Մեկնարկել են հրշեջ մասերի բարեկարգման աշխատանքները
Հունիսի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Նախարար Երիցյանին զեկուցվեց, որ արդեն մեկնարկել են մարզերի և մայրաքաղաքի հրշեջ մասերի տարածքների բարեկարգման, շենքերի և անձնակազմի հանգստի սենյակների ու ճաշարանների վերանորորգման, դրանք անհրաժեշտ գույքով ու պարագաներով ապահովելու աշխատանքները։ ԱԻ նախարարի հանձնարարականով աջակցություն է ցուցաբերվում նաև Լեռնային Ղարաբաղի հրշեջ մասերի բարեկարգմանը։
Արմեն Երիցյանն ընդգծեց, որ հանձնարարականների կատարման համար հատկացվել է 6 ամիս ժամանակ, որից հետո կամփոփվեն կատարված աշխատանքները և կխրախուսվեն առաջին հնգյակում հայտնված լավագույն հրշեջ մասերը։
Հաջորդ շաբաթվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ բնակչության ուսուցման խնդիրներին նվիրված վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցների համար։
Նախարար Երիցյանը նշեց, որ իր մարզային այցելությունների ընթացքում տեղում ծանոթացել և շատ բարձր է գնահատել ԱԻՆ «Պահուստ» ՊՈԱԿ-ի Իջևանի տեղամասի աշխատանքները։ Ծառայողական պարտականությունների օրինակելի, պարտաճանաչ և բարեխիղճ կատարման համար ԱԻ նախարարը «ՀՀ ԱԻՆ պատվոգրով» պարգևատրեց ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության «Պահուստ» ՊՈԱԿ-ի Իջևանի պահպանման տեղամասի բաժնի պետ Սիլվա Մկրտչյանին։
ԱԻ նախարարին և ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացվեցին Հարավային Կորեայի ԱԻ կառավարման ազգային գործակալություն և Ճգնաժամային կառավարման կենտրոն ԱԻՆ պատվիրակության կատարած այցի արդյունքները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել