HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հռոմի պապն Ուկրաինայում հակամարտությունն անվանել է «համաշխարհային պատերազմ»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «համաշխարհային պատերազմ» է և չի ավարտվի առաջիկայում։ Այդպիսի տեսակետ նա հայտնել է իսպանական ABC թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։

«Հիմա Վլադիմիր Զելենսկին երրորդ անգամ ինձ մոտ է ուղարկում իր կրոնական խորհրդականներից մեկին։ Ես կապի մեջ եմ, ընդունում եմ, օգնում եմ։ Ես կարճաժամկետ հեռանկարում չեմ տեսնում հակամարտության վերջը, որովհետև դա համաշխարհային պատերազմ է։ Կան բազմաթիվ ձեռքեր, որոնք խառնում են պատերազմի կաթսան։ Կան բազմաթիվ շահեր»,- հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ռազմական հակամարտությունն առաջանում է, երբ «կայսրությունն սկսում է թուլանալ, երբ կա զենք, որը կարելի է կիրառել, փորձարկել և վաճառել ու երբ խաղաքարտին դրված է շատ բան»։

Հռոմի պապն ընդգծել է, որ Վատիկանն անում է ամեն ինչ, ինչն իր ուժերում է, սակայն հակամարտության կողմերը չեն լսում։ «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սարսափեցնում է»,- ասել է նա։

Նախօրեին Ֆրանցիսկոս պապն ասել էր, որ Սուրբ ծննդյան տոնին կցանկանար «մի փոքր խաղաղություն» նվեր ստանալ՝ հիշեցնելով, որ ռազմական հակամարտությունները ծավալվում են ոչ միայն Ուկրաինայում, այլև Մյանմարում, Եմենում, Սիրիայում։ Դեկտեմբերի 14-ին էլ նա կոչ էր «մի փոքր նվազեցնել սուրբծննդյան ծախսերը» և համեստորեն նշել տոները, որպեսզի «խնայված միջոցներն ուղղվեն ուկրաինական կարիքավոր ժողովրդին»։

Հռոմի պապը մեկ անգամ չէ, որ փորձել է նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Հոկտեմբերին նա դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով «դադարեցնել բռնության ու մահվան այդ պարույրը, այդ թվում հանուն սեփական ժողովրդի», իսկ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն կոչ արել «բաց լինել խաղաղության վերաբերյալ լուրջ առաջարկներին»։ Նոյեմբերի 27-ին էլ Վատիկանը հաստատել էր իր մոտ հակամարտության կողմերի բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը։

Լուսանկարը՝ EPA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter