
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է առաջնագիծ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հարավային ռազմական շրջան և հրահանգել զորքերի խմբավորմանը։ Այդ մասին հայտարարել է ռուսական ռազմական գերատեսչությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Շոյգուն անցել է ռուսական զորքերի տեղակայման շրջաններով և ստուգել մարտական գործողությունների գոտիներում ռուսական ստորաբաժանումների առաջնային դիրքերը։
«Առաջնագծում Սերգեյ Շոյգուն շփվել է ռուսաստանցի զինվորականների հետ և անձնակազմին շնորհակալություն հայտնել մարտական խնդիրների օրինակելի կատարման համար»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարին նաև զեկուցել են ընթացիկ իրավիճակը և ռազմագործողությունների ուղղություններում ռուսական զորքերի գործողությունները։ Նշվում է, որ Շոյգուն հատուկ ուշադրություն է դարձրել «զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, դաշտային պայմաններում անձնակազմի տեղակայման պայմանների, ինչպես նաև բժշկական և թիկունքային ստորաբաժանումների աշխատանքի վրա»։
Նախօրեին Կրեմլում հայտարարել էին, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջ ուրբաթ օրն աշխատել է Զորքերի միացյալ շտաբում, որոնք Ուկրաինայում մասնակցում են մարտական գործողություններին։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է գտնվում այդ շտաբը։
Հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ Պուտինի գլխավորությամբ խորհրդակցությանը մասնակցել է բանակի բարձր ղեկավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Ուկրաինայում միացյալ զորախմավորումների հրամանատար Սերգեյ Սուրովկինը։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել