
Աքորիի դպրոցի արհմիության տեղկոմը վրդովված է
Լոռու մարզպետարանը Աքորի գյուղի դպրոցի տնօրենի ընտրության գործում կրկին հայտնվում է փակուղու առաջ: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու օրենքով սահմանված ժամանակ, ցույցը խախտելով, անցած 4 ամիսների ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից վերակազմավորվել է Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի կազմը: Դրա համար հիմք է հանդիսացել խորհրդի 8 անդամներից 6-ի հրաժարականի դիմումները:
Աքորիում որևէ մեկը տեղյակ չէ, թե խորհրդի այլևս նախկին անդամները պարտադրանքո՞վ, թե՞ կամովին են ներկայացրել հրաժարականի իրենց դիմումները: Միայն հունիսի 1-ին տեղի ունեցած վերակազմավորված կառավարման խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում աքորեցիներին հայտնի է դարձել, որ Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանի, գյուղապետի տեղակալ Անուշ Սիմոնյանի, Գայանե Սիմոնյանի, Սմբատ Կիրակոսյանի, ուսուցիչներ Անահիտ Թաթոյանի և Սեդա Թոմոյանի հրաժարականի դիմումներից հետո, կառավարման խորհրդի անդամներ են դարձել Ալավերդու N 9՝ Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գորգինյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի 1-ին կարգի մասնագետ Կարինե Մելիքսեթյանը, Աքորիի գյուղապետարանի ներկայացուցիչ ՆելլիԹամազյանը, Աքորիի միջնակարգ դպրողի ուսուցիչներ Արարատ Դալլաքյանն ու Լիանա Նիազյանը, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ , վանաձորցի Խորեն Փնջոյանը:
Կառավարման խորհրդի նախկին անդամներից խորհրդի կազմում մնացել են դպրոցի ծնողական խորհրդի երկու ներկայացուցիչներ՝ Վեներա Նիազյանը և գյուղապետ ԿամոՍիմոնյանի կինը՝ Գրետա Մկրտչյանը:
Նիստի սկզբում Գրետա Մկրտչյանի խորհրդի անդամության հետ կապված անհամաձայնություններ են առաջացել կառավարման խորհրդի անդամների միջև: Ուսուցչուհի Լիանա Նիազյանը «Հետքին» հայտնեց, որ խորհրդի անդամներին տեղեկացրել է դպրոցի ծնողական խորհրդի մայիսի 30-ի որոշման մասին: Դպրոցի կանոնադրության համաձայն` կառավարման խորհրդի երկու անդամները ընտրվում են ծնողական խորհրդի կողմից: Դպրոցի ծնողական խորհուրդը ձևավորվում է դասարանական ծնողական խորհուրդների նախագահներից:
«Գրետա Մկրտչյանը 2010թ.-ին կառավարման խորհրդի անդամ ընտրվելիս իր երեխանների դասարաններից որևէ մեկի ծնողական խորհրդի նախագահ չի եղել և չէր կարող լինել դպրոցի ծնողական խորհրդի անդամ: Ծնողական խորհուրդը մայիսի 30-ին գտել է , որ Գ. Մկրտչյանը անօրինական է դարձել կառավարման խորհրդի անդամ և որոշել է նրան հետ կանչել խորհրդից: Որոշումը նույն օրը հանձնվել է Լոռու մարզպետարանին»,- ասում է Լիանա Նիազյանը:
Ըստ վերջինիս` խորհրդի 3 անդամներ առաջարկել են մինչև ծնողական խորհրդի որոշման պատասխանը մարզպետարանից ստանալը, 10 օր հետաձգել կառավարման խորհրդի նիստը:
Խորհրդի մյուս 5 անդամները չեն ընդունել առաջարկությունը, որից հետո խորհրդի անդամներ Լիանա Նիազյանը, Արարատ Դալլաքյանը և Վեներա Նիազյանը լքել են խորհրդի նիստը և չեն մասնակցել խորհրդի նախագահի ընտրությանը: Կառավարման խորհրդի մյուս 5 անդամները նրանց բացակայությամբ շարունակել են նիստը և միաձայն դպրոցի խորհրդի նախագահ են ընտրել գյուղապետարանի ներկայացուցիչ Նելլի Թամազյանին:
Աքորեցիները գտնում են, որ խորհրդի 5 անդամներից 3-ը իրենց համագյուղացիներ չեն և չեն պատկերացնում, որ Նելլի Թամազյանի խորհրդի նախագահ լինելու դեպքում խախտվելու է կառավարման խորհրդի գործունեության անկողմնակալությունը, քանի որ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացները Նելլի Թամազյանի միջոցով կրկին ուղղորդվելու է գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից:
Խորհրդի նախագահի ընտրությանը Նելլի Թամազյանի օգտին է քվեարկել նաև գյուղապետի կինը՝ Գրետա Մկրտչյանը: Կառավարման խորհրդի 5 անդամների կողմից խորհրդի նախագահ ընտրելու փաստը առաջացրել է նաևԱքորիի դպրոցի արհմիության տեղկոմի վրդովմունքը: Հունիսի 3-ի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանը հեռախոսով «Հետքին» հայտնեց, որ, թեև նախապատրաստվում է անցնել կենսաթոշակի, սակայն իրավասու է հայտնելու, որ դպրոցի արհմիության տեղկոմը վրդովված է կառավարման խորհրդի 5 անդամներով նիստ հրավիրելու և խորհրդի նախագահ ընտրելու փաստի առթիվ:
Շուրա Սիմոնյանըհավաստեց, որ տեղկոմը սատարելու է դպրոցի մանկավարժական կոլեկտիվին և թույլ չի տալու անցկացնել դպրոցի տնօրենի նոր անօրինական ընտրություն:
Մեկնաբանություններ (47)
Մեկնաբանել