HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 23-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում իր մտահոգությունները փոխանցել Հարավային Կովկասում առկա լարվածության վերաբերյալ։ Այդ մասին նշվում է երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիայի նախագահն արտահայտել է իր մտահոգությունը Հարավային Կովկասում լարվածության վերականգման վերաբերյալ։ Նա կոչ է արել հետևել հրադադարի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին և Լաչինի միջանցքով ապահովել ազատ տեղաշարժը»,- նշվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիական կողմի պնդմամբ՝ Մակրոնը նաև խոսել է տեղի բնակչությանը ՄԱԿ-ի կառույցների և մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիության ապահովման անհետաձգելիության մասին։ «Նախագահ Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժի ապահովմանը հետևելու իր մտադրության մասին»,- հավելել է Ելիսեյան պալատը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ ֆրանսիական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «երկու նախագահները համաձայնվել են մյուս կողմերի հետ շարունակել բանակցությունները, որպեսզի գտնվի տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական լուծում»։ Ելիսեյան պալատը ընդգծել է, որ Ալիևն ու Մակրոնը որոշել են նոր հեռախոսազրույց ունեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Ադրբեջանական կողմը ևս հայղորդագրություն է տարածել այս հեռախոսազրույցի վերաբերյալ։ Այսպես, ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության, Ալիևը Մակրոնին ասել է, թե, իբր, «Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են ադրբեջանական տարածքներում օգտակար հանածոների հանքավայրերի անօրինական շահագործման դեմ»։ Ըստ Ալիևի՝ «այդտեղ բնակվող անձանց կողմից ճանապարհի՝ քաղաքացիական և մարդասիրական նպատակով օգտագործման խոչընդոտներ չկան»։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Մակրոնին ասել է, որ «Հայաստանը դեռևս բռնազավթման տակ է պահում Ադրբեջանի 8 գյուղ»։ Ալիևը նաև բարձրացրել է Ադրբեջանի դեմ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հայտարարությունները՝ դա անվանելով «մտահոգիչ»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter