HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարենք երեխաների հետ. մանուկների օր` ՆԱՄ-ում

«Ես նկարել եմ մայրամուտ ու մուլտիպլիկացիոն բնություն: Սիրով մասնակցեցի, եթե   էլի հնարավոր լինի, էլի սիրով կմասնակցեմ»,- հունիսի 3-ին Նարեկացի արվեստի միությունում իրականացված «Նկարչություն  երեխաների հետ» միջոցառման ժամանակ ասաց մասնակից 12-ամյա Անին:

«Նկարչություն երեխաների հետ» միջոցառմանը մասնակցեցին թիվ 12 հատուկ դպրոցի սաները, «Դրական մարդկանց հայկական ցանց» Սոցիալական հասարակական կազմակերպությունը:

«Նախաձեռնության նպատակը երեխաների հետ նկարելն էր: Նկարիչների նպատակը զուտ սովորեցնելը չէ, այլ նրանց կողքին լինելը ու նաեւ նրանցից ինչ-որ բան սովորելը»,- ասաց գեղանկարիչ Սեւան Նագգաշյանը: Նրա խոսքերով՝ ինքը զգացված է, որ նկարիչներին տրվել է հնարավորություն` աշխատելու երեխաների հետ. «Չէ որ յուրաքանչյուրիս մեջ ապրում է մանուկը, եւ հենց նա է իմի բերել մեզ այսօր»,- ասաց Սեւանը:

Միջոցառումը բացառիկ էր գույների առատությամբ, անսպառ երեւակայությամբ,  ուրախ տրամադրությամբ ու անմիջականությամբ:

11-ամյա Տաթեւիկը հասցրեց 4 նկար ավարտել, որոնցից մեկը` պաստելով. «Առաջին անգամ եմ պաստելով նկարում. մամայիս կասեմ, որ պաստել առնի, որ նկարեմ: Առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես են դրանով նկարում… Գիտեք, մատներով էլ պետք է նկարես, ներկոտվում ես, շատ լավ ա… Թող էլի լինի, որ էլի մասնակցեմ, էլի նոր ընկերներ ձեռք բերեմ»,- պատմում է Տաթեւիկը, ու մինչ պատմում է, նրա սեւ, խոշոր աչքերում ոգեւորության արեւներ են վառվում:

Երբեմն մի քիչ վախվորած, երբեմն արտակարգ համարձակ գույներով վրձնահարվածներն աստիճանաբար կլանեցին ներկաներին` տանելով մանկան պայծառ ներաշխարհ` միայն իրենց հատուկ պարզությամբ:

Միջոցառումն իր բովանդակությամբ նաեւ արվեստագետներին ոգեւորեց:

«Երեխաների հետ աշխատելն ուղղակի հրաշք է, այսքան գույներ,այսքան տաղանդավոր երեխաներ… Անմիջականությունը, նրանց լույսը… Շատ հետաքրքիր էր ամեն ինչ»,- նշեց գեղանկարիչ Տիգրան Ասատրյանը: Երեխաների հետ նկարեցին նաև գեղանկարիչներ Հովնան Սարգսյանը և Լևոն Ասլանյանը:

Միջոցառման կայացմանն աջակցել է նաև Գայանե Սադոյանը: Նրա խոսքերով վաղուց կար նման նպատակ և երբ իմացել է Նարեկացիի այս նախաձեռնության մասին, ցանկություն է հայտնել սիրով օգնել. «Հավաքել բոլորին մի տեղ. հատուկ կարիքով երեխաները մնացած մյուս երեխաների, արվեստագետների ու մեծահասակների հետ: Սրանով նախ հատուկ կարիքով երեխաների ինտեգրմանը նպաստեցինք, մեծահասակները մանկացան…. Հույս ունեմ` սա նաեւ ավանդույթ կդառնա, եւ ամեն ամիս երեխաների հետ նման օր կունենանք»:

Նկարելուց հետո Նարեկացի  արվեստի միության ցուցասրահում ցուցադրվեցին  երեխաների աշխատանքները` լույսով ու մանկան պարզությամբ ողողելով Նարեկացի արվեստի միությունը:

Միջոցառման ավարտին Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանն ասաց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու. այսուհետ ամեն ամսվա 3-ին կհայտարարվի մանուկների օր, ու կանցկացվի նման մի միջոցառում: Բացի դա նա նաեւ հայտնեց, որ ՆԱՄ-ում այսուհետ գործելու է նաեւ գեղանկարչության մանկական խմբակ:

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter