HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

2023թ.-ից չհավաստագրված բուժաշխատողները կազատվեն աշխատանքից. մինչ օրս նրանց 50%-ն ունի հավաստագիր

2023թ․ հունվարի 1-ից շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր չունեցող բուժաշխատողներն իրավունք չեն ունենա աշխատելու․ օրենքն արգելվում է։

Հայաստանում կա ընդհանուր մոտ 40 000 բուժաշխատող, 2022թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ ՇՄԶ հավաստագիր փաստացի ունի 21 000 հոգի, այսինքն՝ բուժաշխատողների կեսը, մնացած դիմումները մուտքագրվել են, սպասում են ուսումնասիրության և հավաստագրի տպագրման։ Այս գործընթացը կարող է տևել մինչև 3 շաբաթ, եթե դիմորդի կրեդիտների վերահաշվարկի կարիք լինի։

Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ օրենքի մեղմացում չի լինի, և հավաստագիր չունեցող բուժաշխատողների հետ 2023թ․ հունվարի 1-ից աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն։

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ 2023թ.-ի հունվարի 1-ից բժիշկները մասնագիտական գործունեությունը շարունակելու համար պետք է հավաքեն առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ)՝ 140 ՇՄԶ կրեդիտ և դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:

📌

Հավաստագրումը շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:

Հավաստագիրը (ՇՄԶ հավաստագիր) բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։

Տարբերում են ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթություն կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:

Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:

Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար։

Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի (ԷՈՒՆ) յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:

Գոռ Բաբաջանյանը ստոմատոլոգ է, 5 ամիս առաջ տարաձայնություններ է ունեցել իր գործատուի հետ մասնագիտական կրթության կրեդիտներ չունենալու պատճառով։

Նա դժգոհում է, որ բուժաշխատողները կրեդիտներ հավաքելու համար պետք է մասնակցեն վճարովի դասընթացների։

«40 000 դրամ ստացող բուժաշխատողն այդ կրեդիտների համար իր գրպանից 70 000-220 000 դրամ վճարի»,-ասում է Բաբաջանյանը։ Նա կարծում է, որ վերաբերմունքը բժիշկների նկատմամբ խտրական է, և նույնիսկ ստորագրահավաք է նախաձեռնել այդ թեմայով։

«Ինձ ասացին՝ (նախկին գործատուն) չէ՛, պետք ա ունենաս կրեդիտները, ես էլ ասեցի, որ էդպես է, ես ավելի լավ է օրենքի փոփոխման վրա աշխատեմ, քան թե գնամ այդքան գումար տամ, վերապատրաստվեմ»,-պատմում է նա։

«Ինքնակրթությամբ բարեխղճորեն զբաղվող բուժաշխատողը չի կարողանում, ապացուցել իր պիտանելիությունը թուղթ չունենալու պատճառով:

Ոստի պահանջում եմ`

ա. խտրականության վերացում և օրենքի վերանայում

բ. գների իջեցում և անվճար վերապատրաստման հնարավորություններ

գ. առանց նախապայմանների ԽԵԼԱՄԻՏ հարցաշարերով քննությամբ հավաստագրման հնարավորություն»,- հատված ստորագրահավաքի տեքստից։

Գոռ Բաբաջանյանը դիմել է նաև Կառավարություն, դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարությանը, որտեղից նրան դարձյալ պատասխանել են, որ մասնագիտական վերապատրաստման պահանջը պարտադիր է, իսկ կրեդիտներ կարելի է հավաքել նաև անվճար։

«Ներկայում տարբեր կազմակերպությունների կողմից անվճար հիմունքներով կազմակերպվում և իրականացվում են վերապատրաստման դասընթացներ և էլէկտրոնային ծրագրեր, որոնց միջոցով բուժաշխատողները կարող են կուտակել անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտներ։

Դասընթացների վերաբերյալ տեղեկությունը պարբերաբար տեղադրվում է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ ՇՄԶ միջոցառումների կազմակերպիչների կայքերում և սոցիալական ցանցերում»։

Առողջապահության նախարարություն

Գ. Բաբաջանյանը նաև դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հանդիպել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը Գ. Բաբաջանյանին հայտնել են՝ Առողջապահության նախարարությունից ՄԻՊ-ին պարզաբանել են, որ նրա բողոքը եզակի է, համակարգային բնույթ չի կրում, իսկ կրեդիտները կարելի է ստանալ նաև անվճար դասընթացներով. «Իրենք (ՄԻՊ) ասում են՝ մենք նորից գրություն կուղարկենք, թող էդ ռեսուրսները մեզ ասեն, եթե դրանցով իսկապես հնարավոր լինի անվճար 220 կրեդիտ հավաքել, խնդիր չկա, դա ինձ էլ է բավարարում»,- ասում է Բաբաջանյանը՝ նշելով, որ միևնույն է, ինքն այս պահին չի աշխատում, բայց կարևոր է, որ հնարավորություն լինի անվճար հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կրեդիտները։

Բուժաշխատողների միայն կեսն ունի տպված հավաստագիր, բայց օրենքը գործելու է

​​ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ»-ից (ԱԱԻ), որը և համակարգում է ՇՄԶ հավաստագրերի տրամադրման գործընթացը, մեզ հայտնեցին, որ դեկտեմբերի 23-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցված մոտ 40 000 բուժաշխատողներից հավաստագրվել է 21 000 բուժաշխատող, և արդեն կա 24000 մուտքագրված դիմում (որի մի մասի հավաստագիրը հաստատվել է, բայց դեռ տպագրված չէ), որոնց ուսումնասիրությունից հետո բուժաշխատողները կստանան հավաստագրեր։ 

«Մենք տեղեկանք ենք տալիս, որ ընթացքի մեջ է գործը, բայց թե տեսչությունն ինչ կասի, դա մենք չենք որոշողը։ Հայտն ընդունում ենք, տեղեկանքը տալիս ենք»,- հայտնել են ԱԱԻ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնից։

Հավաստագրի տրամադրումը կարող է տևել մոտ 3 շաբաթ, այդ ընթացքում, հնարավոր է, Հանձնաժողովի (անկախ հանձնաժողով է, որը ստորագրում է, որ տվյալները համախատասխանում են, կազմված է ՀՀ գլխավոր մասնագետներից) ուսումնասիրությունից հետո կրեդիտների վերահաշվարկի կարիք լինի, բայց մինչ այդ դիմում ներկայացրած բուժաշխատողները ստանում են  տեղեկանք, և Առողջապահության նախարարություն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն են որոշում՝ ընդունում են այդ տեղեկանքը, թե ոչ։

ՄԳՀԱԿ-ից հայտնում են, որ 90% դեպքերում վերահաշվարկի կարիք, սովորաբար, չի լինում, քանի որ մինչ այդ էլ դիմումն ընդունողն է ուսումնասիրում փաստաթղթերը։ Ամեն դեպքում, ՄԳՀԱԿ-ն աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը (դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ուղարկել [email protected] էլ. հասցեին), սակայն նույնիսկ այսօր ներկայացված դիմումների հավաստագրերը կտպագրվեն արդեն մինչև հունվարի 10-ը։

Մենք դիմել էինք նաև Առողջապահության նախարարություն, հետաքրքրվել՝ արդյոք 2023թ․ հունվարի 1-ից ՇՄԶ հավաստագիր չունեցող բուժաշխատողները կկարողանան աշխատել, մեզ հայտնել էին, որ 

«2023թ․ հունվարի 1-ից ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ դադարեցվելու են աշխատանքային հարաբերությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հետևում է, որ 2023թ․ հունվարի 1-ից մասնագիտական գործունեությունը շարունակելու իրավասություն չեն ունենալու մասնագիտական գործունեության հավաստագիր (ՇՄԶ) չստացած բուժաշխատողները»։

Միևնույն ժամանակ, ԱՆ-ից մեզ հայտնել էին, ՇՄ զարգացումն ապահովող միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են և՛ վճարովի, և՛ անվճար։

Վճարովի դասընթացների արժեքի մասով որևէ իրավական կարգավորում գոյություն չունի, և գումարի չափը որոշում է տվյալ միջոցառման կազմակերպիչը։

Նշենք, որ զարգացման դասընթացներ կարող են իրականացնել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունները՝

  • բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները
  • բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները
  • առողջապահական կամ բժշկական կազմակերպությունները
  • առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter