Քննարկել են Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունները
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
«Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար և ողջունում է այն բոլոր ներդրումային առաջարկությունները, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ձևավորված բարենպաստ բիզնես միջավայրը հնարավորություն կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է քաղաքապետը:
Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել