HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասնավոր կազմակերպությունը Արտավազի բնակիչներին դատական կարգով հարկադրում է օտարել իրենց սեփականությունը

Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի 95,87549 հա գյուղատնտեսական նշանակության հողերը, ՀՀ Կառավարության 2010 թ. փետրվարի 25-ի թիվ 241-Ն որոշումով, ճանաչվել են գերակա հանրային շահ հանդիսացող տարածքներ:  Որոշման անհրաժեշտությունը հիմնավորվել է Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման արդյունավետությամբ: Ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը:

Հիշյալ որոշմանը կից հավելվածով Կառավարությունը ճշտել է սեփականատերերի ցանկը, որոնց հողամասերը պետք է վերցվեն ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով: Սակայն սեփականատերերից ոչ բոլորն են համաձայն հողատարածքները վաճառելու մտքին, հատկապես հողամասերի համար սահմանված փոխհատուցման գումարների չափին:

Բայցեւայնպես, Կառավարության որոշումը իրականացնելու նպատակով «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն դիմել է դատարան` հանրային գերակա շահ ճանաչված Արտավազ համայնքի «անհնազանդ» սեփականատերերից հողատարածքները վերցնելու պահանջով:

«Լեգելատա» իրավաբանական գրասենյակը, որը ստանձնել է 28 սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը, դատարանում առարկել է հայցվորի պահանջի դեմ: «Ընկերությունը իրավունք չունի պատասխանողից պահանջել օտարել իր սեփականությունը: Հայցվորը չունի որեւէ խախտված իրավունք եւ չի կարող նման հայցապահանջ ներկայացնել դատարան»,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին (քաղաք Հրազդան), ուր ընթանում է հայցերի քննությունը, հայտնել են հողի սեփականատերերի շահերը ներկայացնող իրավաբաններ Գոռ Մարգարյանը եւ Մարիամ Ղուլյանը:

Իրավաբանները դատարանին ներկայացված առարկության մեջ նշել են նաեւ, որ «գերակա հանրային շահի որոշման սկզբունքների համաձայն` պետք է հիմնավորվի, որ հնարավոր չէ հանրային շահի իրագործումը առանց տվյալ սեփականության օտարման, այնինչ Կառավարության որոշմամբ չի հիմնավորվել, որ քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման համար անհրաժեշտ է հատկապես այդ որոշման մեջ ընդգրկված հողամասերի օգտագործումը եւ այն չափով, որ չափով դրանք որոշվել է օտարել:

«Կառավարության որոշմամբ «ՀՀ տարածքային համաչափ զարգացման ապահովում» վերացական եւ ոչ տեղին արտահայտությամբ անհաջող փորձ է կատարվել հիմնավորել գյուղատնտեսական նշանակության հողերը գերակա հանրային շահ ճանաչված տարածքների կազմում ընդգրկելը»,- հայտնել են իրավաբանները: Վերջիններս նշել են, որ տվյալ դեպքում առկա է մասնավոր կազմակերպության շահ, որը չի կարող գերակայել  պատասխանողների շահերին, քանի որ Արտավազը գյուղական համայնք է, եւ տեղի բնակիչների համար էական նշանակություն ունի իրենց պատկանող հողերի մշակումը: Դա համարվում է գյուղական համայնքի անհրաժեշտ բաղկացուցիչ տարր:

Իրավաբանները նշել են նաեւ, որ հայցերը ներկայացվել են Կառավարության որոշմանը կից հավելվածում նշված սեփականատերերի անուններով, մինչդեռ այդ հողամասերն ունեն նաեւ համասեփականատերեր, որոնց անունները հավելվածում  չկան, հետեւաբար հայցվորները դատարանում կարող են խոսել միայն այդ հողատարածքից ցանկում ընդգրկվածների բաժնի մասին:

Կառավարության բացթողումը լրացնելու նպատակով «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ապրիլի 14-ի դատական նիստում, երբ քննվում էր Արտավազ համայնքի բնակիչ Երվանդ Նալթակյանի սեփականությունն օտարելու պահանջի մասին հայցը, միջնորդություն են ներկայացրել մյուս համասեփականատերերին համապատասխանողներ ճանաչելու մասին:

Դատավոր Նունիկ Պողոսյանը, հիմք ընդունելով պատասխանողների ներկայացրած առարկությունը, որ Կառավարության որոշմանը կից հավելվածում համասեփականատերերի մասին հիշատակում չկա, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում գործի դատաքննության ընթացքում պատասխանող ներգրավելու հնարավորությունը, հետեւաբար, նրանք չեն կարող ընդգրկվել որպես պատասխանողներ, մերժել է միջնորդությունը:

Սակայն, հաջորդ` ապրիլի 19-ի դատական նիստում հայցվորի ներկայացուցիչները հայտնել են, որ դատարանի գրասենյակ է մուտք արվել միջնորդություն` օտարման ենթակա հողամասի համասեփականատերերին որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ: Նույն միջնորդությունն ընթերցվել է դատարանում, եւ այս անգամ դատավոր Ն. Պողոսյանը, անտեսելով նախորդ դատական նիստում նույն միջնորդության վերաբերյալ իր իսկ որոշումը, բավարարել է այն:

Պատասխանողների ներկայացուցիչները դատավոր Ն. Պողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել` հայցվորների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հիմքով:

«Հետաքրքիր է, որ դատարանը, կրկին քննելով արդեն իսկ լուծում ստացած միջնորդությունը, խախտելով դատական ակտի անփոփոխելիության սկզբունքը` որոշում է կայացրել բավարարել հայցվորի ներկայացուցիչների միջնորդությունը եւ որպես պատասխանողներ ներգրավել բոլոր համասեփականատերերին` պատճառաբանելով, որ նախորդ նիստում դատարանը պատշաճ ուսումնասիրության չէր ենթարկել հողամասի սեփականության վկայականը»,- նշել են իրավաբանները ինքնաբացարակի միջնորդության մեջ:

Իրավաբանների ասելով` այլ պայմաններում դատավորի վարքագծից կարող էին հետեւություն անել, թե  դատավորն ընդունում է, որ չի իրականացնում գործի ամբողջական, օբյեկտիվ եւ լրիվ քննություն, քանի որ առանց սեփականության իրավունքի վկայականն ուսումնասիրելու` քննել է միջնորդությունը եւ կայացրել անհիմն որոշում: Սակայն, այս դեպքում դատավորը պարզապես անթաքույց կողմնակալ վերաբերմունք է դրսեւորում եւ այդ օրը պարզապես որոշել էր ուղղել ապրիլի 14-ի նիստում թույլ տված «սխալը», երբ մերժել էր հայցվորի միջնորդությունը:

Նույն հիմքերով պատասխանողների ներկայացուցիչները ինքնաբացարկ են հայտնել նաեւ Արտավազ գյուղական համայնքի բնակիչների գործերը քննող մյուս դատավորին` Արիստակես Սիսակյանին, որը նույնպես մերժվել է:

Անդրադառնալով հողամասերը ձեռք բերելու համար հայցվորների առաջարկած գնին` Գոռ Մարգարյանը դատարանին հայտնել է, որ պատասխանողներին պատկանող անշարժ գույքի գնահատում տեղի չի ունեցել: «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն հայցադիմումին կից ներկայացրել է «Տոսպ» ՍՊԸ-ի տրամադրած տեղեկանքը, որը նշանակում է, որ պատասխանողին պատկանող հողի շուկայական արժեքը գնահատվել է տեղեկանքով:

«Պնդում ենք, որ հայցվորի ներկայացրած գույքի արժեքը համաչափ չէ պատասխանողի գույքի շուկայական արժեքին»,- հայտնել են իրավաբանները: Վերջիններս դատարանին փորձաքննություն նշանակելու միջնորդություն են ներկայացրել` հողամասերի իրական շուկայական արժեքը որոշելու համար, նաեւ փաստարկներ` հիմնավորելու համար, որ այդ հողերի իրական արժեքը խիստ անհամապատասխան է հայցվորների առաջարկած օտարման արժեքին: Սակայն դատարանը մերժել է փորձաքննություն նշանակելու միջնորդությունը:

Լիլիթ Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter