HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

NYT. Ամերիկյան իշխանությունները փորձել են համոզել Կիևին չսպանել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Ամերիկյան իշխանություններն Ուկրաինայի զինված ուժերին խնդրել են չսպանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, երբ նա գաղտնի պլանավորում էր ապրիլի վերջին այցելել ռազմաճակատ։ Այդ մասին նշվում է The New York Times-ի նոր հետաքննության մեջ, որը պատմում է Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմում Ռուսաստանի ձախողումների մասին։

Ամերիկյան հետախուզությունն իմացել է Գերասիմովի նախատեսվող այցի մասին, սակայն այդ տեղեկատվությունը թաքցրել է ուկրաինացիներից՝ վախենալով, որ նրանք հարված կհասցնեն։ «Պաշտոնատար անձանց խոսքով՝ գեներալ Գերասիմովի մահը կարող էր հանգեցնել հակամարտության կտրուկ սրման և չնայած ամերիկացիները ձգտում էին օգնել ուկրաինացիներին, նրանք չէին ուզում հրահրել պատերազմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»,- նշվում է ամերիկյան պարբերականի հրապարակած նյութում։

Ուկրաինայում, ամեն դեպքում, իմանում են գեներալի այցելության պլանների մասին։ Այդ ժամանակ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները խնդրել են ուկրաինացիներին չեղարկել հարձակումը. «Հե՜յ, դա արդեն չափից դուրս է»,- ամերիկացիների արձագանքը մեջբերել է The New York Times-ը։

Ուկրաինացի զինվորականներն ամերիկացիներին հայտնել են, որ հաղորդագրությունը շատ ուշ է ստացվել, և նրանք արդեն սկսել են գեներալի գտնվելու դիրքերի ուղղությամբ հարձակումը։ Պաշտոնական տվյալներով՝ այդ ժամանակ հարվածի հետևանքով զոհվել էին տասնյակ ռուսաստանցիներ, որոնց թվում չի եղել գեներալ Գերասիմովը։ Դրանից հետո ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականները կրճատել են ռազմաճակատ իրենց այցելությունները։

Հետաքննության մեջ լրագրողները նաև պատմել են, որ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ «Ռուսաստանը երբեք չի հանձնվի, ինչքան զինվոր էլ, որ կորցնի մարտի դաշտում»։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամներից մեկը դաշնակիցներին զգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կորցնել մինչև 300 000 ռուսաստանցի զինվորական, ինչը «մոտ երեք անգամ գերազանցում է ներկա պահին ռուսական ենթադրյալ կորուստները»։ Ինչպես նշվում է NYT-ի հետաքննության մեջ, Պուտինին անձամբ ճանաչող անձինք նշում են, որ «նա պատրաստ է կյանքեր զոհել, ինչքան էլ որ պետք լինի»։

Այսպես, մարտին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպման ժամանակ Պուտինը խոստովանել է, որ ուկրաինացիները, պարզվում է, ավելի դիմացկուն են, «քան իրեն ասում էին»։ «Հավանաբար, դա կլինի առավել բարդ, քան մենք մտածում էինք։ Սակայն պատերազմը նրանց տարածքում է, այլ ոչ թե մեր։ Մենք մեծ պետություն ենք և մենք համբերություն ունենք»,- ինչպես պնդում է NYT-ն, այսպես է արձագանքել Պուտինը, որի խոսքերը մեջբերել են երկխոսության հետ ծանոթ երկու աղբյուրներ։

Ինչպես պնդում է պարբերականը, ռուսաստանցի զինվորականներն Ուկրաինայում տեղաշարժվում են 1960-ական թվականների քարտեզներով կամ առանց դրանց, ինչպես նաև «զենքերի վերաբերյալ Վիքիպեդիայից վերցված ցուցումներով, որոնք նրանք նորմալ չեն էլ կարողանում կիրառել»։ Այդպիսի քարտեզներից մեկն ամերիկյան պարբերականը հրապարակել է։

Այսպես, «Ռուսաստանի ծովային հետևակի 155-րդ բրիգադի զինվորականները չեն ունեցել քարտեզ, դեղատուփեր կամ աշխատող ռադիոսարքեր։ Լրագրողների տվյալներով՝ Ուկրաինայում հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ, նրանք եղել են գործարանի բանվորներ և բեռնատարների վարորդներ, իսկ մեկ բուժաշխատող, ավելին, աշխատել է որպես բարմեն և չի ունեցել բժշկական կրթություն։

The New York Times-ի հրապարակմանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Նա հաստատել է Վալերի Գերասիմովի վրա ուկրաինացիների հարձակման ամերիկյան պարբերականի պնդումները։ «Արի սարսափելի գաղտնիք բացենք։ Գերասիմովն Իզյումում էր, և մենք հարվածում էինք Գերասիմովի ուղղությամբ։ Այդպիսի բան եղել է»,- «Фейгин Live» յութուբյան ալիքի եթերում հայտարարել է Արեստովիչը։

Նրա խոսքով՝ Գերասիմովը Խարկովի մարզի Իզյում քաղաքում եղել է ապրիլ-մայիս ամիսներին։ Արեստովիչը պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «գնդակոծել են շտաբը», որտեղ եղել է Գերասիմովը։ «Առանց նրա էլ այնտեղ զոհվել են մեծ թվով ավագ սպաներ։ Բայց նա հասցրել էր հեռանալ ավելի վաղ, մենք չհասցրեցինք»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter