HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գառնիի նախկին համայնքապետն ու որդին «անցնում» են ապօրինի ծագում ունեցող գույքի գործով

Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Նախկին համայնքապետի որդու անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Աշոտ Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: 

Աշոտ Վարդանյանն ու որդին դեկտեմբերի 28-ին հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:

«Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է Աշոտ Վարդանյանի գործունեությանը՝ վեր հանել չարաշահումները:

Գառնիի նախկին համայնքապետը հայտնի է իր «քրեական անցյալով»: Մասնավոարապես, Աշոտ Վարդանյանի և վերջինիս կնոջ՝ Արզուքան Ստեփանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Մի քանի քրեական գործերով էլ արդեն կայացվել են դատավճիռներ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ Աշոտ Վարդանյանը, 2006թ. մարտի 31-ից մինչև 2016 թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր լիազորությունները:  Շահադիտական, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրական եզրակացության՝ կինն օժանդակել է ամուսնուն:

Ինչպես պարզվում է, նշվածը Աշոտ Վարդանյանին առաջադրված միակ քրեական գործը չի եղել: Կառավարության որոշումների ուժով Ռ. Բաբայանին բնակարան նվիրաբերելու փոխարեն նվիրատվության պայմանագրով Գառնի համայնքում գտնվող բնակարանը Աշոտ Վարդանյանը վաճառել է Ա. Հովհաննիսյանին: 2019թ-ին քրեական հետապնդումը դադարեցվել և գործով վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2009թ․-ին մեկ այլ քրեական գործ է քննվել: Այս անգամ Աշոտ Վարդանյանը մեղադրվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական անփութության մեջ: Նա մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել և ազատվել պատժի կրումից: 

Ուշագրավ է, որ 2009թ. Վարդանյանը մեկ այլ գործով ևս մեղադրվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2007թ. մայիս ամսին Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակչին թույլատրել է ապօրինի կարգով գյուղի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքում պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող «Սուրբ Սարգիս» մատուռի հարևանությամբ կատարել շինարարություն՝ «Սուրբ Սարգիս» անվամբ եկեղեցի կառուցելու համար: Կառուցվել է 4մ բարձրությամբ անավարտ շինություն, որով էական վնաս է պատառվել պետությանը և Գառնիի համայնքի շահերին:

Վարդանյանը մեղավոր է ճանաչվել և նշանակվել է 250 հազար դրամ տուգանք, սակայն այս անգամ ևս համաներում է կիրառվել և ազատվել պատժի կրումից:

Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. վճռով Աշոտ Վարդանյանը սնանկ է ճանաչվել: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի և Աշոտ Վարդանյանի միջև 2011թ. նոյեմբերին կնքվել է գյուղատնտեսական վարկի պայմանագիր: Վարդանյանին տրամադրվել է 25.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ տարեկան 17 տոկոս տոկոսադրույքով: Սակայն Աշոտ Վարդանյանը վարկն ամբողջությամբ չի մարել, բանկն էլ դիմել էր դատարան՝ սնանկ ճանաչելու պահանջով:

Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը տեղեկություններ չի տրամադրում բռնագանձման ենթակա գույքի ցանկի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձանց ներկայացրած ապացույցների, դիրքորոշումների հիման վրա ցանկում կարող է փոփոխություն լինել:

Լուսանկարը՝ tert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter