HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի բնակչությունը նվազում ու ծերանում է. ավելի ուշ են ամուսնանում, քիչ երեխաներ ունենում

Ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի բարձր տեմպի հետևանքով Հայաստանի բնակչությունը նվազում ու ծերանում է: Նման եզրահանգման է եկել Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ)՝  «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2022» զեկույցը կազմելիս: 

Վերջին տասնամյակում՝ 2012-2021 թվականներին Հայաստանում բնակչության թիվը նվազել է 60 009-ով։ Եթե տասը տարի առաջ Հայաստան բնակչության թիվը 3 021 376 էր, ապա 2022 թվականի սկզբի դրությամբ 2 961 367 է: 

Կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռները բնակչության ընդհանուր թվում վերջին տասը տարում գրեթե չեն փոփոխվել: 2022 թվականի սկզբի դրությամբ Հայասատանի բնակչության 53%-ը իգական սեռի ներկայացուցիչներն են, 47%-ը՝ արական:

Երկուսի դեպքում էլ ավելացել են 75 տարեկանից բարձր մարդկանց տեսակարար կշիռը: Օրինակ՝ եթե 2012 թվականի սկզբի դրությամբ կանանց շրջանում 2.8%-ն են եղել 80 տարեկան և դրանից բարձր, ապա 2022-ի սկզբում՝ 3.7%-ը: 

Իսկ ամենափոքր տարիքի՝ 0-4 տարեկան երեխաների տեսակարար կշիռը ընդհանուր բնակչության մեջ, նվազել է։ 

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված է Հայաստանի բնակչության «սեռատարիքային բուրգը»։ Կարելի է տեսնել, որ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում տարբեր տարիքի բնակիչներն ինչ կշիռ ունեն։ Բաց մանուշակագույնով ներկայացված է իգական սեռին վերաբերող տվյալները, մուգ մանուշակագույնով՝ արական։ 

Ավելի ուշ են ամուսնանում, ավելի քիչ են երեխաներ ունենում

Վիճակագիրները նկատում են, որ 2021 թվականին զգալիորեն կրճատվել է տղամարդկանց և կանանց կյանքի միջին տևողությունը։ 

Շարունակել է աճել կանանց և տղամարդկանց ամուսնության միջին տարիքը և ավելի քիչ երեխաներ ունենալու միտումը։ 

Առաջին ամուսնության միջին տարիքը նվազել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։  2021 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.7 տարի, իսկ տղամարդկանցը՝ 31.2 տարի։

Համեմատության համար՝ դեռևս քսան տարի առաջ կանայք ամուսնացել են միջինում 22.8 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 26.9 տարեկանում:

Հատկանշական է, որ միջին ամուսնության տարիքը գյուղական բնակավայրերում ավելի ցածր է, քան քաղաքային։ 

Առաջին անգամ մայրանալու տարիքը այսօր միջին հաշվով 25.7 տարեկանն է։ 

Հայաստանում 1991 թվականից հետո սրընթաց նվազել է պտղաբերությունը։ Դա առավել ակնառու է հատկապես գյուղական բնակավայրերում։  Եթե 1991 թվականին գյուղական բնակավայրերում մեկ կնոջը բաժին էր ընկնում 3.2 երեխա, ապա 2021 թվականին՝ 1.7 երեխա։ 

Այս հաշվարկների արդյունքները կարող են ընթերցողին առաջին հայացքից տարօրինակ թվալ, քանի որ մարդու վերաբերյալ թիվը կլորացված չի, սակայն դա վիճակագրության մեջ ընդունված երևույթ է. զուտ մաթեմատիկական հաշվարկ է՝ երեխաների և կանանց թվի համադրությունն է։ 

Այսօր պտղաբերության ցուցանիշով Հայաստանի քաղաքներն ու գյուղերը հավասարվել են։ Եթե 1991 թվականին քաղաքներում կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 2.3 երեխա, ապա այսօր՝ 1.7:

Մինչև 2000-ականների սկիզբը պտղաբերությունը անշեղորեն նվազել է, որից հետո մնացել է ցածր մակարդակում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter