HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտակ Շաբոյանը թերթերին խորհուրդ է տալիս փոխել աղբյուրները

«Հետքի» հարցերին պատասխանում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը

Պարոն Շաբոյան, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ խիստ նկատողություն է արել` ցանկացած որոշում հրապարակելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությունը ստանալու համար: Արդյոք այդքան կախվա՞ծ եք գործադիր մարմնի ղեկավարից:

Նախ, մեր հանձնաժողովն անկախ հանձնաժողով է եւ իր որոշումները կայացնում է ինքնուրույն, քանի որ կոլեգիալ մարմին է հանդիսանում: Ընդ որում` ես ճիշտ է, ղեկավարում, առաջնորդում եմ հանձնաժողովը, բայց  Դուք գիտեք, որ կառուցվածքն այնպիսին է, որ հանձնաժողովի 7 անդամների քվեարկության արդյունքում է որոշումներն ընդունվում: Նշեմ, որ հանձնաժողովի 7 անդամներն էլ նշանակվում են հանրապետության ղեկավարի կողմից:

Ինչ վերաբերում է մամուլի լուրերին, ես չգիտեմ, թե այդ լուրերն ինչի հիման վրա են տարածում, ինչ աղբյուրների հիման վրա են: Խորհուրդ եմ տալիս նման լուրեր գրող թերթին փոխել այդ աղբյուրները, քանի որ դրանք ճիշտ աղբյուրներ չեն եւ թերթին սխալ տեղեկություններ են տալիս, ապակողմնորոշում են:

Նշեցիք, որ հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը, արդյոք հենց այդ փաստը նրանց չի կաշկանդու՞մ անկողմնակալ որոշումներ կայացնելու համար:

Այո, հանրապետության նախագահն է նշանակում, բայց հանձնաժողովի անդամները նշանակվում են որոշակի ժամանակով` 5 տարով: Գիտեք, որ մենք էլ ակտիվ ենք եղել, նաեւ երկրի ղեկավարության կողմից մեր աշխատանքը բարձր է գնահատվել: Հանձնաժողովի դերակատարումը եւ ակտիվությունը, թե նախագահի, թե վարչապետի կողմից բարձր է գնահատվել եւ բարձր է գնահատվում, կարեւորվում է: Մենք էլ փորձելու ենք մեր նկատմամբ վստահությունը բարձրացնենք եւ ավելի ակտիվ աշխատենք:

Իսկ տնտեսվարողներից միջնորդություններ ստանու՞մ եք, երբ նրանց գործերով վարույթ է հարուցվում:

Հիմա, որ շատ անկեղծ լինեմ, կհավատա՞ք իմ անկեղծությանը: Ես ուզում եմ շատ անկեղծ լինել: Բնականաբար միջնորդություններ լինում են, բայց նախկինում ավելի շատ էին լինում այդ միջնորդությունները, քան հիմա: Ինչ առումով եմ ուզում անկեղծանալ, որ ես շատ սկզբունքային եմ իմ բնավորությամբ, որովհետեւ մրցակցության հանձնաժողովը շատ կարեւոր է, եւ եթե դու միջնորդություններ ընդունես, երկակի ստանդարտներ կիրառես, բնականաբար սրանով դու ոչ միայն մրցակցությունը չես բարելավի, այլ ընդհակառակը` ավելի կվատացնես վիճակը:

Հանձնաժողովի նպատակը մրցակցության բարելավումն է, հետեւաբար անթույլատրելի է մեր հանձնաժողովի կողմից երկակի ստանդարտների կիրառումը: Ես բացառում եմ բոլոր տեսակի միջնորդությունները եւ երկակի ստանդարտները:

Եթե այդքան անկեղծ եք, կասե՞ք, թե ինչպիսի միջնորդություններ եք ստանում:

Միջնորդությունները հետեւյալ բնույթի են, որ ավելի մեղմ պատասխանատվության ենթարկվեն եւ քիչ հրապարակային լինեն որոշումները: Հրապարակայնությունը շատ է վախացնում մարդկանց, ընդ որում՝ ավելի շատ, քան տուգանքները: Միջնորդություններն ավելի շատ դրա հետ են կապված, որ նույնիսկ եթե իրենք համակերպվել են այն մտքին, որ հանձնաժողովը վարույթ է հարուցելու եւ պատժելու է, սակայն խնդրում են քիչ հրապարակային լինի գործընթացը, որ իմիջի կորուստ քիչ ունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter