
Արցախի դատախազությունը քրեական վարույթներ է նախաձեռնել Լաչինի միջանցքը կեղծ պատրվակով զավթելու վերաբերյալ
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ խափանել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:
Արցախի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ դատախազությունը նախաձեռնել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ
- Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են
- բարձրաձայնվող բնապահպանական խնդիրն ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց
- Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ
- Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին
- Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել