
«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը: Առաջարկվել են Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն մասնակցի իշխող խմբակցության առաջադրած թեկնածուների քվեարկությանը: Փաստացի, Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը քննարկեց առանց ընդդիմության:
Թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Թեկնածու Արման Թովմասյանը խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին՝ շեշտելով, որ երբեմն պետական մարմիններն, անհարկի բողոքարկելով դատական ակտերը, լրացուցիչ ծանրաբեռնում են վարչական դատարանը: Բացի այդ, պարտվելով կրում են նաև դատական ծախսերի բեռը:
Թեկնածուին հարց ուղղեց միայն «Քաղաքացիական պայանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք հնարավոր չէ ծանուցումներն ապահովել բացառապես էլեկտրոնային եղանակով:
Արման Թորոսյանը նշեց, որ ծանուցման այսօրվա գործող կարգավորումներով ամբողջովին կարողանում են ապահովել պատշաճ ծանուցումները: Նրա խոսքերով, եթե ամբողջությամբ անցում կատարվի էլեկտրոնային ծանուցմանը, ապա դժվարություններ կառաջանան, օրինակ՝ մարզաբնակների դեպքում:
Վահագն Թորոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատիվ է հանդես գալ օրենսդիր մարմնում և ներկայացնել իր մոտեցումները:
Թեկնածուն կարևորեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Նշեց, որ պալատը մեծ անելիք ունի արդարադատություն իրականացնելու միասնական դատական պրակտիկայի ձևավորման հարցում:
Նշեց, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Մասնավորապես, գործերի քննության ձգձգումները, որը և՛ գործերի թվի հետ է կապված, և՛ անհարկի բողոքարկումների հետևանք է: Դատավորի թեկնածուն ասաց, որ ոչ մի կերպ արդարացված չէ վարչական մարմինների բողոքարկումներն այն դեպքում, երբ հստակ գիտեն դատական պրակտիկան ինչպես է ձևավորվել, հետևաբար պարտվելու են:
«Խիղճը հանդիսանում է մարդու ամենաթանկ զարդը»,- ասաց Վահագն Թորոսյանը՝ հավելելով, որ իր գործունեության ընթացքում իր խղճին դեմ չի գնացել, ինչը կարևոր հանգամանք է դատավոր աշխատելու համար:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ վարչական մարմինների կողմից «տրադիցիոն» բողոքարկումները ծանրաբեռնում են դատարանին: Հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ հետազոտություն ներկայացնել, թե ինչպիսին է դատական պրակտիկան, որ եթե 80% դեպքերում դատարանը չի բավարարում, այլևս չբողոքարկեն:
Վահագն Թորոսյանը նշեց, որ հաճախ բողոքները «քոփի» են անում: Առաջին ատյանի դատարանում վարչական մարմնի պատասխանը վերադաս ատյանում ներկայացվում է որպես բողոք: Թեկնածուն նշեց, որ երբեմն բողոքները ներկայացվում են զուտ ինչ-որ բան ապացուցելու համար, գուցե՝ վերադասին:
Թորոսյանն ասաց, որ այստեղ քննարկվում է երևույթը, որ վարչական մարմնի համար օրենսդրական պարտադիր պահանջ դառնա՝ հաշվի առնել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները: Դրանով կբարձրանա մատուցվող արդարադատության որակը, ինչից շահելու են բոլորը:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գոհունակություն հայտնեց, որ թեկնածուն ներկայացրեց իր տեսակետը, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Ապա հետաքրքրվեց հաշտարարության ինստիտուտի մասին:
Վահագն Թորոսյանի կարծիքով անհրաժեշտ է, որ ընտանեկան վեճերով զույգերն անցնեն հաշտարարության փուլը, քանի որ այստեղ գործ ունենք ընտանիքի, երեխաների հետ:
Արգիշտի Ղազարյանն իր ելույթում ասաց, որ «ծավալուն ելույթի միտում չունի», համաձայն է գործընկերների դիրքորոշումների հետ:
Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, արդյոք թեկնածուի համար անհարմարություն է ԱԺ-ի առջև ներկայացնելու իր մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար: Պատգամավորը մատնացույց արեց, որ ընդդիմադիրներին կարծես թե չի հետաքրքրում հարցը և ստացվում է, որ միայն իշխող խմբակցության կողմից է թեկնածուն ընտրվում:
Արգիշտի Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից ընտրվելը, անկախության սեգմենտ պարունակում է: Ըստ նրա՝ դժվար է կառուցել խոսքը, գտնել մեխանիզմ պատգամավորի, քաղաքական ուժի բարեհաճությունը կորզելու համար: Սակայն, նշեց, որ կաշկանդված չէ ելույթ ունենալու համար:
«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք, մեխանիզմը տանում է դրան»,- ասաց Ա. Ղազարյանը:
Թեկնածուն ակնհայտ դժգոհ էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը: Նա իր ելույթից հետո դուրս եկավ դահլիճից, ինչն անհարգալից վերաբերմունք դիտարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինս նշեց, որ թեկնածուն դեռ պետք է եզրափակիչ ելույթ ունենար ԱԺ ամբիոնից:
Կոնջորյանը նշեց, որ եթե ընդդիմադիրները ցանկանում էին՝ թեկնածուներն առաջադրված չլինեին մեկ խմբակցության կողմից, ապա թող մնային դահլիճում և լիներ երկու խմբակցության կողմից առաջադրում:
Հայկ Կոնջորյանը համամիտ չէր, որ ԱԺ-ն չպետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորին: Նշեց, որ միայն նեղ մասնագիտական տեսանկյունից չպետք է նայել հարցին: ԱԺ ամբիոնը դատավոր-քաղաքացի երկխոսության լավ հնարավորություն է:
«Մենք նույնիսկ սնդիկի մասին օրենք ենք ընդունել»,- հայտարարեց իշխող խմբակցության ղեկավարը:
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ անհարգալից վերաբերմունքի հարց չկա: Ստիպված է ասել, որ Արգիշտի Ղազարյանը վատառողջ է, այդ պատճառով է շուտ դուրս եկել դահլիճից:
Մեկնաբանել