
Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Լաչինի միջանցքի փակման շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է անում լուծել այդ խնդիրը։ Այդ մասին Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա ավանդական ուղերձի ժամանակ։
«Ինձ մտահոգում է Հարավային Կովկասի Լաչինի միջանցքում իրավիճակը։ Ես առավել մտահոգված եմ բնակչության ծանր մարդասիրական իրավիճակով, որը կարող է էլ ավելի վատանալ ձմռանը։ Ես բոլոր մասնակիցներին խնդրում եմ պատրաստակամություն ստանձնել և պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ ի շահ մարդկանց»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Հռոմի պապը նաև կոչ է արել հարթել քաղաքական և սոցիալական ճգնաժամը Պերուում, ինչպես նաև՝ աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։ Վատիկանի ժանդարմերիայի տվյալներով՝ հրապարակում ներկա է եղել 30 000 մարդ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել