԱԿ-ը կազմել է հողատարածքի նկարագրության արձանագրություն։ Ընդ որում արձանագրությունը կազմվել է երկու անգամ։ Առաջին արձանագրությունը կազմվել է 2012թ.-ի փետրվարի 1-ին, համաձայն որի՝ Արամայիս Մուրադյանի հողամասում եղել է 80 հատ բերքատու ծառ՝ 40 հատ ծիրան, 25 հատ դեղձ և 15 հատ բերքատու ընկույզ:

Երկրորդ արձանագրությունը կազմվել է 2014թ. մարտի 17-ին։ Այս անգամ արձանագրվել է 45 ծառ՝ 35 հատ ծառ պակաս, քան առաջին արձանագրության ժամանակ: ՊՈԱԿ-ը Արամայիս Մուրադյանին փոխհատուցել է հողամասի և 45 ծառի համար, իսկ առաջին արձանագրության մեջ գրանցված, սակայն «անհայտացած» 35 ծառերի համար հատուցում չի տրամադրվել։

Այդ 35 ծառը, որոնք չեն արձանագրվել 2-րդ արձանագրության մեջ, հիմնականում չորացել են, դարձել ոչ բերքատու, կամ, ինչպես նշում է Արամայիս Մուրադյանը, ոչնչացվել են ՊՈԱԿ-ի գործողությունների հետևանքով։

Բանն այն է, որ «Փարպի» ջրօգտագործողների ընկերության 2014թ. սեպտեմբերի 25-ին տված տեղեկանքի համաձայն` Մուրադյանի հողամասը 2012թ.-ից չի ոռոգվել։ Ոռոգման ջրատարը քանդվել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կոմունիկացիաները անցկացնելու, ինչպես նաև հնագիտական պեղումներ կատարելու պատճառով»։

Արամայիս Մուրադյանը ցույց տվեց այն տարածքը, որտեղից ջուր էր բերում և ոռոգում իր այգին: Ջրատար առուն ամբողջովին քանդված էր:

Դատարանում Արամայիս Մուրադյանի շահերը պաշտպանում է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ եթե ՊՈԱԿ-ը վնաս չպատճառեր հողամասին, չվնասեր ջրատարները, ապա լրացուցիչ հատուցում կստանար 80 ծառի, ոչ թե միայն 45 ծառի համար։

Գույքին հասցված վնասի ընդհանուր արժեքը 3.469.900 դրամ է, ինչն էլ արդեն 8 տարի պահանջում է Արամայիս Մուրադյանը, և հայտնվել է շրջապտույտի մեջ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործի քննությամբ հաստատված էր համարել Արամայիս Մուրադյանին պատճառված վնասի առկայությունը: Դատարանը նաև արձանագրել է, որ ծառերը վնասվել են ՊՈԱԿ-ի գործողությունների հետևանքով, այսինքն առկա է վերջինիս ոչ օրինաչափ վարքագիծը։

«Այսպիսով, պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի և պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ, այն է` եթե ծառերը ոռոգվեին, ապա չէին չորանա, և հայցվորին վնաս չէր պատճառվի»,- արձանագրել է առաջին ատյանի դատարանը:

2015թ. հոկտեմբերի 9-ին դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ վճռվել է Արամայիս Մուրադյանի հայցը բավարարել` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հօգուտ Մուրադյանի որպես հասցված վնասի հատուցման գումար բռնագանձել 3 մլն 469 հազ. 900 դրամ:

ՊՈԱԿ-ը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Բողոքում նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կոմունիկացիաները անցկացնելու» գործընթացի հետ ՊՈԱԿ-ը որևէ առնչություն չունի և իրավասու էլ չէ որևէ առնչություն ունենալու, քանի որ նման գործառույթ իրեն վերապահված չէ՝ ոչ կանոնադրությամբ, ոչ այլ իրավական ակտով։ Հետևաբար նման պայմաններում, ըստ ՊՈԱԿ-ի, բացակայում է անմիջապես ՊՈԱԿ-ի որևէ գործողություն, առավել ևս ոչ իրավաչափ վարքագիծը, ոռոգման խողովակների հարցում և հետևաբար ենթադրյալ վնասի և ՊՈԱԿ-ի գործողությունների պատճառաբանական կապը։

Բողոքում նշել է, որ նշված երկու արձանագրությունը կազմվել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերությունների շրջանակներում և վնասի հատուցման համար վերաբերելի ապացույց չի կարող հանդիսանալ։

Դատարանը ՊՈԱԿ-ի ոչ օրինաչափ գործողությունների հանգամանքը և պատճառված վնասի միջև առկա պատճառահետևանքային կապը հիմնավորել է նաև «Փարպի» ջրօգտագործողների ընկերության տրված տեղեկանքով:

ՊՈԱԿ-ը նշել է, որ առաջին ատյանի դատարանը չի պարզաբանել, թե Մուրադյանին հասցված վնասը ում գործողությունների հետևանքով է պատճառվել, «Հյուսիս-հարավ» մայրուղու կոմունիկացիաների անցկացումը ում կողմից է կատարվել, և այդ աշխատանքները կատարելու ընթացքում ջրատար խողովակները քանդվել են, թե ոչ, ով է հանդիսացել այդ աշխատանքների կառուցապատողը (նախագծող, շինարար), գործընթացը կատարվե՞լ է քաղաքաշինական օրենսդրության պահանջներին, այդ թվում` նախագծային փաստաթղթերին համապատասխան, թե ոչ։

Նշված փաստարկները հաշվի առնելով` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2016թ. հունվարի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

Նոր քննության ժամանակ ավելի է հիմնավորվել, որ ՊՈԱԿ-ի գործողությունների հետևանքով է վնասը պատճառվել: Մասնավորապես, Աշտարակ համայնքի տված տեղեկանքի համաձայն` նշված հողամասը սկսած 2012թ. չի ոռոգվել, քանի որ Հյուսիս-հարավ ճանապարհների նախնական կոմունիկացիաների անցկացման պատճառով շարքից դուրս են եկել վերը նշված հողատարածքի ջրատար առուները: Չոռոգվելու պատճառով չորացել են պտղատու ծառերը և հատվել են:

«Արագածոտն» ջրօգտագործողների ընկերությունն էլ տեղեկանք է տվել այն մասին, որ Արամայիս Մուրադյանին նախկինում պատկանող հողամասի ոռոգման պայմանագիր չի կնքվել և չի ոռոգվել, քանի որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարարների կողմից քանդվել է ջրատարը, որը հնարավոր չի եղել վերականգնել: Դրանից առաջ ոռոգման համար Մուրադյանը պայմանագիր է ունեցել ՋՕԸ-ի հետ:

Նշված տեղեկանքները, ինչպես նաև Մուրադյանի կողմից մինչև հողի օտարումը ջրամատակարարման համար վճարումները հավաստող անդորրագրերը վերլուծելով` առաջին ատյանի դատարանը հիմնավոր է համարել, որ ոռոգումը իրականացվել է առուների միջոցով: ՊՈԱԿ-ի կողմից դրանք քանդվել կամ խարխլվել են շինարարական աշխատանքների հետևանքով` անհնարին դարձնելով հայցվորի հողամասի ոռոգումը, ինչն էլ հանգեցրել է հայցվորի հողամասի վրա գտնվող պտղատու ծառերի չորանալուն:

Առաջին ատյանի դատարանը արդեն երկրորդ անգամ` 2019թ. սեպտեմբերի 10-ին, Արամայիս Մուրադյանի հայցը բավարարել է:

ՊՈԱԿ-ի կողմից դարձյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պարզվել է, որ առաջին ատյանի դատարանը նիստերից մեկի մասին ՊՈԱԿ-ին չէր ծանուցել և նիստը կայացել է, որի ժամանակ ապացույց է հետազոտվել: Հետևաբար Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019թ. դեկտեմբերի 20-ին որոշել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարել` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2019թ. վճիռը բեականել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Նշենք, որ 2017թ. մարտի 1-ից «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի: Հետևաբար, դատարանում վերջինս է կրել իր իրավանախորդի բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` դատական ակտով սահմանվածները:

Բեկանումից հետո ընդհանուր իրավասության դատարանում Պատասխանող կողմի միջնորդությամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 26122019թ-ի թիվ 1969-Ա որոշմամբ վերանվանվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի։ Իսկ նախորդ տարի «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Նշված հանգամանքով պայմանավորված` «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոխարեն այս գործով պատասխանող է ճանաչվել «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը։

Գործը դեռ քննվում է առաջին ատյանի դատարանում ու հայտնի չէ, թե երբ կհանգուցալուծվի ու վնասներ կրած քաղաքացին երբ կստանա հատուցում: Իսկ մինչ այդ իր տան պատուհանից Արամայիս Մուրադյանն արդեն «օտարի աչքերով» հետևում է իր ձեռքերով աճեցրած մնացած ծառերի չորանալուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter