
Անդրանիկ Քոչարյանին դուր է եկել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի «տղամարդկության տեսակը»
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Թեկնածուները երեքն են՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանը, Ռուբիկ Մխիթարյանը և նախկին քննիչ, դատախազ Դավիթ Վեքիլյանը:
Թեկնածուներին ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Վերջինս նշեց, որ թեկնածուներից Լուսինե Աբգարյանը ներկա չէ հարցի քննությանը: Թեկնածուն խնդրել է փոխանցել, որ նույն դատավորի թափուր տեղի համար ավելի վաղ հանդիպումներ է ունեցել պատգամավորների հետ: Գտնում է, որ ինքն իր ասելիքն արդեն ասել է և խնդրել է հարցը քննարկել առանց իր ներկայության:
Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը ևս հայտարարեց, որ մի քանի ամիս առաջ իր տեսակետը ներկայացրել է, հետևաբար պատգամավորների ժամանակը «շատ չի վատնի»:
Մխիթարյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործում առանցքային նշանակություն ունի Վճռաբեկ դատարանի հակակոռուցիոն պալատի ստեղծումը՝ բարեվարք և կոռուպցիայից զերծ դատավորներով:
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն նշեց, որ իր փորձով, մարդկային որակներով կարող է նպաստել դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, նորաստեղծ պալատում ունենալ ներդրում:
Թեկնածուին հարց ուղղեց միայն Հերիքնազ Տիգանյանը: Նա ուրախ էր, որ Մխիթարյանը թեկնածու է: Պատգամավորն ասաց, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պարտադիր պահանջների մեջ բացակայում է դատավորի փորձառությունը:
Մխիթարյանը նշեց, որ կարող են բացառություններ լինել, բայց իր կարծիքով դատավորի փորձառությունը անհրաժեշտ է:
Թեկնածուներից Դավիթ Վեքիլյանը, ով չունի դատավորի փորձառություն, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով հայտնեց, որ պատգամավորին չի ծանրաբեռնի թվային տվյալներով:
Նշեց, որ 26 տարվա աշխատանքային փորձառությունը թույլ է տվել առնչություն ունենալ շատ երևույթների հետ: Մերժելի է համարում ծուլությունը, ձևականությունը, պատասխանատվությունից խուսափելու աշխատելաոճը:
Թեկնածուն գնահատեց օրենսդիր և գործադիր մարմինների ձեռնարկած քայլերը՝ դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու ուղղությամբ: Սակայն, նշեց, որ միայն դատավորների թվի ավելացումով հարցը չի լուծվի:
Վեքիլյանը նշեց, որ ընտրվելու դեպքում կատարելագործելու է իր հնարավորությունները:
Վեքիլյանը դատախազությունից դուրս է եկել ոչ թե սեփական դիմումի համաձայն, այլ 2021թ. սկսած երեք անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Վերջինը եղել է 2022թ. մայիսի 23-ին: Կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ:
Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց, որ հաճելի էր լսել թեկնածուին: Նա իր ելույթում էլ գովեց թեկնածուին:
Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը թեկնածու Դավիթ Վեքիլյանին դիմում էր անունով՝ «Դավիթ ջան» և «դու»-ով: Նա շնորհակալություն հայտնեց Վեքիլյանին իր տեսակի համար և հայտնեց, որ կրիտիկական պահերին իր «տղամարդկության տեսակը» պահել է: Քոչարյանը վկայակոչում էր «Մարտի 1»-ի գործը՝ ակնարկելով, որ դատավորի թեկնածուն դերակատարում է ունեցել այդ գործի քննության ժամանակ:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում Վճռաբեկ դատավորների ընտրության հարցի քննարկմանը: Իսկ իշխանական պատգամավորները հերթով գովաբանում էին Դավիթ Վեքիլյանին՝ ակնհայտ ցույց տալով, որ նրան են ընտրելու:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում նախ շնորհավորեց Արգենտինայի ժողովրդին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նմանատիպ հաջողություն մաղթելով նաև մեզ:
Հետո նշեց, որ Վեքիլյանն իր ամենամեծ քննադատն է: Իր ամեն ելույթից հետո «բացատրություն» է տալիս Դավիթ Վեքիլյանին, թե ինչու այդպես արտահայտվեց:
Թեև դատավորի ընտրությունը փակ, գաղտնի քվեարկությունով է լինում, Գուրգեն Արսենյանը բացահայտ ասաց, որ իր քվեն տալու է Դավիթ Վեքիլյանին:
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել