Մինչև երբ այսպես
Ճանապարհային երթևեկությունը կարգավորող օրենքները և Ճանապարհային ոստիկանության պահվածքը, մեղմ ասած, չի բխում վարորդների շահերից, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարական օրենսգրքի 18-րդ հոդվածի (Անմեղության կանխավարկածը) 4-րդ կետի համաձայն «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չենկարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճիրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի», այսինք՝ վիճելի հարցերը լուծվում են հօգուտ վարորդների: ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարված փոփոխությունները և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործելաոճը հակառակն են ապացուցում:
Ի սկզբանե դեմ եմ արտահայտվել տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ամրագոտին չամրացնելու համար նախատեսված տուգանքին, քանի-որ յուրաքանչյուր մարդու սեփական անվտանգության պատասխանատուն հենց ինքն է, միգուցե վարորդը պարտավոր է ուղևորին պարտադրել կապել ամրագոտին, բայց սեփական անվտանգության համար չմտահոգվելու համար 5000 դրամ տուգանքը ուղղակի ծիծաղելի է: Ես դա կհամեմատեմ սեփական բնակարանի ջահը կամ պատուհանը լվացող տիկնոջ հետ, եթե տիկինը սեփական անվտանգության միջոցառումներ չի ձեռնարկում, ապա նա ենթակա է տուգանքի 5000 դրամի չափով: Չէ որ մեքենան առանց ամրագոտի վարելիս վարորդը երթևեկության որևէ մասնակցի անվտանգությանը չի սպառնում:
ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների մասին: Ենթադրենք մեքենան տեխնիկական զննման ընթացքում եղել է իդեալական վիճակում, ապա երկու ամիս անց մեքենայի վրա ի հայտ է եկել որևէ էական անսարքություն, որը սակայն ճանապարհային ոստիկանը «անզեն աչքով» չի կարող նկատել. տեխզննման կտրոնի առկայությունը կամ բացակայությունը մեքենայի դիմապակուց նույնպես ոչ մի կերպ չի ազդում երթևեկության մասնակիցների անվտանգության վրա, հետևաբար ինչու է հարկավոր այդ կտրոնի պարտադիր առկայությունը դիմապակու վրա, որը, ցանկացած դիրքում էլ գտնվելու դեպքում, էլի ինչ-որ չափով փակում է վարորդի տեսադաշտը: ԱՊՊԱ կտրոնի պարտադիր առկայությունը նույնպես անհասկանալի է, քանի-որ ճանապարհային երթևեկության անվտանգությունը չի նախատեսում ազատ հարվածել դիմացից կամ հետևից կամ կողքից ընթացող այն մեքենային, որի վրա փակցված է ԱՊՊԱ կտրոնը:
Բացի այդ, այս ԱՊՊԱ-ների անիմաստությունը բացահայտվում է հատկապես այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ պարզվում է, որ մեղավոր կողմը չունի ԱՊՊԱ՝ փաստորեն, ԱՊՊԱ ունեցող կարգապահ վարորդին, ում մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարում, որևէ ապահովագրական ընկերություն չի փոխհատուցում, մնում է միայն նախկին, ավանդական լեզու գտնելու մեթոդը, կամ օրենքով նախատեսված դատական կարգը՝ պլյուս քաշքշուկներ, դատապաշտպաններ, թշնամանք, նվազագույնը երկու ամիս տևող դատավարություն և այլն և այլն: Ի դեպ, ծանոթներիցս մեկի ԱՊՊԱ հատուցումը տևեց 2-3 ամիս:
«Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը», -լավ հոդված է, պարտավոր ենք պահպանել սույն ամենակարևոր հոդվածը: Այստեղ արդեն ի հայտ է գալիս ճանապարհները սպասարկող իրավաբանական անձանց անփութությունը և ճանապարհային ոստիկանների անբարյացակամությունը: Միգուցե ղեկավարները այն կանվանեն խստություն, բայց ես այլ կարծիքի եմ, քանի որ ամենախիստ մարդը իրականում արդարամիտ ու ներող է… Հատկապես Երևանում, և ինչու չէ նաև ողջ Հայաստանում, ահավոր անմխիթար վիճակում են ճանապարհները:
Ասֆալտապատման վատ որակը ու փոսերը թողենք մի կողմ, անցնենք ճանապարհների կահավորմանը: Գծանշումները: Փողոցների մեծ մասում բացակայում են գծանշումները, այսինքն՝ մաշված են, կարգապահ վարորդը մտնում է դիցուք Արշակունյաց պողոտա, որտեղ երեք կամ ավելի երթևեկելի գոտիներ կան, մի ինչ-որ հատված մոտավորապես վարելով մեքենան պահի տակ զգացվում են նախկին գծանշման հետքերը, մեքենան մի կերպ, բայց մոտավորապես դասավորում ես կողմնորոշվելով ըստ այդ գծանշման, սակայն մի քանի մետրից այն կորում է և նշմարվում են ավելի վաղ արված մի քանի գծանշման հետքեր:
Բանուկ խաչմերուկներում իսպառ բացակայում են կանգի գծերը, երթևեկության ուղղության գծերը, հետիոտնային անցումների գծերը ու հենց այդտեղ էլ հայտնվում են ճանապարհային ոստիկանները: Դիցուք «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց Խորենացու փողոցից դեպի Տիգրան Մեծ պողոտա մուտք չկա, սակայն ճանապարհին բացակայում են գծանշումները, նույնիսկ չկա երկու հակադիր ուղղությունները իրարից բաժանող հոծ երկգիծը:
Մի կորած-մոլորած նշան, այնուամենայնիվ, կա, որը, սակայն, չափազանց քիչ է պատշաճ կահավորում համարելու համար: Չի բացառվում, որ նույն ճանապարհով երկու տրասպորտային միջոց ընթանան իրար զուգահեռ և աջակողմյան՝ չափսերով մեծ տրանսպորտային միջոցը փակի ձախակողմյանի տեսադաշտը ու այստեղ, իհարկե, հայտնվում են անբարյացակամ ճանապարհային ոստիկանները… մնացածը գիտեք:
Երբեմն անհասկանալի տրամաբանությամբ 40 կմ/ժ արագությունը սահմանափակող նշաններ են դրվում քաղաքի տարբեր հատվածներում: Ինչու անհասկանալի տրամաբանությամբ. օրինակ՝ դպրոցների մոտ առաջին սյան վրա դրվում է երեխաների նշան և 40կմ/ժ արագությունը սահմանափակող նշան, հաջորդ սյան վրա դրվում է նույն երեխաների նշանը ու 100 մ նշանի ազդեցության լրացուցիչ նշանը: Ինչու 40 կմ/ժ սահմանափակման նշանի մոտ չկա լրացուցիչ 100 մ ազդեցությունը տեղեկացնող լրացուցիչ նշան, կամ ինչու ոչ բոլոր դպրոցների մոտ է դրված վերոհիշյալ արագության սահմանափակումը: Ինչու դպրոցի տարածքից անցնելուց մինչև հաջորդ խաչմերուկ պետք է պահպանել 40 կմ/ժ արագություն, կամ ինչու երեկոյան ժամերին և կիրակի օրերին, երբ դպրոցում մարդ չկա, պետք է այդ հատվածով ընթանալ գրեթե հեծանվորդի արագությամբ:
Մեկ անհասկանալի սահմանափակում ևս, այսինքն բոլորս ենք հասկանում, թե իրականում այն ինչ նպատակ է հետապնդում, բայց եթե հավատանք, որ դա միտումնավոր չէ արված, ապա հաստատ անհասկանալի է: Երևանի հենց կենտրոնում, օպերայի ողջ պարագծով (բացի Կարապի լճի մոտ տաքսիների համար նախատեսված կայանատեղից) տրանսպորտային միջոցների կանգառն արգելող նշաններ են դրված, հետն էլ մեկական ՃՈ ավտոմեքենա: Ինչու Թումանյան փողոցի օպերայի շենքի հատվածում 4 միակողմանի երթևեկելի գոտի ունեցող տեղամասում տրանսպորտային միջոցների կանգառն արգելող նշան կա դրված: Քաղաքականություն, թե վճարովի կանգառ, պատճառը անհասկանալի է….
«Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը»:
Իսկ եթե դա տեղի է ունենում Երևանում, ուր մշտապես խցանումներ են: Ի դեպ խցանումների մասին: Քանի անգամ եք տեսել Ճանապարհային ոստիկաններին ինքնակամ գան, կանգնեն ու սկսեն խցանված կամ չգործող, հոսանքազրկված լուսացույցով խաչմերուկում երթևեկություն կարգավորել: Կարծեմ հենց դա է Ճանապարհային ոստիկանների առաքելությունը, դրա համար ենք մենք՝ հարկատուներս վճարում, այլ ոչ անվերջ տույժ ու տուգանք գրելու համար: Իհարկե Ճանապարհային ոստիկանները նման գործողություններ կատարում են մեկ-մեկ, այսինքն՝ ոչ թե կարգավորում են երթևեկությունը այլ ճանապարհ են մաքրում երկրի նախագահի այս կամ այն մարզ այցելությունների ժամանակ՝ ուրիշ ոչինչ:
«Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդթվում' հետընթաց) վարելը»:
Շատ հաճախ միակողմանի փողոցների կահավորումը այնքան անփույթ է արված, որ տեղանքին անծանոթ վարորդը կարող է մոլորության մեջ ընկնել, ու այստեղ՝ իհարկե Ճանապարհային ոստիկաններ, պլյուս 20.000 տուգանք: Ինչու միակողմանի ճանապարհներին միացող բոլոր բակային մուտքերի մոտ չկան դրված ճանապարհի ուղղությունը նշող նշաններ, ինչու ճանապարհների միակողմանիությունը ընդգծող գծանմուշներ չկան այդ ճանապարհներին՝ ողջ երկայնքով:
«Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցըդռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը»:
Համաձայն եմ, բացառությամբ՝ «կանգնած տրանսպորտային միջոցիդռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը»:
Ասեմ ինչու… ցանկացած պարագայում, եթե տրանսպորտային միջոցը կանգնեց՝ վարորդը պետք է դուրս գա, կամ ուղևորը, բնականաբար դուրս են գալու ոչ թե պատուհանից, այլ դուռը բացելով:
Դժվար է պատկերացնել քաղաքի կենտրոնում մի ճանապարհ, որտեղ տրանսպորտային հոսքը կարող է ցերեկվա ժամերին մի պահ դադարել, պատկերացրեք այդ ճանապարհի եզրին կայանած մեքենայից դուրս է գալիս վարորդը՝ բացելով մեքենայի դուռը: Ցանկացած վարորդ, եթե ճանապարհը Ծերեթելի փողոցի նման լայն ու մի քանի շարքանի չէ, անպայման տեսնելով դիմացի կայանած մեքենայի բացվող դուռը, մի փոքր ղեկը կթեքի դեպի ձախ, այսպես ասած «ստրախովկայի» համար:
Տվյալ պարագայում ճանապարհային ոստիկանի հայեցողությամբ ու սուբյեկտիվ կարծիքով դա կարող է համարվել խոչընդոտ ընթացող մեքենայի համար: Իսկ ինչ վերաբերում է պատուհանից նետվող առարկաներին, ապա ինչու միայն վարորդն է տուգանվում իր նետած առարկայի համար, բնականաբար վարորդը չի կարող նաև հետևել ուղևորներին, որպեսզի նրանք ոչինչ չնետեն, բայց վարորդի նկատմամբ, եկեք համաձայնեք, սա կողմնակալ վերաբերմունք է:
«Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը»: Եթե կարող եք ապացուցեք, որ վարորդը նման խախտում է արել: Կարծեմ թե տեսախցիկները, ոչ խաչմերուկներում տեղադրվածները, ոչ էլ ոստիկանության մեքենաների մեջ, ձայնը չեն տեսագրում, միգուցե ձայնագրում են, բայց ձայնագրությունով էլ չի երևում, թե կոնկրետ որ մեքենայի ձայնային ազդանշանն է:
«Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգառնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, և եթե կայանել ու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ»:
Փաստորեն ստացվում է ում գլխին ուզեն կսարքեն: Ենթադրենք վարորդը գնում է աջակողմյան շարքով, որտեղ կայանումը արգելված չէ՝ այսինքն թույլատրելի է: Թարսի պես այդ օրը աջակողմյան շարքում այլ մեքենաներ չկան կայանած, հետևից գալիս է չկամեցող վարորդ, օրենքը թույլ է տալիս այդ շարքով գնալ, ու անհրաժեշտություն է առաջանում առջևի վարորդին մեքենան կայանել, ստացվում է խախտում կատարեց այս հոդվածով:
Բազմաթիվ օրինակներ կան, որոնք վկայում են, որ օրենքը ավելի շատ նախատեսված է տույժ ու տուգանքներով բյուջեն լցնելու, քան ճանապարհային երթևեկությունն իրոք անվտանգ դարձնելու համար: Ի վերջո գոնե մի քիչ օրինակ վերցնենք ու, ի հակադրում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, նախանձենք հարևան Վրաստանի ճանապարհային ոստիկաններին: Ի վերջո, քաղաքակիրթ երկրներում պատժիչ միջոցներ կիրառելիս հաշվի են առնում ոչ այնքան արարքի, հանցանքի կամ զանցանքի մեծությունը, որքան դրդապատճառները՝ մոտիվը: Չէ որ ոչ բոլոր վարորդներն են միտումնավոր կամ չիմացության պատճառով խախտում կանոնները, դրանք կարող են լինել պատահականության արդյունք և պարտադիր չէ տուգանքով տվյալ վարորդին կարգի հրավիրել, բավ է մեկ զգուշացումը: Իսկ մեր ճանապարհային ոստիկաններին լայն հնարավորություններ է տված սեփական հայեցողությամբ կատարված տրանսպորտային իրադարձությունը համարել խախտում:
Արսեն Բարսեղյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել