HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդավարության և սոցիալական արդարության համար պայքարը քաղաքացու ամենօրյա պայքար է»

Համընդհանուր իրավունքների մրցանակը այս  տարի տրվել է նաև բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:

Մրցանակը տրվել է  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան,  Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart  International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը:

2012 թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ կապակցությամբ ակտիվիստների ելույթը:

Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,

Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժման և բնապահպանական քաղաքացիական խմբերի անունից շնորհակալություն ենք հայտնում այս միջոցառմանը հրավիրելու և Հայաստանում քաղաքացիական պայքարին ուշադրություն դարձնելու համար: Այս մրցանակը և՛ խրախուսում է, և՛ մարտահրավեր է` շարունակելու մեր ամենօրյա պայքարը հանուն մեր իրավունքների պաշտպանության:

Հայաստանում քաղաքացիական ակտիվիստական խմբերը պայքարում են Հայաստանի Սահմանադրության, մեր հանրային սեփականության և ազգային հարստության պաշտպանության համար: Մեր առաջնային նպատակը ժողովրդավար պետության կերտումն է, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության հաստատումը: Մենք ցանկանում ենք ունենալ ինքնորոշված քաղաքացիների պետություն, որում յուրաքանչյուր ոք լիարժեք իրացնում է իր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` մասնակցում որոշումների կայացմանը, ապրում է առողջ, պաշտպանված և բարեկեցիկ շրջակա միջավայրում:

Մեր քաղաքացիական պայքարի համար մենք չենք ակնկալում Հայաստանի կամ որևէ այլ պետության կառավարության շնորհակալություն կամ մրցանակ, սակայն կուզենայինք, որ  Հայաստանի պետությունը հպարտանար իր օրինապահ քաղաքացիներով և նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Իսկական իրավապահն ու իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանությունը` այն չպետք է անօրինականություն կիրառի ՀՀ քաղաքացիների հանդեպ, այլ պաշտպանի նրանց սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը:

Այս մրցանակն ընդունելը նաև մարտահրավեր է: Մենք պարտավոր ենք պահպանել ու ընդլայնել այս նվաճումները` որպես ինքնուրույն, ինքնակազմակերպվող, անկուսակցական, չհովանավորվող, հանրային և բարոյական պատասխանատվություն կրող քաղաքացիների նվաճումներ:

Մենք վճռական ենք` շարունակելու մեր ջանքերը մեր ինքնուրույն ազգային պետության ամրապնդման ու զարգացման համար` հանուն Հայաստանում իրական ժողովրդավարության:

Հաշվի առնելով աշխարհում սոցիալական և բնապահպանական լուրջ մարտահրավերները և դրանցով պայմանավորված վերաիմաստավորումները, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր ինքնակազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպիսիք են օրինակ Occupy շարժումները ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր:

Մենք համոզված ենք, որ բոլոր երկրներում էլ ժողովրդավարության և սոցիալական արդարության համար պայքարը քաղաքացու ամենօրյա պայքար է:

Մեր երկիրը մեզ է հասել մեր ավագ սերունդների մեծ դժվարությունների գնով, և մենք այսօր կրկնակի պատասխանատվություն ունենք ապահովելու Հայաստանի կայուն զարգացումն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Մեր երկար ճանապարհի սկիզբը կլինի Թեղուտի փրկությունը:

Մենք նաև հետևողական ու պահանջատեր ենք լինելու, որ Հայաստանին տրամադրվող միջազգային աջակցությունը լինի արդյունավետ և ծառայի հանրության գերակա շահին, այլ ոչ թե խեղաթյուրի դրանց բուն նպատակը կամ խոչընդոտի և թուլացնի մեր նորանկախ պետության հիմքերը:

Ցանկանում ենք բարի գալուստ մաղթել ԱՄՆ պետքարտուղար` մեծարգո տիկին Հիլարի Քլինթոնին: Հուսով ենք, որ նրա այցը կօգնի վերաձևակերպել նոր մոտեցումներ  մեր տարածաշրջանի համար և դրանց առանցքը կկազմեն մարդու համընդհանուր իրավունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը: Քաղաքացիական գիտակցությունը և անձի ու հանրության ինքնորոշումը կարող են դառնալ մեր տարածաշրջանի համար նոր և կենսունակ միավորող գաղափար:

Թող Մաշտոցի պուրակի շարժման, Թռչկանի ջրվեժի և մյուս հաջողությունները հիմնաքար դառնան Հայաստանում ավելի լայն և հզոր քաղաքացիական հասարակության կայացման համար: Օրենքը պետք է վեր լինի մասնավոր և օլիգարխիկ շահերից: Հայաստանի իրական ուժը նրա քաղաքացիներն են ու ինքնորոշված հանրությունը:

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիաներին և բոլոր հայերին ոտքի կանգնել սեփական իրավունքները պաշտպանելու համար և հասնել ՀՀ Սահմանադրության նորմերի գործնական իրագործմանը: Այս երկրի ապագան պատկանում է մեզ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներ, 4-ը հունիսի 2012 թ.

Մեկնաբանություններ (1)

Sasoon
Այս մասը լրիվ անկապ էր և քծնանք մի պետության հանդեպ, որը պատերազմների ու անարդարությունների չար կծիկ է բովանդակ աշխարհում: «Ցանկանում ենք բարի գալուստ մաղթել ԱՄՆ պետքարտուղար` մեծարգո տիկին Հիլարի Քլինթոնին: Հուսով ենք, որ նրա այցը կօգնի վերաձևակերպել նոր մոտեցումներ մեր տարածաշրջանի համար և դրանց առանցքը կկազմեն մարդու համընդհանուր իրավունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը: Քաղաքացիական գիտակցությունը և անձի ու հանրության ինքնորոշումը կարող են դառնալ մեր տարածաշրջանի համար նոր և կենսունակ միավորող գաղափար:»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter