HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչ է ուզում Կադաստրի կոմիտեն ներդրողից. 3 տարի է՝ հողի նպատակային նշանակությունը փոխել չի հաջողվում

Արդեն 3 տարի է՝ Հայկ Հայրապետյանին չի հաջողվում փոխել Դիլիջան քաղաքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 3,25 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը, որպեսզի ներդրումային ծրագիր իրականացնի: Նախ համայնքի ղեկավարի որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով ստիպված է եղել դիմել վարչական դատարան, այժմ էլ Կադաստրի կոմիտեի դեմ է հայցադիմում ներկայացրել՝ հողի նպատակային նշանակությունը փոխելու պահանջով: Տևական ժամանակ է՝ Կադաստրի կոմիտեն տարբեր պատճառաբանություններով ձգձգում է գրանցել հողի նպատակային նշանակության փոփոխությունը:

Հայկը դեռևս 2019թ. Դիլիջան համայնքի ղեկավարին է ներկայացրել հողամասը «բնակելի կառուցապատման» փոփոխելու վերաբերյալ դիմում, որպեսզի ներդրումային ծրագիր իրականացնի: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են 8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնել: Այն իրենից ներկայացնում է էկո զբոսաշրջություն և ներառում է տարածքում գիտաժողովների մասնաշենքի կառուցում՝ բաղկացած 4 սրահներից, որոնք նախատեսված են գիտաժողովների և համատեղ աշխատանքի համար՝ մինչև 800 մասնակից միաժամանակ ընդունելու հնարավորությամբ։

Բացի այդ, պլանավորվում է սպորտային մասնաշենք կառուցել՝ բաղկացած փակ լողավազանից, բացօթյա խաղահրապարակից և մարզասրահից։ Ինչպես նաև ունենալ հյուրանոցային մասնաշենք՝ բաղկացած 48 երկտեղանոց համարներից: Նպատակ կա կառուցել նաև 51 առանձնատուն:

Սկզբում առարկություններ են ստացվել «Դիլիջան» ազգային պարկից՝ հողի համադրություն ունենալու պատճառաբանությամբ։ Դրանք վերացվելուց հետո ազգային պարկը շարունակել է առարկություններ ներկայացնել՝ հղվելով իրենց մոտ առկա քարտեզներին։ Կադաստրի կոմիտեից բազմաթիվ հաստատումներ ստանալով, որ հողամասի և պարկի տարածքի հետ համադրություն առկա չէ, վերջինս չի առարկել հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի փոփոխելու վերաբերյալ։

2021թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հողամասի նպատակային նշանակության վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։

Դրանից հետո համայնքի ավագանին որոշել է 3,25 հա հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես բնակավայրերի հող, ըստ գործառնական նշանակության՝ բնակելի կառուցապատման: Նշվել է, որ հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը:

Օրեր անց՝ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Դիլիջան համայնքի ղեկավարի որոշմամբ՝ հողամասին հասցե է տրամադրվել: Բացի այդ, հողամասի սեփականատեր Հայկ Հայրապետյանին պարտավորեցվել է համայնքային բյուջե մուծել փոփոխության արդյունքում կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 218 մլն 377 հազ․ 250 դրամ:

Հայկ Հայրապետյանը դիմել է վարչական դատարան՝ Դիլիջան համայնքի ղեկավարի նշված որոշումը՝ գումարի չափի մասով, անվավեր ճանաչելու պահանջով:

Դատարանը 2022թ. հուլիսի 14-ին հայցն ամբողջությամբ բավարարել է: Հաստատված է համարվել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխման համար ենթակա է վճարման մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը գործող, այսինքն՝ ավելի ցածր կադաստրային արժեքներով հաշվարկված տարբերությունը։

Դիլիջանի համայնքապետարանը չի բողոքարկել և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռի հիման վրա Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից որոշում է ընդունվել, որով ավելի վաղ կայացված որոշման մեջ փոփոխություն է կատարվել. «218,377,250 դրամ» բառերը փոխարինվել են «36,627,500 դրամ» բառերով։ Այսինքն՝ որոշվել է, որ հողամասի նշանակության փոփոխության տարբերությունը կազմում է 36 մլն 627 հազ. 500 դրամ:

Հայկ Հայրապետյանը համայնքային բյուջե ամբողջությամբ վճարել է սահմանված գումարը, որից հետո սեպտեմբերի 28-ին դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության համապատասխան փոփոխություն՝ հողամասի նպատակային նշանակությունը գրանցելով բնակավայրերի, իսկ գործառնականը՝ բնակելի կառուցապատման։

Կադաստրի կոմիտեից պատասխանել են, թե  Դիլիջան համայնքի ղեկավարի որոշման փոփոխությունը հակասում է անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքի պայմաններին՝ կադաստրային արժեքի տարբերության վճարի չափի մասով։ Կոմիտեից չեն հստակեցրել, թե որն է հակասությունը:

Հոկտեմբերի 12-ին Հայկը կրկին դիմել է Կադաստրի կոմիտե՝ ներկայացնելով պահանջվող, ինչպես նաև լրացուցիչ այլ փաստաթղթեր, որից հետո ստացել է պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը: Այս անգամ Կադաստրը որոշել է, որ վարչական դատարանի վճռից հետո անհրաժեշտ է ներկայացնել համայնքի ղեկավարի համապատասխան որոշում՝ հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ:

Դիլիջան համայնքի ղեկավարը Հայկ Հայրապետյանին տվել է տեղեկանք, որով հաստատվել է 36 մլն 627 հազ. 500 դրամ նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացած տարբերության գումարի չափը։ Այդ փաստաթուղթը ևս ներկայացվել է կադաստրի կոմիտե:

Կադաստրի կոմիտեն կրկին կասեցնելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ վճռով պարզ չէ վճարման ենթակա հողամասի կադաստրային արժեքը, ուստի անհրաժեշտ է ներկայացնել համայնք ղեկավարի համապատասխան որոշում՝ հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ և պարզաբանում՝ 218 մլն 377 հազ. 250 դրամի և ավելի ուշ ներկայացված 36 մլն 627 հազ. 500 դրամ հողամասի կադաստրային արժեքի տարբերության վերաբերյալ։

Սա այն դեպքում, երբ վարչական դատարանը հստակ նշել է, որ մոտ 218 մլն դրամի հաշվարկը սխալ է կատարվել, այսինքն՝ շատ է հաշվարկել, իսկ Դիլիջանի համայնքապետը տրամադրել է փաստաթուղթ նոր հաշվարկի՝ մոտ 36 մլն դրամի վերաբերյալ՝ հղում կատարելով վարչական դատարանին: Ստացվում է, որ Կադաստրի կոմիտեում ուղղակի զլանում են կարդալ դատարանի վճիռը և այնտեղ շարադրված փաստերը, և քաղաքացու համար դժվարություն ստեղծելով՝ անհարկի փաստաթղթեր են պահանջում՝ «մոռանալով», որ պահանջած փաստաղթերը վաղուց իրենց մոտ են: Գոնե դատարանի վճռում հստակ նշված է, թե ինչի հիման վրա է վերացվել մոտ 218 մլն դրամի հաշվարկի որոշումը:

Հայկ Հայրապետյանն ասում է, որ որևէ կերպ Կադաստրի կոմիտեի կողմից չի հիմնավորվել, թե որոնք են այն իրավական հիմքերը, որոնց ուժով ինքը կրում է պահանջվող նյութերը ներկայացնելու պարտականությունը։ Մասնավորապես՝ հողամասի կադաստրային արժեքի տարբերության վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու որևէ պարտականություն քաղաքացին չի կրում, քանի որ օրենսդրությամբ սահմանված չէ դրույթ, ըստ որի՝ սեփականատերը պարտավոր է իրավունքների պետական գրանցման նպատակով ներկայացնել վերը նշված նյութերը։

Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Լիպարիտ Սանթրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խառնաշփոթն առաջացել է Կադաստրի կոմիտեից: Վերջինս հստակ չի նշում և չի պարզաբանում, թե ինչ փաստաթղթեր է ցանկանում, որպեսզի հնարավոր լինի տրամադրել:

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 24-ին Դիլիջան համայնքի ղեկավարը չեղյալ է հայտարարել դատարանի վճռի հիման վրա 2021թ. դեկտեմբերի 15-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը: Այլ կերպ ասած մնացել է միայն որոշման այն հատվածը, որով հողամասին հասցե է տրամադրվել:

«Ինչ պահանջվել է, տրամադրել ենք, սակայն ամեն անգամ պարզվում է, որ այլ փաստաթուղթ է անհրաժեշտ»,-ասում է Լիպարիտ Սանթրոսյանը՝ այդպես էլ չիմանալով, թե ի վերջո ինչ է ցանկանում Կադաստրի կոմիտեն:

Լիպարիտ Սանթրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է չեղյալ ճանաչվել համայնքապետի որոշումը: Համայնքային պաշտոնյան նշեց, որ այդ որոշման հիման վրա Կադաստրի կոմիտեն ևս գրանցում չի իրականացրել, հետևաբար նպատակահարմար է համարվել չեղյալ ճանաչել:

Պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք Կադաստրի կոմիտեին: Վերջինիս նախագահի տեղակալ Արևիկ Ավոյանը գրավոր հայտնել է, որ հողամասի նկատմամբ իրավունքները փոխված նպատակային նշանակությամբ կարող են գրանցվել միայն այդ մասին համապատասխան որոշման և հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման անդորրագրի հիման վրա: Նկատի ունենալով, որ արդեն հաստատված է Դիլիջան քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագիծը, ուստի հողամասի նպատակային նշանակության փոփոխման որոշումը պետք է կայացնի Դիլիջան համայնքի ղեկավարը:

Ըստ Կադաստրի կոմիտեի՝ Հայկ Հայրապետյանի կողմից պետական գրանցման համար ներկայացված 3,25 հա հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման անդորրագրի վճարված գումարի չափը (36 627 500 ՀՀ դրամ) համապատասխանում է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով հաշվարկված տարբերությանը: Հետևաբար բարենպաստ վարչական ակտի ընդունման դեպքում 3,25 հա մակերեսով հողամասը, որպես բնակավայրերի հողամաս, գրանցելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև այդ ակտի ընդունման համար հողամասի սեփականատիրոջ կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի ամսաթվի (օր, ամիս, տարի) վերաբերյալ փաստը հաստատող համապատասխան փաստաթուղթ:

Ուշագրավն այն է, որ մեզ տված պատասխանում Կադաստրի կոմիտեն կարծես կասկածի տակ չի դնում 36 մլն դրամի հաշվարկը: Սակայն պարզաբանում է պահանջել քաղաքացուց:

Կադաստրի այս պատասխանից պարզ է դառնում, որ բոլոր մարմինների համար պարտադիր կատարման ենթակա վարչական դատարանի վճիռը Կադաստրի համար այդքան էլ պարտադիր չէ: Մասնավորապես, վարչական դատարանն իր վճռում հաստատված փաստ է համարել, որ Հայրապետյանը Դիլիջան համայնքի ղեկավարին դիմել է 02.10.2019թ., հետևաբար փոփոխության տարբերությունը պետք է հաշվարկի ցածր արժեքով, ինչի պատճառով էլ մասնակի անվավեր է ճանաչվել 218 մլն դրամին վերաբերող համայնքի ղեկավարի որոշումը:

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ վճռով համայնքի ղեկավարի որոշումը մասնակի անվավեր ճանաչելուց հետո «համապատասխան ընթացակարգով տրամադրված, սահմանված կարգով կայացված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին համայնքի ղեկավարի որոշում կադաստրի մարմնին չի ներկայացվել»:

Հայկ Հայրապետյանը կադաստրի գործողությունների մասին գրավոր հայտնել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նշել է, որ Կադաստրի կոմիտեի կողմից փաստացի դրսևորվում է անգործություն, այսինքն՝ ձեռնպահ է մնում կատարելու օրենքով իրեն վերապահված գործառույթը:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Կադաստրի կոմիտեի հետ տարբեր առիթներով առնչվել եմ։ Ուռճացված աշխատակազմով միմյանցից անտեղյակ վարչություններով դեգռադացված հիմնարկ է։ Եթե դիմումդ ճիշտ վարչություն է մակագրվում ուրեմն քիչ թե շատ նորմալ կպատասխանեն, եթե հանկարծ ոչ մի այնպիսի ցնդաբանությամբ են պատասխանում որ ամեն անգամ զարմանում ես։ Ու ամենահետաքրքիրը, Կադաստրի կոմիտեի ԿԱՅՔՈՎ դիմում եմ գրել, պատասխանել են որ "նշված տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտեի աշխատակազմ" (WHAT?!!!): Ապշանքից բացված բերանս փակում եմ, ու մի քանի ժամ զանգերից հետո պարզվում է, որ պետք է դիմել անմիջապես գլխամաս: Իրենց պահանջված ձևով դիմումը ուղարկում եմ ու պատասխանը գալիս է որ անհրաժեշտ է դիմել կայքի միջոցով։ 😂

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter