HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի». Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտում

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախարարին ուղեկցել են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Խոսելով ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան. «Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերից մեկն այս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների, աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց»:

Նա նշել է, որ այս իրավիճակում երկու սցենար կա: «Առաջինը պայքարելն է: Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, ըստ էության պատերազմը շարունակվում է: Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք: Դու կարող ես օգնության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքդ քո կողմից ամեն ինչ արել ես, ոչ թե ասում ես՝ ես թույլ եմ, փոքր եմ, եկեք ինձ օգնեք,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: -Երկրորդ սցենարը, Ադրբեջանի երազած տարբերակն է՝ այստեղից մեր հեռանալը, ինչն անընդունելի է: Մենք դա երբեք չպետք է թույլ տանք: Պատերազմը շարունակվում է, ու այս իրավիճակում մենք պետք է կարողանաք կազմակերպված դիմակայել: Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ միասին պայքարելու և հաղթելու, որ մեր կյանքը, ապագան կառուցենք անկախ, անվտանգ Արցախում»:

Նա ընդգծել է, որ առաջին անգամ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, բայց միաժամանակ ուրախությամբ է արձանագրել, որ դա բացարձակապես չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին:

Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում վստահեցրել են, որ ամուր կանգնած են իրենց հողին և պատրաստ են ամեն ինչ անել՝ իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու համար:

Մարտակերտի Մշակույթի տանը պետնախարարն ու պատգամավորները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու բնակչության հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված քայլերին ու ելքերին:

 «Միակ ճանապարհը, որ մենք կարող ենք գնալ առաջ, միասին մեկ ուժեղ բռունցք դառնալն է, իրար նկատմամբ վստահությունը, հարգանքը, իրավիճակի լրջության գիտակցումը: Պետք է հասկանաք ու գիտակցենք, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Վստահությունը վերականգնելու համար մենք որդեգրել ենք թափանցիկ գործելաոճ, դրա համար եմ ես ամեն օր անձամբ տեղեկացնում մեր քայլերի մասին, որպեսզի նաև այդպես հաղթահարենք ապատեղեկատվությունը»,-ասել է պետնախարարը:

Հանդիպման մասնակիցներին իրենց սատարումն են հայտնել ուրբաթ օրը պետնախարարի կողմից հնչեցված համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախում ապրում է ժողովուրդ, որը ոչ միայն դիմանում է դժվարություններին ու ադրբեջանական շրջափակմանը, այլև պատրաստ է համախմբված պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter