HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմեն Գրիգորյան. «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է»

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկվել է 8 հարց:

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ արդեն 9-րդ օրն է՝ Արցախը բլոկադայի մեջ է:  Քանի որ, ըստ պատգամավորի, «ներքին խողովակներով» Արցախի հետ շփվելու փորձը կա, ապա նախագծի զեկուցող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պահանջներ ունի Ադրբեջանը:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը «բնապահպանների» ակցիայի անվան տակ փակել է էթնիկ զտումներ իրականացնելու համար: Ըստ Գրիգորյանի՝ քայլեր են ձեռնարկվում միջանցքը բացելու համար:

Ագնեսա Խամոյանն ասաց, որ չկա որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը հրաժարվել է Ազգային անվտանգության երաշխավորը լինելուց, թեև իշխանությունը փաստացի հրաժարվել է: Այս պարագայում ինչ է անում Հայաստանը:

Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մեկնաբանությունը պատգամավորինն է, Հայաստանը շարունակում է Արցախի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները կատարել:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է:

Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանից պահանջեց հստակ ասել՝ արդյոք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ ոչ:

Արմեն Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց: Ըստ նրա՝ դա ասելով չէ, իշխանությունները գործով ապացուցում են: Գրիգորյանը շեշտեց, որ անցյալ տարի 200 մլրդ դրամ է տրվել Արցախին, որով լուծվել է նաև անվտանգության հարցեր:

Գեղամ Մանուկյանին դուր չեկավ պատասխանը՝ շեշտելով, որ ամեն ինչ կապում են գումարի հետ՝ «հող փողի դիմաց» սկզբունքով:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե Արմեն Գրիգորյանի մայրն ապրելով Արցախում ևս շրջափակման մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter