HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը․ Փաշինյան

Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել՝ բացառությամբ թերևս մի բանի. վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Այս մասին Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու գործողությունները ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը կրկին շեշտեց, որ ըստ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը:

«Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում: Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողություների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, և մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասաց Կառավարության ղեկավարը։

Փաշինյանն ասաց՝ պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, նաև հայաստանյան, Սփյուռքի կազմակերպություններին և անհատներին։

«ՀՀ-ն Ադրեբջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները։ Եվ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Ադրբեջանին են փախանցվել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, սահմանային անվտանգության երաշխավորման մասին Հայաստանի առաջարկները, բայց կրկին մինչ օրս պատասխան չկա։

«Այդ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter