HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանադրական դատարանում սպասում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը «Հետք»-ին փոխանցեց, որ պաշտոնապես դեռ չի ստացվել Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված:

«Սպասվում է, որ մոտ օրերս կարծիքը կստանանք, կփոխանցենք դատավորներին: Այս պահին պաշտոնապես դեռ չի ստացվել»,- ասաց Ս. Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2022թ. հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում է կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում:

Նշված գործի շրջանակներում ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:

Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter