HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել. Էդվարդ Նալբանդյան

Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանը հարցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հարգելի՛ Տիկին Պետքարտուղար,

Հաճույքով եմ ձեզ նորից ողջունում Հայաստանում: Անցյալ անգամ ձեր այցը համընկավ ԱՄՆ Ազգային տոնի՝ հուլիսի 4-ի հետ: Այս այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Այս համընկումները դրական խորհրդանիշ են պարունակում:

Երևանյան նախորդ և այս այցի միջև անցել է երկու տարուց մի փոքր պակաս ժամանակ, բայց այս ընթացքում մենք մի շարք հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու Վաշինգտոնում և տարբեր քաղաքներում միջազգային համաժողովների շրջանակներում: Անկախ նրանից, թե տարվա որ ամսին և որտեղ են անցել այդ հանդիպումները, դրանք եղել են բացառապես ջերմ, բովանդակալից և արդյունավետ, պարունակել են կարևոր և դրական ուղերձներ: Ձեր այցը Հայաստան, տարածաշրջան վկայում է այն առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը տածում է Հարավային Կովկասի նկատմամբ: Հայաստանի և ԱՄՆ ղեկավարությունների միջև հանդիպումները, ես հատկապես կառանձնացնեի նախագահներ Սարգսյանի և Օբամայի հանդիպումը 2010 թ. ապրիլին Վաշինգտոնում, վկայում են հարաբերությունների խորացման մեր մեծ կամքի մասին:

Հարյուրամյակից այն կողմ ձգվող մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը, որի մեջ առանձնահատուկ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարությունը, տրամաբանորեն արտացոլվեց երկու տասնամյակը բոլորած հարաբերությունների՝ միջպետական հարթությունում։

Երկկողմ ջանքերի շնորհիվ, Տիկի՛ն Պետքարտուղար, ձեր անձնական՝ անգնահատելի ավանդով մեր միջև գոյություն ունեցող փոխվստահությունը և  փոխըմբռնումը բարեկամական գործընկերության հետագա ընդլայնման լավագույն հենասյուներն են։

ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը, որն  արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, վերաբերում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ բարեփոխումները, ժողովրդավարության խորացումը, օրինականության գերակայությունը, տնտեսության արդիականացումը: Մենք սերտ փոխգործակցություն ունենք նաև միջազգային ասպարեզում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման շուրջ, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում, Կոսովոյից մինչև Աֆղանստան խաղաղապահ առաքելություններում, գլոբալ այլ մարտահրավերների հաղթահարման շուրջ:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր իր շարունակական աջակցությունն է բերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որը գտնվում է  ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի մշտական ուշադրության կենտրոնում: Համանախագահ մյուս երկրների հետ, ԱՄՆ-ը գործադրել է ինտենսիվ ջանքեր և ընդունել բարձր մակարդակի բազմաթիվ կարևոր համատեղ հայտարարություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Տիկի՛ն Պետքարտուղար, մեկ անգամ չէ, որ մենք արտահայտել ենք նույն մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ մոտեցումը եղել և մնում է հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների: Այս գործընթացում դուք ունեցել էք բացառիկ ներդրում: Ցավոք, գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում:

Դեռևս 20 տարի առաջ Պետքարտուղար Ջեյմս Բեյքըրը նշում էր, որ ազատ, ժողովրդավարական, անկախ Հայաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, կիսում են նույն՝ ժողովրդավարության, ազատության, շուկայական հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության արժեքները: 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, որն այսօր արդեն մարդասիրական օգնությունից աստիճանաբար վերածվում է զարգացման ծրագրերի եւ փոխշահավետ համագործակցության:

Հարգելի՛ տիկին պետքարտուղար, մենք երախտագիտություն ենք հայտնում Նախագահ Օբամայի վարչակազմին և Ձեզ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդման հարցում Ձեր անձնական նվիրվածության և առանձնահատուկ ներդրման համար։ Ես լիահույս եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նոր՝ առավել լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերություններում։

Կրկին անգամ կցանկանայի ողջունել Ձեզ, Տիկին Պետքարտուղար և ձեր պատվիրակությանը Հայաստանում:

Հարց. պարոն նախարար, Թուրքիայից ամենաբարձր մակարդակով պնդում են, որ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ ինչ-որ բանակցություններ են վարվում: Արդյոք այդ պնդումները համապատասխանում են իրականությանը:

Էդվարդ Նալբանդյան: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարող եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել, բանակցություններն ավարտվել են, որոնց արդյունքում ստորագրվել են արձանագրություններ, որոնք այսօր Թուրքիան չի ցանկանում հարվել և իրականացնել ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելով: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, դա միջազգային հանրության մոտեցումն է, ինչի մասին ասաց նաև տիկին քարտուղարը, և նաև մեր մոտեցումն է:

Ես կցանկանայի հավելել նաև առաջին հարցին, որ մենք խստորեն դատապարտում ենք այն կոպտագույն սադրանքները, որ կազմակերպվել են ադրբեջանական կողմից Հայաստանի-Ադրբեջանի սահմանին, որոնք պետք է ցավով նշեմ, արդյունք են դարձել զոհերի, վիրավորների, չբավարարվելով նրանով, որ փաստորեն ամեն օր խախտումներ են կատարում ադրբեջանցիները շփման գծում Լեռնային Ղարաբաղի հետ, իրենք փորձում են տեղափոխել լարվածությունը, սրել իրավիճակը նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը բավական վտանգում է բանակցային գործընթացը և ոչ միայն, վտանգում է նաև տարածաշրջանային կայունությունը: Ինչի  բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter