HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին մեկնում է Միացյալ Նահանգներ. նա կհանդիպի Ջո Բայդենին և Կոնգրեսի անդամներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 21-ին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ: BBC-ն գրում է, որ այս այցի ընթացքում ԱՄՆ-ն պաշտոնապես կհայտարարի Ուկրաինային 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ռազմական օգնության մասին, որը կներառի նաև «Patriot» տեսակի ՀՕՊ համակարգեր։

ԱՄՆ այցը, որի մասին ավելի վաղ որևէ բան չէր հայտարարվել, տեղի կունենա այն օրը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստին կամփոփի ՌԴ զինված ուժերի գործունեությունը և «կդնի հաջորդ տարվա խնդիրները»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ Զելենսկու այցը «կընդգծի Միացյալ Նահանգների անսասան պատրաստակամությունն աջակցելու Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է»։

Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահմանյան այցն է՝ այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր և այն կայանում է Ուկրաինայում պատերազմի 301-րդ օրը։ Փետրվարի 24-ից ի վեր Զելենսկին չէր լքել Ուկրաինան և օտարերկրյա քաղաքական գործիչներին ընդունում էր կա՛մ Կիևում, կա՛մ առցանց հանդես գալիս տարբեր համաժողովների ընթացքում։

«Մեկնում եմ ԱՄՆ, որպեսզի ամրապնդվի Ուկրաինայի կայունությունն ու պաշտպանունակությունը։ Մասնավորապես, Ջո Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և ԱՄՆ-ի համագործակցությունը։ Նաև հանդես կգամ Կոնգրեսում և կանցկացնեմ մի շարք երկկողմ հանդիպումներ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վլադիմիր Զելենսկին։

Վաշինգտոն Վլադիմիր Զելենսկու այցի ժամանակ Ջո Բայդենը կհայտարարի անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցության ամերիկյան նոր փաթեթի մասին։ Ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, դա կօգնի Ուկրաինային, որպեսզի «նա կարողանա պաշտպանել իրեն ռուսական ագրեսիայից»։ Խոսքը մոտ 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության մասին է, որը կներառի նաև «Patriot» տեսակի ՀՕՊ համակարգերը։ Սա ամենահզոր և ամենաժամանակակից հակահրթիռային զենքն է, որը մինչ օրս դաշնակիցները փոխանցել են Ուկրաինային։

Գերմանական Քիլի ինստիտուտի հաշվարկներով՝ ԱՄՆ-ն այս տարի Ուկրաինային տրամադրել է 18,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ինչն ավելին է, քան Ուկրաինայի մյուս դաշնակիցների տված օգնությունն իրար հետ վերցրած։ Հաջորդ տարի ԱՄՆ բյուջեով նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 23,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, իսկ ընդհանուր առմամբ բյուջեի՝ Ուկրաինային հատկացվելիք տողերի ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 40 միլիարդ դոլար։

Վլադիմիր Զելենսկին մշտապես դաշնակիցներին կոչ է անում մեծացնել Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը։ Նրա խոսքով՝ պատերազմն այդ երկրին ամսական արժենում է առնվազն 5 միլիարդ դոլար։ Նախորդ ուրբաթ օրը ռուսական բանակը հոկտեմբերից ի վեր 9-րդ անգամ իրականացրել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակում, ինչի հետևանքով այդ երկրի սպառողների կեսը զրկվել էր հոսանքից։ 

Մասնավորապես, Կիևի ուղղությամբ ռուսաստանցի զինվորականներն արձակել էին 40 հրթիռ, որից 37-ը խոցվել է ՀՕՊ միջոցների կողմից։ BBC-ն գրում է, որ ամերիկյան «Patriot» համալիրի հիմնական առավելություններից մեկն այն է, որ ՀՕՊ այս միջոցը կարող է խոցել ոչ միայն ինքնաթիռներն ու թևավոր հրթիռները, այլև բալիստիկ հրթիռները։ Հենց այս տեսակի հրթիռներն են Ուկրաինայի ՀՕՊ ուժերի համար ստեղծում ամենամեծ թվով խնդիրները։

Իլյուստրացիան՝ FT montage/AFP/Reuters 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter