
Կեմերովոյի ծերանոցում հրդեհի հետևանքով մահացել է 20 մարդ
Կեմերովոյի մասնավոր ծերանոցների մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այդ մասին BBC-ի փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավելի վաղ, նշվում էր 13 զոհի և 7 անհետ կորածի մասին։
Հրդեհը բռնկվել էր գիշերը։ Երկհարկանի փայտե շենքը, որը գործում էր որպես գիշերակացի վայր և ծերանոց, գրեթե ամբողջությամբ այրվել է։ Ինչպես դեպքի վայրից փոխանցել է Интерфакс-ի թղթակիցը, մնացել է միայն առաջին հարկի մի մասը, երկրորդ հարկն ամբողջությամբ այրվել է։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել ջեռուցման կաթսայի անսարքությունը։
Աղետների բժշկության Կուզբասի կենտրոնի մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժել է ևս վեց մարդ։ «Ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել վեց տուժածի,<...> երկու անձ այրվածքներով հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Կուզբասի ղեկավար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել է, որ կստուգվեն այդ տեսակի բոլոր հաստատությունները և առաջնահերթ մասնավորները։
Լուսանկարը՝ РИА Новости / Данил Айкин
Մեկնաբանել