HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործելակերպը»․ վարչապետ

Հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշատանքային խումբ կձևավորվի, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկումը և հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կառույցների աջացությամբ։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքային խմբում կընդգրկվեն Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, նաև՝ այլլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղին։

«Լաչինի միջանցքի՝ շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է: ԼՂ-ի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի: Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցնում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում»,- նշեց նա։

Վարչապետը կրկին արձանագրեց՝ Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարւթյան 6-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս կետով պարտավորություն են կրում կողմերից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ 

«Իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ՌԴ խաղաղապահ զորախումբը»

«Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է։ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագուն խախտում է։

Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանիստական վարկածի վրա, թե միջանցքը փակել են «էկոակտիվիստները», եռակողմ հայտարարության 6-ր կետով՝ Լաչինի միջանցք քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։ Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ՌԴ խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որն անվտանգային կոնկրետ պարտավորւթյուններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։

Ո՞րն է իրադրության Ռուսաստանի գնահատականը։ Ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարահային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և ԼՂ  հայությունը սպասում է Ռուսաստանից, որը հիշեցնեմ՝ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել ԼՂ-ում կայունությունն ու անվտանգությունը, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում, և ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Ախ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման առաջին դեպքը չէ։ 

«Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում»

«Սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադարձությունները, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված։

Բոլոր նախանշանները կան՝ պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- հայտնեց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ 

«Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»

«Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ և միջազգային այլ գործընկերների հետ՝ իրրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու նպատակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter