HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխային Արցախից չեն կարողանում տեղափոխել Երևան

Առողջապահության նախարարությունը կրկին ահազանգում է. Հանրապետությունում երկու տասնյակից ավելի մարդ գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում։ Ոմանց բուժումը անհրաժեշտ է շարունակել ՀՀ-ում, սակայն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն 8 օր փակ է։ Այսօր առաջին անգամ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, մեկ հիվանդ, հրատապ վիրահատության անհրաժեշտությամբ, տեղափոխվել է Երևան։

62-ամյա տղամարդը սրտային պաթոլոգիայով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով՝ հիվանդը շտապ վիրահատության կարիք ունի։

«Հիվանդին դետեմբերի 12-ին պետք է տեղափոխեին Երևան՝ սրտի բաց վիրահատության։ Քանի որ ճանապարհը փակվեց նա դեղորայքային բուժում էր ստանում և սպասում։ Բայց ճանապարհն առ այսօր չի բացվել, իսկ վիրահատության անհրաժեշտությունը մեծացել է։ Այսօր որոշվեց, և նրան ուղարկեցինք «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոն՝ վիրահատության»,- ասում է Մհեր Մուսայելյանը։

Մենք գործել ենք որպես չեզոք միջնորդ՝ ասում է ԿԽՄԿ արցախյան գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Մենք պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու նման աջակցությունը։ Ավելացնեմ, որ Կոմիտեն չի որոշում, թե որ հիվանդը պետք է տեղափոխվի։ Որոշումը կայացնում են բժիշկները»,- ասում է Էթերի Մուսայելյանը։

Հանրապետական բժշկական կենտրոնում տեղափոխման կարիք ունեցող այլ հիվանդներ չկան։ Փոխարենը, «Արևիկ» մանկական բուժմիավորումում պայքարում են 4 ամսական տղայի կյանքի համար։ Բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանն է մանրամասնում.

«Երեխան ունի «Վիսցերալ լեշմանյոզ» ախտորոշումը։ 4 ամսական է։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ներկայում մեր երևանյան գործընկերների հետ փորձում ենք նրա բուժումը կազմակերպել մաքսիմալ լիարժեք»։

Երեխայի ծնողները չկարողացան խոսել։ Շատ ծանր շրջան է նրանց համար։

«Այս ախտորոշմամբ երեխաները մշտապես բուժում են ստացել Երևանում, քանի որ նրանց անհրաժեշտ է յուրահատուկ ուշադրություն»,- ասում է Կարեն Մելքումյանը։

Բժիշկներն այսօր Երեւանի իրենց գործընկերների հետ կապը պահում են առցանց:

«Բուժումը կազմակերպում ենք այստեղ։ Դեղորայքը մենք ունենք։ Բայց իրենց բուժումը, այսպես ասած, հիվանդության բնութագրից կախված, շատ սպեցիֆիկ է։ Քանի որ այժմ չունենք հնարավորություն տեղափոխելու, ստիպված բուժումը կազմակերպում ենք Ստեփանակերտում»,- ասում է Կարեն Մելքումյանը։

«Արևիկ» բուժմիավորումում ևս 10 երեխա վերակենդանացման բաժանմունքում է։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:

Ճանապարհի փակումից հետո բժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային  վիրահատությունները։ Դրանք իրականացվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

 

Վիկտորյա Սարգսյան, Անի Աբաղյան

Արցախի հանրային ռադիոյի թղթակիցներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter