HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեյխը կկառուցի գործարան եւ…եկեղեցի

Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի նախկին ղեկավար Երվանդ Նալթակյանի ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղից 4 կմ հեռավորությամբ գտնվող տարածքում հոր եւ եղբոր հետ միասին ունի 2.5 հա վարելահող, որը մշակում է եւ ապահովում իր ընտանիքի ապրուստը:Երվանդ Նալթակյանի եւ արտավազցի 136 գյուղացիների հողերը շուրջ մեկ ամիս առաջ ճանաչվել են «բացառիկ գերակա շահ», եւ շուտով այդ հողակտորները կվերցնեն գյուղացիներից: «Մեզանից այդ հողերը վերցնելը նշանակում է վերջ տալ անասնապահությանը եւ մեր ունեցվածքին: Դրանից հետո արդեն անիմաստ է լինելու այստեղ ապրելը»,- ասում է Ե. Նալթակյանը:

Կառավարության որոշման հետքերով

Կառավարությունը 2010 թ. փետրվարի 25-ի նիստում որոշել է Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական սահմաններում «որոշ տարածքներ»' 85.1 հեկտար, ճանաչել «բացառիկ գերակա շահ»:

Զեկուցողը եղել է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նախարարի տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ այդ տարածքում «բացառիկ գերակա շահ» ճանաչելու մասին որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման արդյունավետությամբ, որն էլ իր հերթին կարեւոր նախապայման է ՀՀ Կառավարության կողմից գերակայություն հայտարարված տարածքային համաչափ զարգացման ապահովման համար»:

«Ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից' Կառավարությունը Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 85.1 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ' գերակա հանրային շահ եւ հիմնավորել իր որոշումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացում է ստացել, որ ներդրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բացվելու է 100-150 աշխատատեղ, շինարարությունն ավարտվելու է մեկ տարում»,- նշված հատվածը տեղ էր գտել Կառավարության կայքի այդ օրվա լրահոսում:

Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությամբ եւ կնիքով Կառավարության որոշման մեջ գյուղացիներից վերցվող գյուղատնտեuական նշանակության հողերի չափը 85.1 հեկտարից դարձել է 95.87549 հեկտար: Հողատարածքը հատկացվել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին:

Հապճեպ որոշում' հօգուտ շեյխի, իսկ ովքե՞ր են շեյխի հայաստանցի գործընկերները

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի մասին ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի' «Հետքին» տրամադրած տեղեկանքում նշվում է, որ այն գրանցվել է 2010 թ. փետրվարի 25-ին: Այսինքն' նույն օրը, երբ Կառավարությունը կայացրել է «բացառիկ գերակա շահի» մասին որոշումը եւ հողատարածքը հատկացրել նշված ընկերությանը:

Կառավարության արձանագրային բաժնի պետ Լարիսա Կարապետյանը պարզաբանեց, որ նախքան Կառավարության նիստը եւ որոշման ընդունումը, որոշման նախագիծն անցնում է Կառավարության համապատասխան վարչության, աշխատակազմի ղեկավարի ձեռքի տակով, քննարկվում է նախանիստում, ուղարկվում է վարչապետին, ետ է գնում նախարարության համապատասխան բաժին, որտեղից բերվել է, անցնում է Արդարադատության նախարարության փորձաքննությունը եւ միայն նոր մտնում նիստի օրակարգ:

Թե ինչպե՞ս է ընկերությունը կարողացել «գերակա շահով» հողատարածքներ ձեռք բերել իր գրանցման օրը, անհասկանալի է: Եթե այն դեռ գոյություն չուներ, ինչպե՞ս է անցել բոլոր ընթացակարգերը:

Որպես «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի հիմնադիր պետռեգիստրի տեղեկանքում նշվում է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ» ԲԸ-ն («A & M Investment»), որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Ընկերության միակ բաժնետեր նշվում է «Լuxembourg International Consalting» (Interconsult) ԲԸ-ն:

Interconsult-ը կառավարվում է լյուքսեմբուրգյան իրավաբանների կողմից, որի համահավասար ղեկավարներ են Դ. Բենվիսուտոն եւ Ֆ. Մանթին: Այս կառույցը Լյուքսեմբուրգում հայտնի է ոչ թափանցիկ ընկերությունների հիմնադրմամբ:

«ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավարը Արամ Աբրահամյանն է: Նա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին է: Իսկ պատգամավորը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է:

Թե ինչպես է պատգամավորը «ճղել կոշիկները»

Մեր փնտրտուքը' գտնելու «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության գրասենյակը, մեզ տարավ Սովխոզային 1 հասցեում գտնվող Ադամանդի գործարան, որը պատկանում է Գագիկ Աբրահամյանին: Նրա որդու' Արամ Աբրահամյանի հետ զրուցել չհաջողվեց:

Գործարանի մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ նա Հայաստանում չէ, մեկնել է Ռուսաստան:

Փոխարենը պարզաբանումներ տվեց նրա հայրը'Գագիկ Աբրահամյանը: Ըստ պատգամավորի' որդուն արտասահմանյան ընկերությունն է նշանակել գործադիր մարմնի ղեկավար:

Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ ընկերության սեփականատերերը, պատգամավորը սկզբում խուսափեց պատասխանել, ասաց, թե տեղյակ չէ. «Չգիտեմ, որ իմանամ կասեմ, տերը արտասահմանյան ընկերություն է: Տենց հարցեր չեն տալիս,- խորհուրդ տվեց պատգամավորը,- ոնց որ հարցնեմ' Ձեր կոստյումն ի՞նչ արժե: Գործադիր մարմնի ղեկավարն իմ որդին է, իրենք են շփվել, ինքը ճանաչում է տերերին, տերերը Սաուդյան Արաբիայից են, բայց ովքե՞ր են կոնկրետ' չեմ կարող ասել»:

«Այսինքն' Դուք տեղյակ չեք» հարցին պատասխանեց. «Ես տեղյակ եմ, բայց իրավունք չունեմ ասելու: Այսինքն' այն մարդիկ են, որոնք մեծ գործարան են կառուցելու, քաղաք են սարքելու: Կառավարության հետ պայմանավորվել են, որպեսզի լինի շշալցման գործարան' ջրերի արտահանման վրա: Հայաստանում մի շիշ չի վաճառվելու, միայն արտահանման համար է լինելու: Մենք ասում ենք, որ մեր ջրերը արտահանվում են, բայց մինչեւ հիմա ոչ մեկը նույնիսկ մի շիշ չի արտահանում»,- պարզաբանեց Գագիկ Աբրահամյանը:

Ըստ նրա' ջուրն արտահանվելու է Եվրոպա եւ արաբական երկրներ: Գագիկ Աբրահամյանը բացառեց հայ պաշտոնյաների կամ գորրծիչների մասնակցությունը այս գործարանի ստեղծմանը:

«Միայն օտարերկրացիներ են»,- հավաստիացրեց նա: Զրույցի ընթացքում պարզվեց, որ Գագիկ Աբրահամյանը ճանաչում է արտասահմանցիներին: Ավելին, որդին գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել, քանի որ ինքն է բերել այդ արտասահմանցիներին. «Ստացվել է, որովհետեւ այդ մարդկանց ես եմ բերել, իմ ընկերներն են, Սաուդյան Արաբիայի շեյխն է: Իհարկե ճանաչում եմ, ես եմ նրանց առաջինը Հայաստան բերել, դիմավորել, ընդունել»: Այդուհանդերձ, Գագիկ Աբրահամյանը հրաժարվեց շեյխի անունը նշել. «Կառավարությունից հարցրեք, եթե նպատակահարմար լինի, կասեն»:

Ինչպես պատգամավորը շեշտեց, գործարանը մեկ հոգի է շահագործելու' շեյխը:
Պատգամավորը վստահեցրեց, որ գյուղացիներից ոչ մեկը չի մշակում այդ հողերը եւ խոստովանեց, որ ինքն արդեն մեկ տարի է Արտավազ գյուղ է գնում, անձամբ զննել է տարածքը. «Ոչ մի հատ հող էնտեղ չի մշակվել, ես գնացել հատ-հատ տեսել եմ, կոշիկներս էլ ճղել եմ, մեծամասնությունը չգիտեն էլ, որ հող ունեն այնտեղ»:

Այդուհանդերձ, Գագիկ Աբրահամյանը միչեւ վերջ չկողմնորոշվեց, թե, ի վերջո, ընկերությունը քանի սեփականատեր ունի: Նա պնդեց, որ ինքը ճանաչում է միայն Սաուդյան Արաբիայի շեյխին:

«Էդ մարդկանց բերել ենք, տեսել են, համոզել ենք: Թե սեփականատերերն ովքե՞ր են' ես չեմ կարող ասել: Կարող է 2-3 հոգի են, ես չեմ կարող ասել: Կարգին գործ է արվելու, Արտավազ գյուղը դառնալու է քաղաք, շենանալու է»,-խոստացավ պատգամավոր Գ. Աբրահամյանը:

Գյուղացիները չեն ուզում հանձնել հողերը
(Արտավազ, 2010 թ. մարտի 23)

Արտավազ գյուղում վերջին մեկ ամսվա ընթացքում խոսակցությունների եւ քննարկումների հիմնական թեման հողերն ու դրանց փոխհատուցումն է:

Պարզվեց' Կառավարության որոշման մասին գյուղացիները քիչ բան գիտեն: Մեզ հետ զրույցում նրանք նշում էին, թե չեն ցանկանա, որ իրենց հողերը ճանաչվեն «գերակա շահ», քանի որ այդպիսով գյուղացիները զրկվելու են իրենց ապրուստի հիմնական միջոցից:

Արտավազ գյուղ մեր այցելության ընթացքում գյուղացիները հավաքվեցին եւ սկսեցին պատմել ու դժգոհել Կառավարության որոշումից:

 Արտավազի նախկին համայնքապետ Երվանդ Նալթակյանի համոզմամբ' Կառավարության որոշումը, թե իբր «բացառիկ գերակա շահ» ճանաչված տարածքի վրա քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարան է կառուցվելու, այնքան էլ արժանահավատ չէ:

Այդ տարածքի հարեւանությամբ ներկայումս կառուցվում է «Մարմարիկ» ջրամբարը: Գյուղացիներն ասում են, որ հսկայական տարածքը վերցնում են, որպեսզի ջրամբարի կողքին հանգստյան գոտի կառուցեն' հյուրանոցներով ու զվարճանքի վայրերով:

Ե. Նալթակյանը նույնպես այդ կարծիքին է, քանի որ նշված տարածքում նախկինում եղել է ջրերի շշալցման գործարան, իսկ ներկայումս այն պարապուրդի է մատնված:

Նախկին համայնքապետի խոսքերով' եթե նպատակը միայն գործարանի կառուցումն է, ապա կարող են եղած գործարանը աշխատացնել եւ գյուղացիների հողերին ձեռք չտալ:

«Տարածքը, որ մեզնից պետք է վերցնեն, ջրերի հետ կապ չունի: Մեր հողերը հեռու են քաղցրահամ եւ հանքային ջրերի աղբյուրներից: Իրենց նպատակը բոլորովին այլ է»,- համոզված է Արտավազի նախկին ղեկավարը:

Ե. Նալթակյանի ասելով' Կառավարությունը մոտ 95.9 հա տարածք վերցնում է միայն գյուղացիների սեփական հողերից, սակայն «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին հատկացվելու է ընդհանուր առմամբ 1200 հա, որից 400 հա-ն համայնքային նշանակության հողեր են, իսկ 700 հա-ն' պետական ֆոնդի, որոնք այժմ գյուղացիները որպես արոտավայր են օգտագործում:

Երվանդ Նալթակյանը նաեւ տեղեկացրեց, որ «բացառիկ գերակա շահ» համարվող տարածքում մի քանի «թիկունքով» մարդիկ սեփական հողատարածքներ ունեն, որոնց հողերին ձեռք չեն տվել, ինչպես պարապուրդի մատնված գործարանի տիրոջ տարածքին:

Նրանց հողերը շրջանցվել են, եւ «բացառիկ գերակա շահ» է ճանաչվել միայն սովորական գյուղացիների հողերը:

Արտավազում շուրջ 44 ընտանիք այդ տարածքում բանջարանոցի համար հողակտոր է ստացել: Նրանք տնամերձ հողամաս չունեն, եւ 1000-ական քմ հատկացվել է հենց մշակության համար:

 Արտավազցի Վրեժ Խաչատրյանը «բացառիկ գերակա շահ» ճանաչված տարածքում 1.6 հեկտար խոտհարք ունի եւ չի ուզում դրանից զրկվել, քանի որ այլեւս անհնար կլինի անասուններ պահել: Բացի դրանից, նա մտածում է նաեւ իր զավակների մասին, ովքեր զրկվելու են հողից:

«Լավ, ասենք ես հողը ծախեցի, այդ փողով տարա ավտոմեքենա առա, քշեցի, լավ շորեր առա հագա, բա էգուց իմ երեխեն ի՞նչ անի: Եթե վերցնում են, պիտի շուկայական գներով հաշվեն ու մեզ փոխհատուցեն, որ գնանք գոնե ուրիշ տեղ հող առնենք»,- ավելացրեց Վրեժը:

Նա չգիտի, թե ինչպես են փոխհատուցելու եւ ինչ գնով: «Միայն լսել ենք, որ հատկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններից մի շեյխի: Եթե այդ հողերի համար նորմալ գին տան, ես համաձայն եմ, որ իմ հողը վերցնեն: Եթե չնչին գներով վերցնեն, ոչ մեկին էլ ձեռք չի տա»,- ավելացրեց Վ. Խաչատրյանը:

 Ռաֆիկ Գրիգորյանի հողատարածքներից Կառավարությունը «գերակա շահ» է ճանաչել 1000 քմ վարելահող: «Եթե ինձ վճարեն այնքան, որ կարողանամ դրանով գերեզմանիս քարի փող դզեմ, կվաճառեմ»,- ասում է Ռաֆիկ պապը:

Նա պատմում է, որ նույն իրավիճակում հայտնվել էին նաեւ մի քանի տարի առաջ, երբ սփյուռքահայ մեծահարուստ Բաղտ Սիրգիս-Լեոնարդը գնեց գյուղի հողերի զգալի մասը, ոչ մի ներդրում չարեց, ոչ էլ մշակեց, սակայն մինչ օրս չի թողնում, որ գյուղացիներն իրենց անասուններն այդ տարածքում արածեցնեն:

«Այդ ժամանակ Կառավարությունից մեկը չեկավ' իմանար, որ հող ծախող մարդիկ փողի կարիք ունեն, խեղճացած իրենց հողերը ծախում են, որովհետեւ երեխեքի ուսման վարձ պիտի վճարեն, դպրոցի շորեր առնեն եւ այլն: Արդեն այդ հողերը ծախել ենք ու հիմա արոտավայր չունենք, անասուն չենք կարողանում պահել: Նույնն էլ հիմա են անում, բայց արդեն զոռով են վերցնում»,- ասում է Ռաֆիկ պապը:

Նրա խոսքերով' գյուղացիների մոտ կեսն արդեն անասուն չի պահում, որովհետեւ արոտավայր չկա: Արտավազ գյուղում ոչ ոք հստակ չգիտեր, թե հողերն ինչ նպատակով են վերցնում:

«Խմելու ջրի մեծ կայան են կառուցում, մաքուր ջուր կլինի, կխմենք»,-այսպես գիտեր գյուղացիներից մեկը: Նա իր անունը չնշեց' պատճառաբանելով, թե չի ցանկանում «վերեւների հետ» խնդիրներ ունենալ:

 Ժենյա Շահնազարյանի 1000 մետր վարելահողը ու 4000 մետր խոտհարքը եւս «գերակա շահի» տարածքում են: Նա էլ գյուղում այլ հող չունի:

«Հիմա ժողովուրդը կարիքի մեջ է, գյուղ տեղ է, աշխատանք չկա, մի քիչ գումար կտան, մարդիկ հողերը ստիպված կտան: Կոնկրետ մեզ գումար պետք չի, մեզ հողն է պետք: Երեխեք ունենք, էգուց կմեծանան, կարող է այն ժամանակ ծախեմ մի դարդ ու ցավ հոգամ: Ո՞վ է եկել իմ կարծիքը հաշվել' ես մշակելու հող ունե՞մ, թե՞ չունեմ, որ իմ ձեռքից վերցնում են: Կառավարությանը հետաքրքիր չեն նման բաները, իրանց պետք է, որ ծախեն»,- ասաց Ժենյա տատի հարսը' Հասմիկ Շահնազարյանը:

1000 մետր կարտոֆիլի ցանքատարածություն ունի նաեւ Գուրգեն Ղազարյանը: Նա եւս չի ուզում իր հողերը տալ նույն պատճառով' եկամտի այլ աղբյուր չունի: «Էլ ի՞նչ իմաստ ունի գյուղում ապրելը»,- ասում է Գուրգենը եւ խոստովանում, որ որքան էլ փոխհատուցման գումարը մեծ լինի, դրանով կկարողանա գոյատեւել 2-3 տարի: «Իսկ հետո՞,- հարցնում է նա,- հետո ի՞նչ անեմ»:

Փոխհատուցումը շուկայական գնով կլինի՞

Արտավազի համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանը կարծում է, որ գյուղի զարգացման համար «սա շատ լավ գործ է»:

Չնայած' դեռ պարզ չէ գյուղացիների հողերի փոխհատուցման արժեքը: Համայնքապետն ասում է, որ հողերը գնահատվելու են շուկայական գնով' գումարած 15%: Հողի արժեքը պետք է որոշեն փորձագետները: Հարցին, թե մոտավորապես որքա՞ն արժե այդ տարածքում գտնվող 1 հեկտարը, Ռեմ Հովհաննիսյաննը պատասխանեց, որ շուկայական գինը տատանվում է 3-5 հազար դոլարի սահմաններում. «Հիմա որ գնահատողները գան, ինձ թվում է' ավելի բարձր կգնահատեն»:

Համայնքապետը նաեւ նշեց, որ պայմանավորվածություն կա' ցանկացողները կարող են գյուղին ավելի մոտ տարածքներից հող վերցնել, նույնիսկ վարելահող:

Նա փաստեց, որ գյուղացիների 90%-ը (գյուղում 164 տուն կա' 1100 բնակչով) «գերակա շահ» ճանաչված տարածքում հող ունի, այդ թվում' նաեւ ինքը: Սակայն Կառավարության որոշման մեջ 136 գյուղացիների ցանկում իր անունը չկա:

Թե որքա՞ն հավելյալ հողատարածք պահուստային ֆոնդից կհատկացվի նախատեսված գործարանի համար, համայնքապետի խոսքերով, կորոշվի աճուրդի ժամանակ:

Քաղցրահամ ջրերի նախկին գործարանը, Ռեմ Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, չի շահագործվում, այլ կառուցվում է նորը, քանի որ դա նշված գործարանի սեփականատիրոջ որոշումն է:

Թե ինչու՞ նախկին համայնքապետի մատնանշած աղբյուրների շրջակայքը չի մտել «գերակա շահ» ճանաչված տարածքի մեջ, մեկնաբանում է Ռեմ Հովհաննիսյանը. «Աղբյուրները ոչ թե երկուսն են, այլ' շատ: Լրիվ վերցնում են, աղբյուրներն էլ են վերցնում: Գյուղացիների հողերը վերցնում են' զոնա են սարքելու, որ անասունները չմոտենան»:

Եթե գյուղացիներին չբավարարի իրենց հողամասերի համար առաջարկված գինը, որպես միակ ճանապարհ համայնքապետը մատնանշում է դատարանը:

«Էդ մարդը լուրջ ներդրում է ուզում անել, ոչ միայն հանքային ջուր արտադրի, այդտեղ հսկայական քաղցրահամ ջրեր են արտադրելու,- մանրամասնեց համայնքապետը եւ խոստովանեց,- շեյխը կարող է ներդրում անի, բայց Հայաստանի մարդ է դա անողը: Թե ո՞վ է «Հայաստանի մարդը», համայնքապետը խուսափեց պատասխանել' հղում կատարելով Կառավարության որոշմանը. «Կառավարության որոշման մեջ ընկերությունը նշված է, ես չգիտեմ, թե ով է այդ ընկերության տերը, իմ մոտ հլա չեն եկել»:

Հ.Գ. Մեր տեղեկություններով' այս գործարքում ներգրավված են հայաստանցի այլ պաշտոնյաներ եւս: «Բացառիկ գերակա շահի» «շահառուներին» եւ արտասահմանյան ընկերության բաժնետերերին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանություններ (7)

ominac
Կարծէք մարդկանց նեղացնելէ զատ շատ նպատակ չունի այս հոդվածագիրը։ վերնագիրին մէջ եկեղեցին ինչ կապ ունի հոդվածին հետ, եւ հողը 1000 մետր չի կրնար ըլլալ,նախ ներկայացուր շրջանին եւ ապա գիւղին վիճակը, ներկայացուր մասնակիցները ապա խաղը։ Բան չի հասկցայ գրածէդ, գիտեմ որ հայաստանի կառավարութիւնէն լաւ բան չի գար, միւս կողմէն բոլոր հոդվածի երկայնքով լալիս ես։
Andranik
pogos-usa, yreb chgetes Arabnere eshutyunen enchues apushe nman durs tales? hogekan hevand hayreta yev mayred. Haskace enchem asum, yte nman gorcaran petke karucve enchu hayen chkaruce? ayskan harust Hay ka ashkharum, enchu Araben karuce? Hay azgen karogha amen ench ane yte khelace mtace yev karavarutyunen ogne.
pogos_usa
xmbagrutiun cenzurai shrjanaknerum xndrum em tuil tveq commentner@ texadren. heto inch vor xosqi azatutiun a. ho bordel chi
pogos_usa
es andranik@ hogekan a? gna bujvi et gorcaran@ minchev chsarqen es el em qnnadatelu baic esenc himar baner chem grelu!
Andranik
Gagik Abrahamyan, you call yourself an Armenian? you are Mafia with your stupid son, you are a 1000 times worse than a Turk, you bring in some asshole shaikh like you to make business with them & introducing them to the government? you are basted with no human blood in your veins, you are an old Mafia, selling the country to stupid shaikhs like you, idiot we have so Armenians in the world who have more money than this stupid shaikh, one CM of land will not be granted to any foreigner in any Arabic country, where is your fuck ass brain??? you block headed old man.
Andranik
Very soon Armenia will be sold out, so why even talk about the genocide, a nation with no country has no meaning.
Andranik
You become friends with some asshole shaikh from Arabia? & you brought them to Armenia to sell the poor villagers lands? people like you betrayed Armenia, you are so stupid & ignorant, I'm very sure that you are another Mafia in Armenia, there are 1000 of Armenians who can invest in that land why did you not try to bring them? Oh my God what is going on in Armenia? every second business man is an asshole & a betrayer in Armenia?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։