HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կադրային ճահիճ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցեց իր օգտին, Ստալինի այն համոզմունքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, կիսում է մի կարևոր վերապահումով. կադրերը որոշում են ոչ թե ամեն ինչ, այլ միայն իշխանական համակարգի, նոմենկլատուրայի կենսունակությունը:

Կադրային այն քաղաքականությունը, որը նախագահ Սերժ Սարգսյանը վարում է կայացած ընտրություններից հետո, նման է կարծրատիպերով առաջնորդվող այն պահպանողական մարզչի գործողություններին, ով ոչ միայն ընդմիջումից հետո խաղադաշտ է մտցնում առաջին խաղակեսը տապալած հոգնած ու հուսալքված թիմի ողջ կազմը, այլև համառորեն հրաժարվում է դիմելու տակտիկական նորամուծությունների և խաղացողների փոխարինման: Ասել, թե դժվար է նման մարզչի գործողություններում տրամաբանություն փնտրել, նշանակում է չասել ոչինչ:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակից էր պարզ, որ օրենսդիր մարմնի դեմքը փոխել նախագահը չի պատրաստվում: Չնայած թիմում մի քանի թարմ դեմքեր ներառելուն՝ քաղաքական մեծամասնությունը շարունակում է մնալ կոճակ սեղմողների մեծամասնություն: Սա նշանակում է, որ խաղի կանոնները ևս չեն փոխվելու, և մեծամասնության արդյունավետության հիմնական գրավականը շարունակելու է մնալ օրենքներ ու որոշումներ դակելու հմտությունն ու կարողությունը: Իսկ այդ նոր դեմքերի, քիչ թե շատ քաղաքականացված շրջանակների հիմնական խնդիրը լինելու է կոճակ սեղմելու մեխանիկական գործողությունը, կառավարության սպասարկուի դեր կատարելը ավելի լավ ու համոզիչ հիմնավորելը:

Թե ԱԺ-ում քաղաքական ուժերի հարաբերակցությունը, թե Հանրապետական խմբակցության մեծամասնության որակը ոչ մի կերպ ուղղված չեն օրենսդիր մարմնի` զրոյական հեղինակության բարձրացմանը և որպես իշխանության թևի, գոնե հարաբերական անկախության վերականգնմանը: ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրեց ու ընտրել տվեց Հովիկ Աբրահամյանին, ով մեկ անգամ արդեն խորհրդարանի հեղինակության բարձրացման առաքելությամբ եղել էր այդ պաշտոնին և այնտեղից գործուղվել` ղեկավարելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Նա ԱԺ վերջին նախագահ Սամվել Նիկոյանից տարբերվում էր միայն նրանով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած անձնական որոշակի խնդիրները փորձում էր օգտագործել կառավարության նկատմամբ չափավոր պահանջկոտության ու քննադատության համար: Եթե նիկոյանական խորհրդարանը լիարժեք էր կառավարության կամակատարը, ապա աբրահամյանական խորհրդարանը` գոնե նման հարաբերություններին դիմադրելու ձև է անում:

Սակայն Հովիկ Աբրահամյանի հիմնական խնդիրն այսօր ոչ թե դա է, այլ «կառուցողականության» անիրական դաշտ տեղափոխված ԲՀԿ-ի սանձերը ձգած պահելը և իշխանության համար վերահսկելի ու հարմարվող դարձնելը: Այդ կառուցողականությունը հիմա ավելի շատ է ծառայում ՀՀԿ-ի շահերին, քան ԲՀԿ-ի իշխանամետությունը, որովհետև այս կերպ իշխող կուսակցությունը կարողանում է ամլացած պահել ընդդիմադիր դաշտը և չեզոքացնել այնտեղ մոբիլիզացման հնարավորությունները: Ու քանի որ այդ գործառույթը Հովիկ Աբրահամյանը պետք է իրականացնի` հիմնվելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական ու խնամիական հարաբերությունների հաշվին, ապա պարզ է դառնում, որ նախագահը Աբրահամյանին ենթարկում է այսպես կոչված հավատարմության փորձության:

ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոնների համալրումն առհասարակ քաղաքական որևէ նշանակություն չուներ: Թե Էդուարդ Շարմազանովը և թե Հերմինե Նաղդալյանը բացառապես կուսակցական ֆունկցիոներներ են և ոչ երբեք պետական գործիչներ: Նրանց այս պաշտոնները հասան միայն ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի իմիջի կերտման համար ներդրած ավանդի դիմաց, այսինքն տրվեցին իբրև հավատարմության վարձատրություն: Սակայն անիմաստ է այստեղ քաղաքականություն փնտրել:

Նախագահը հասցրել է արդեն նաև վարչապետ վերանշանակել Տիգրան Սարգսյանին: Դա նշանակում է, որ լիարժեքորեն վստահում է նրան և հավատում Սարգսյանի որդեգրած քաղաքական կուրսի հաջողությանը, որը շարքային քաղաքացիներին առարկայական ոչ մի լուրջ դրական փոփոխություն չի տվել: ՀՀԿ-ն արդեն հստակ ուղերձ է հղել, որ կառավարության կազմը լուրջ, արմատական փոփոխություններ չի կրելու, թեև չի կարելի բացառել կառավարության կառուցվածքի փոփոխություն: Սակայն մեծ հաշվով տեղի կունենա ընդամենը «շարքից դուրս եկած» ԲՀԿ-ական նախարարների փոխարինում:

Ընդհանուր առմամբ, այսպիսով նախագահը և իշխանությունը հասկացնում են, որ իրենցից առայժմ ոչ մի փոփոխություն ակնկալել պետք չէ: Տիգրան Սարգսյանի նախորդ կառավարությունն առաջնորդվում էր ընդամենը վիրտուալ հաջողությունների արձանագրման` ոչ մի տեղ չտանող գործունեությամբ, որի հետևանքը եղավ երկու` իրական և իշխանության մատուցած անիրական ու վարդագույն Հայաստանների միջև հուսահատեցնող անջրպետի ընկալումը հանրային գիտակցության մեջ:

Այս կառավարությունը կշարունակի երկրորդական նշանակության բարեփոխումների իր կուրսը, որոնք ընդգրկում են պետական ծառայությունների փոքր մասը միայն: Հենց այդ սկզբունքով է գրվել ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը: Սակայն երկրի տնտեսության և արդարադատության համակարգերի առջև ծառացած ամենաառանցքային խնդիրները` օլիգոպոլիաների անկաշկանդ գոյության ու պետական պաշտպանության, քաղաքացիների իրավահավասարության բացակայության և պատժի անխուսափելիության սկզբունքի խաթարման հետ կապված, կմնան առկախված նույն չափով, որքան նախկինում: Որովհետև ինչպես անցած 5 տարիները ցույց տվեցին, ոչ թե դրանք են իշխանության համար  առաջնահերթություն, այլև սեփական կենսունակության ապահովումն ամեն գնով: Հանրապետական կուսակցությունը հասարակությունից ներքին վերափոխում է ակնկալում` առանց իր ներքին վերափոխման անհրաժեշտությունը գիտակցելու:

Երկիրը, պետական կառավարման ողջ համակարգը մտել է նախընտրական սպասողականության, հետհաշվարկի մի հոգեմաշ ընթացքի մեջ: Բոլորը հասկանում են, որ ամեն ինչ որոշվելու է 2013-ի փետրվարին` նախագահական ընտրություններից հետո և հիմնական վերադասավորումները տեղի են ունենալու հենց այդ ժամանակ: Բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը չի ուզում ոչինչ ու ոչ ոքու փոխել այն պարզ պատճառով, որ այսպիսի հարաբերակցությունը և այսպիսի որակն է իշխանության վերընտրության հիմնական գրավականը: Բոլորը հասկանում են, որ կառավարման արդյունավետության միակ չափորոշիչը նախագահի վերընտրության ապահովմանը նախապատրաստվածության մակարդակն է, այլ ոչ թե պետության և հասարակության առջև ծառացած ու խորացող մարտահրավերներին դիմակայելու կարողականությունը: Եվ ակնհայտ է, որ թե օրենսդիր և թե գործադիր իշխանության օղակներում ընտրության կամ նշանակման միջոցով առանցքային պոստերն զբաղեցվում են հենց այդ սկզբունքից ելնելով: Համակարգը հիմա ապրում է ինքն իր համար և վարվող ներկայիս կադրային քաղաքականությունը դրա ուղղակի արտացոլանքն է: 

Մեկնաբանություններ (3)

Նազիկ
Հերմինե Նաղդալյանին տարանՀովիկի մոտ,որ նրա փոխարեն քվեարկի,թե չէ....
barbi
Արդյոք, չեն պատրաստվում Հերմինեի ամուսնուն էլ հարկային ծառայության պետ նշանակել։ Ամուսնուն բարձրացնողն էլ, իջեցնողն էլ կինն է։ Իսկ Հերմինեն միայն բարձրացնում է։
ԿԱրՈ
էԼ ՈՎ ԴԻՄԱՆԱ ԽՈՍՏԱՑԱԾ և Ի ԿԱՏԱր ԱԾՎՈՂ ,,ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵր,,-ԻՆ։ ՀԵրՄԻՆԵՆ և ՆրԱ ԿՈՒՍԱԿԻՑ ՊԱՏԳԱՄԱՎՈրՆԵրԸ, ՏԵՍՆԵՍ ,,ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ,, ՄԱՆԴԱՏՈՎ ՔԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻր ԿԴԱՌՆԱՑՆԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter