HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահը ներդրումներ են անում Վրաստանում կառուցվող հէկերում

Քրիստինե Աղալարյան, Ցիրա Գվասալիա, Ինդիրա Էվգենիձե

Էլեկտրաէներգիայի հայկական եւ վրացական բաշխիչ ընկերությունների ներկայացուցիչները որոշել են ներդրումներ անել վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 3 փոքր հէկ կառուցել Վրաստանում։

Հէկերի նախագծերն իրականացվելու են Վրաստանի երեք տարբեր մունիցիպալիտետներում. երկուսը` Սվանեթիի շրջանում` Մեստիա եւ Լենտեխի մունիցիպալիտետներում, երրորդը` Աջարիայում, Շուախևի մունիցիպալիտետում: 

Հէկերի կառուցումն ազդելու է չորս գետի վրա, երեքը` Սվանեթիում (Ցխենիսծղալի, Զեսխո, Ղորուլդաշի), մեկը՝ Աջարիայում (Չիրուխիսծղալի):

Այս երեք հէկերը կառուցելու նպատակով 2021թ․ Վրաստանի պետական ռեգիստրում նույն ամսում երկու ընկերություն է գրանցվել՝ մարտի 23-ին՝ Hydro Invest ՍՊԸ-ն, իսկ մարտի 25-ին՝  Hydro Invest GA ՍՊԸ-ն։

Hydro Invest ՍՊԸ-ի 85 %-ի բաժնետերը Զուրաբ Գելենիձեն է։ Նա Վրաստանի էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի՝ «Թելասի» բաց բաժնետիրական ընկերության Վերահսկողական խորհրդի նախագահի տեղակալն է։ «Թելասի»-ն ռուսական «Интер РАО» հանրային բաժնետիրական ընկերության դուստրն է՝ 75 % մասնակցությամբ։ Մնացյալ 25% -ը, համաձայն «Թելասի»-ի պաշտոնական կայքի, Best Energy Group” LLC-ինն է: Գելենիձեն նաև CBS Group  ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է։ CBS Group-ը Վրաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն է։ 

Hydro Invest ՍՊԸ-ի մյուս ՝ 15 %-ի մասնակիցը Իլյա Կութիձեն է։ Վերջինս նույնպես  CBS Group ՍՊԸ-ն է ներկայացնում` գործադիր տնօրենի տեղակալն է: 

Երկրորդ ընկերությունում՝ Hydro Invest GA ՍՊԸ-ում`՝ 50 տոկոս մասնակցություն ունի Hydro Invest ՍՊԸ-ն։ Մնացած 50 %-ում մասնակցություն ունեն Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) ներկայացուցիչները։ Վրաստանի պետական ռեգիստրից ձեռք բերած փաստաթղթերի համաձայն` հիմնադրման ժամանակ Hydro Invest GA ՍՊԸ-ի 50 % բաժնետերը ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էր։  

2022թ․ մայիսին Կարեն Հարությունյանն իր բաժնեմասից համապատասխանաբար 17 և 16 տոկոս նվիրել է Արա և  Հայկ Կարենի Դարբինյաններին։ Իր տնօրինության տակ մնացել է  17 % բաժնեմաս։ Արա և Հայկ Դարբինյանները «Տաշիր» ընկերությունների խմբի նախկին փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի որդիներն են։  

Կարեն Դարբինյանի որդիները գործունեություն են ծավալում նաեւ հայաստանյան էներգետիկ ոլորտում։ Արա Դարբինյանը 75 % բաժնեմաս ունի 2021թ․-ին հիմնադրված «Էներջի փաուեր» ՍՊԸ-ում։ Եղբայրը՝ Հայկ Դարբինյանը, 50 % մասնակցություն ունի 2018թ․-ին հիմնադրված «Սոլար պառկ» ՍՊԸ-ում։ «Սոլար պառկ» ՍՊԸ-ում 25 % բաժնեմաս ունի նաև Կարեն Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը։

«Սոլար պառկ»-ը Արագածոտնի մարզում շահագործում է 5 000 կՎտ հզորության «Դդմասար 1» արևային էլեկտրակայանը։

«Սոլար պառկը»-ը նաև 2019թ․-ին ստեղծված «Էյչ էյչ դի սոլար» ՍՊԸ-ի բաժնետերն է, որը նույնպես Արագածոտնի մարզում շահագործում է 5000 կՎտ հզորության «Պարտիզակ 1»  և 1200 կՎտ հզորության «Պարտիզակ 2» արևային կայանները:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, համաձայն ներկայացրած իրական սեփականատերերի հայտարարագրի, «Տաշիր խմբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի բաժնեմասը 31.8 % է, որդունը՝ Սարգիս Կարապետյանինը՝ 29 %։  Մնացած բաժնեմասը, ըստ ամենայնի, 10 տոկոսից նվազ մասնակցության օրենսդրական հնարավորությունից օգտվելով, գաղտնի է պահվել հանրության ուշադրությունից։

Վրաստանի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերից երևում է, որ 2021թ․ դեկտեմբերի 24-ին Կարեն Հարությունյանը լիազորել է Զուրաբ Գելենիձեին իր անունից հանդես գալ ընկերության ընդհանուր ժողովում որպես լիիրավ ներկայացուցիչ և կայացնել որոշումներ որպես ընկերության գործընկեր հետևյալ նպատակներով՝ համաձայնություն տալ ընկերության կողմից ստացվող վարկային միջոցներին, ընկերության անվամբ ձևակերպել «ՏԲՍ բանկ» բաժնետիրական ընկերության կողմից անորոշ ժամկետով, ցանկացած արժույթով և ցանկացած գումարով ստացված վարկային միջոցներին և դրանց ապահովման համար գրավ դնել «Հիդրո ինվեստ Ջի Էյ» ՍՊԸ-ի կապիտալում առկա բաժնեմասի 50 %-ը։ Այս լիազորագիրը Կարեն Հարությունյանը տվել է վրացի գործընկերներին այն ժամանակ, երբ դեռ ինքն էր 50 % բաժնեմասի սեփականատերը: Այս փաստաթղթից երևում է, որ հայ-վրացական համատեղ նախաձեռնության համար վրացական բանկից վարկային միջոցներ են ներգրավվելու, սակայն թե որքան, պարզ չէ: 

Հէկերը վտանգում են Վրաստանի բնությունը

Հէկերի կառուցման  երեք վայրերն էլ ներառում են Վրաստանի ազգային անտառտնտեսությունը կամ զմրուխտե տեղանքները։ Երեք դեպքում էլ կենսաբազմազանության վերաբերյալ հետազոտությունները բավարար չեն եղել իրավիճակի մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար։

​​Ցխենիսծղալի գետի վրա կառուցվելիք հէկի նախագիծ

Սվանեթի շրջանի Լենտեխի մունիցիպալիտետում կառուցվելու է ամենամեծ հէկը` 21,85 ՄՎտ հզորության: Այն լինելու է Ցխենիսծղալի գետի վրա: 

Վրաստանի Կենսաբազմազանության և անտառտնտեսության գործակալությունը հայտնել է, որ Ցխենիսծղալի գետի հիդրոէներգիայի նախագծի հետազոտական ժամանակահատվածը՝ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբերը, բավարար չէ համապարփակ պատկեր ստանալու համար. իրավիճակն իրապես արտացոլելու համար անհրաժեշտ է առնվազն երկու սեզոնային ստուգում:

Համաձայն շրջանակային փաստաթղթի՝ ծրագրի տարածքը ներառում է զմրուխտե տեղանք, այսպես կոչված՝ «Սվանեթի-Ռաճա» հատվածը։ 

«Էմերալդ ցանց» կամ «Զմրուխտե ցանցը» հատուկ պահպանման հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են Եվրոպայի վայրի բուսական և կենդանական աշխարհի և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար, որը գործարկվել է 1989 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից՝ որպես Վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պաշտպանության մասին Բեռնի կոնվենցիայի աշխատանքի մաս։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1982 թվականի հունիսի 1-ին։ Բեռնի կոնվենցիան Վրաստանի խորհրդարանը վավերացրել է 2008 թվականի դեկտեմբերի 30-ին։

Վրաստանի Ազգային անտառային գործակալությունը գրությամբ դիմել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությանը, որ ծրագրի 35,015 քառակուսի մետր տարածքից 31,596-ը Ազգային անտառային գործակալությանը պատկանող պետական անտառային տարածք է։ Ազգային անտառային գործակալությունը նամակում պնդել է, որ այս տարածքում ցանկացած ծրագիր իրականացնելու համար հատուկ թույլտվություն է պահանջվում համապատասխան գործակալությունից։

Համաձայն շրջանակային փաստաթղթի՝ ծրագրի տարածքը բնակավայր է Բեռնի կոնվենցիայի 6-րդ որոշմամբ պաշտպանված թռչունների հինգ տեսակների [Aquila chrysaetos, Dryocopus martius, Gypaetus barbatus, Gyps fulvus, Pyrrhocorax pyrrhocorax] համար, որոնք չեն հայտնաբերվել հետազոտության ընթացքում։

Քանի որ հետազոտության ժամանակաշրջանը բարենպաստ չէր ծրագրի տարածքում սողուններ և երկկենցաղներ հայտնաբերելու համար, թեման ընդգրկված էր այս տարածքում կատարված այլ հետազոտություններում։ Ըստ գիտական գրականության՝ այս տարածքում տարածված է Կովկասյան իժը [լատիներեն անվանումը՝ Vipera kaznakovi]։ Սողունների այս տեսակը ներառված է Բեռնի կոնվենցիայի 6-րդ բանաձեւում, նաեւ՝ Վրաստանի Կարմիր գրքում։

Երեք գետերն էլ՝ Ցխենիսծղալի, Զեսխո և Ղորուլդաշի, բարենպաստ վայրեր են իշխանի համար։ Շրջանակային փաստաթղթի վրա աշխատելիս Զեսխո գետում, ինչպես նաև Ցխենիսծղալի գետում հայտնաբերվել են իշխան ձկան մեկական առանձնյակներ։ Գետի իշխանը [լատիներեն անվանումը՝ Salmo fario Linnaeus] պաշտպանված է Վրաստանի Կարմիր գրքով որպես խոցելի՝ բնական միջավայրում անկման միտումով։

Զեսխո և Ղորուլդաշի գետերի վրա կառուցվելիք հէկերի նախագիծ

​​Սվանեթիի շրջանի երկրորդ հէկը կառուցվելու է Լենտեխի մունիցիպալիտետում՝ Զեսխո և Ղորուլդաշի գետերի վրա, 20,3 ՄՎտ հզորության: 

Հետազոտության ընթացքում Ղորուլդաշի գետում իշխան չի հայտնաբերվել։ Շրջանակային փաստաթղթում նշվում է, որ գետը պղտոր էր, քանի որ հոսանքի վերևում ծանր տեխնիկա էր աշխատում, ուստի իշխանը կարող էր գտնվել գետի ավելի մաքուր հատվածում։ Վրաստանի կենսաբազմազանության և անտառային տնտեսության գործակալությունը նշում է, որ հետազոտությունները պետք է իրականացվեին այն ժամանակ, երբ գետը մաքուր է, և պետք է լինի հատուկ նախագիծ՝ ձկների պաշտպանության համար։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կենսաբազմազանության և անտառային տնտեսության դեպարտամենտը Շրջակա միջավայրի գործակալությանն ուղղված համապատասխան նամակում գրել է, որ շրջանակային փաստաթուղթը պետք է ծառերի ճշգրիտ հաշվարկ պարունակի, որը կներառի ճշգրիտ քանակությունը և տեսականին։ 

Ծրագրի 42,977 քմ տարածքից 23,167 քմ Ազգային անտառային գործակալության տարածքում է և անհրաժեշտ է հատուկ թույլտվություն՝ այնտեղ ծրագիր իրականացնելու համար։

Չիրուխիսծղալի գետի վրա կառուցվելիք հէկի նախագիծ 

Աջարիայի Շուախևի մունիցիպալիտետի Չիրուխիսծղալի գետի վրա կառուցվելու է երրորդ հէկը` 5,3 Մվտ հզորության:

Հիդրոէլեկտրակայանի շրջանակային փաստաթուղթը պատրաստելու համար կենսաբազմազանության վրա ազդեցության ուսումնասիրություն է կատարվել 2021 թվականի նոյեմբերին։ Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կենսաբազմազանության և անտառտնտեսության վարչությունը Շրջակա միջավայրի գործակալությանն ուղղված նամակում գրել է, որ հետազոտության ժամանակահատվածը բավարար չէ, և դաշտային հետազոտությունները պետք է իրականացվեն առնվազն երկու սեզոն՝ իրավիճակի առավել իրատեսական պատկեր ստանալու համար։

Տարածքը ներառում է զմրուխտե տեղանք և հատուկ թռչունների ապրելավայրի տարածք։

Ըստ շրջանակային փաստաթղթի՝ նախնական հետազոտությամբ հայտնաբերվել է Վրաստանի Կարմիր գրքում գրանցված Սև ծովի իշխանի երեք առանձնյակ։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կենսաբազմազանության և անտառտնտեսության դեպարտամենտը Շրջակա միջավայրի գործակալությանն ուղղված նամակում գրել է, որ շրջանակային փաստաթուղթը պետք է պարունակի ծառերի ճշգրիտ հաշվարկ, որը կներառի ճշգրիտ քանակությունը և տեսականին։

Ինչ սպասելիքներ ունեն համայնքի բնակիչները ներդրողներից 

Հէկերի շինարարությունը դեռևս չի մեկնարկել: Տեղի են ունեցել  հանրային լսումներ: 

«Հետքի» գործընկեր Cactus Media-ն զրուցել է Վրաստանի Շուախևիի մունիցիպալիտետի Շուբանի գյուղի մի քանի բնակչի հետ։ Նրանցից ոմանք ասել են, որ ընկերության ներկայացուցիչները խոստացել են, թե «ծրագրի ավարտից հետո գյուղը կստանա 30 000 լարի»։

Գյուղի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Վախթանգ Բոլկվաձեի խոսքով՝ «կանխիկ օգնության» խոստում կա, սակայն, ըստ նրա, «ճշգրիտ գումարը չի նշվել»։

Տեղացիներին նաև խոստացել են ներգրավել հէկի շինարարական աշխատանքներում։

Շալվա Թավդգիրիձեն, որը լսումների համար եկել էր հարևան Կոբալտա գյուղից, ասել է, որ դեմ է հէկի կառուցմանը, քանի որ թերահավատորեն է վերաբերվում խոստումներին։ Նրա խոսքով՝ գյուղում ջրի խնդիր է առաջացել այլ հէկերի կառուցումից հետո, եւ իրենք ստիպված են եղել ջուր բերել այլ գյուղից։ Նրա կարծիքով, ևս մեկ նոր հէկը, թեկուզ փոքր, կավելացնի գյուղացիների խնդիրները։

Շուբանի գյուղի բնակիչ Ռամազ Ջումուշաձեն հէկի տարածքում գյուղատնտեսական հողատարածքներ ունի, որը, ըստ նրա, իր եկամտի միակ աղբյուրն է։ Նա և գյուղի տասը այլ բնակիչներ ակնկալում են, որ ընկերության ներկայացուցիչները կգնահատեն իրենց հողատարածքը։ 

Գյուղացիներից ոմանք խոսել են նաեւ հէկի կառուցման հետեւանքով գետում անհետացող ձկների մասին, քանի որ շինարարության պատճառով փոքր գետի ջուրն ավելի արագ է գոլորշիանում։

Շուախևի շրջանի Շուբանի գյուղապետ Ռամազ Ջումուշաձեն պատմել է, որ իր հողերն էլ են հէկի տարածքում։ Նա եւ 10 այլ բնակիչ սպասում են ընկերության ներկայացուցիչների կողմից իրենց հողերի գնահատմանը՝ փոխհատուցման համար։ Նրանք ասել են, որ եթե բավարար փոխհատուցում չստանան, ապա համաձայնություն չեն տա հէկի կառուցմանը։

Հայաստանյան գործընկերները դեռեւս չեն ուզում մեկնաբանել

ՀԷՑ-ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանին խնդրել էինք հարցազրույց կազմակերպել Կարեն Հարությունյանի հետ։

Նատալյա Սարջանյանը հարցերի մոտավոր շրջանակն ուզեց՝ գրավոր ձեւով, ղեկավարությանը ներկայացնելու և հարցազրույցի համար պայմանավորվելու։ Հարցերն ուղարկելուց հետո ստացանք միայն դրանցից մեկի գրավոր պատասխանը։ Իսկ հարցազրույց այդպես էլ տեղի չունեցավ։ 

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Թելասի» ընկերությունների մասնակցությամբ որևէ հէկի կառուցման նախագիծ չի իրականացվում ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում: Վրաստանում կառուցվող հէկերը որևէ  առնչություն չունեն Հայաստանի էներգետիկ շուկայի հետ թե՛ մինչև ազատականացումը, թե՛ ազատականացումից հետո»: Սա պատասխանն էր մեր այն հարցի՝ Վրաստանում կառուցվող հէկերը «ՀԷՑ»-«Թելասի» համագործակցությա՞ն, թե մասնավոր նախագիծ են։ Եվ արդյոք այդ նախաձեռնությունը կապ ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ։ 

Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի շուկան Հայաստանում ազատականացվել է, և քաղաքացիները կարող են, բացի երաշխավորված մատակարարից (որը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է), ընտրել և դառնալ այլ մատակարարների բաժանորդներ։ Էլեկտրաէներգիայի շուկայում հայտնվել են մատակարարներ և թրեյդերներ։ Մատակարարները շուկայի նոր խաղացողներն են, որոնք պիտի ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն սպառողներին, որպեսզի վերջիններս ուզենան երաշխավորված մատակարարողից (ՀԷՑ) հրաժարվել և ընտրել իրենց, այսինքն՝ մատակարարները գործելու են հայաստանյան ներքին շուկայում։

Թրեյդերները մեծածախ առևտրով զբաղվողներն են, որոնք գործ են ունենալու միայն մեծ տնտեսվարողների հետ, ինչպես նաև` լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անելու:  Օրինակ՝ ազատականացման մեկնարկից հետո միջպետական առևտուրը հարևան Վրաստանի հետ կազմակերպում է «Արգեստ» ՓԲԸ-ն: Այս նոր թրեյդերը նույնպես Սամվել Կարապետյանին և ՀԷՑ-ին փոխկապակցված ընկերություն է: «Արգեստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. փետրվարին: Համաձայն իրական շահառուների հայտարարագրի` միակ բաժնետերը Գոռ Սուրիկի Բարոյանն է։ Վերջինս նաև «Ռիո մոլը» շահագործող «ՌԻՈ» ՓԲԸ-ի տնօրենն է, որտեղ բաժնետեր են նույն ռուսաստանաբնակ մեծահարուստ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն ու կինը` Էթերի Կարապետյանը:

Վրաստանում կառուցվելիք հէկերին վրացական մամուլն անդրադարձել է կարճ հաղորդագրությամբ` դրանք կապելով Սամվել Կարապետյանի անվան հետ: Հետևաբար, մեր հարցի նպատակն էր նաև պարզել՝ արդյոք Սամվել Կարապետյանն այնպիսի ենթակառուցվածքներ է ստեղծում, որ կարողանա ՀԷՑ-ի համար շահավետ միջպետական առևտուր կազմակերպել:

Վրաստանում կառուցվող հէկերի վերաբերյալ մեր մյուս հարցերի կապակցությամբ Նատալյա Սարջանյանը բանավոր հայտնեց՝ քանի որ նախագիծը մասնավոր համագործակցության արդյունք է և նախնական փուլում է, Կարեն Հարությունյանը հարցազրույց տալ չի կամենում։

Cactus Media -ի մեր գործընկերները մեկնաբանության համար դիմել են նաև հէկերը կառուցող վրացի գործընկերներին: Սակայն Զուրաբ Գելենիձեն նույնպես չի պատասխանել նրանց հարցերին: 

Ինֆոգրաֆիկաները՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter