HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի տեքստը, որն արդեն իսկ հաստատել է ԵՄ խորհուրդը։ Փաստաթուղթը բաղկացած է 692 էջից, որտեղ թվարկված են պատժամիջոցների ցանկում հայտնված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անունները։

Այսպես, Եվրամիության պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսական խորհրդարանական բոլոր կուսակցությունները. «Միասնական Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, «Նոր մարդիկ», «Արդար Ռուսաստան-Հայրենասերներ-Հանուն ճշմարտության» կուսակցությունը և ՌԴ կոմունիստական կուսակցությունը։

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև Ռոսկոմնադզորի նկատմամբ՝ դա բացատրելով նրանով, որ ռուսական գերատեսչությունը «անկախ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրել է գրաքննության պետական քաղաքականություն<...>, հանդես եկել պատերազմամետ քարոզչությամբ և իրականացնում է ռազմական գրաքննություն, որպեսզի ստիպի լռել պատերազմի դեմ հանդես եկողներին»։

Պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական անձանց թվում հայտնվել են ռուսական 7 վարչական միավորների նահանգապետերը, դաշնային կառավարության նախարարները, Պետդումայի պատգամավորները և հասարակական գործիչներ, որոնց թվում են հաղորդավարներ Մարինա Կիմը և Բորիս Կոչևնիկովը, երգիչ Գրիգորի Լեփսը, բլոգեր Դմիտրի Պուչկովը («Գոբլին») և կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ զինված ուժերի հրամանատարության նկատմամբ (բանակի, նավատորմի, ավիացիայի և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության)։

Ինչպես ավելի վաղ նշվում էր ԵՄ մամլո հաղորդագրության մեջ, պատժամիջոցների իններորդ փաթեթով արգելվել է ԵՄ քաղաքացիներին ղեկավար պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական կամ այդ երկրի կողմից վերահսկվող  ընկերություններում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում կընդլայնվի Ռուսաստան ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կապված են ավիացիայի հետ։ 

«Պուտինը ձմեռը հիմա օգտագործում է զենքի փոխարեն՝ միլիոնավոր ուկրաինացիների գիտակցաբար զրկելով ջրից, էլեկտրականությունից և ջեռուցումից։ Եվրոպական միությունը պատասխանում է այդ վերջին էսկալացիային և ռազմական հանցագործությանը՝ կոշտ պատժամիջոցների մեր իններորդ փաթեթով։ Մենք շարունակում ենք պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց և տնտեսության դեմ, որոնք նպաստում են դաժան պատերազմին»,- ասվում էր ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Իլյուստրացիան՝ REUTERS/Dado Ruvic/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter