HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի զինված ուժերն ու ռուսաստանցի ռազմական թղթակիցները հայտնել են Մակեևկայում ռուսաստանցի հարյուրավոր զորակոչվածների մահվան մասին

Հունվարի 1-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի ռուսական զորքերի կողմից բռնազավթված հատվածում հրթիռակոծության են ենթարկել Մակեևկա բնակավայրը, որի հետևանքով ավերվել է № 19 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը պնդում է, որ այնտեղ եղել են ռուսաստանցի զինվորականներ։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հարվածի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, 300-ն էլ վիրավորվել է։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքում տեղակայված են եղել ռուսաստանցի զորակոչվածներ։

Ռուսական ТАСС պարբերականը, հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցչին, գրում է, որ ուկրաինական հարվածի հետևանքով 15 մարդ վիրավորվել է։ «Կան վիրավորներ։ Նախնական տվյալներով՝ ավելի քան 15 մարդ։ Տեղեկատվությունը ճշտվում է»,- գրել է պարբերականը։ ТАСС-ը գրում է, որ հարվածը հասցվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Readovka պարբերականը նշում է HIMARS-ի մասին։

Ավելի վաղ, ռազմական թղթակից Բորիս Ռոժինը գրել էր, որ մասնագիտական տեխնիկական ուսումնարանում տեղակայված են եղել զորակոչվածներ։ Նա պնդում էր, որ հարվածը հասցվել է HIMARS-ից և հարվածի հետևանքով կան «էական թվով զոհեր և վիրավորներ»։

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ВГТРК) թղթակից Ալեքսանդր Սլադկովը ևս հաստատել է Մակեևկայում զորակոչվածների կետին հարված հասցնելու լուրը։ «Չգիտեմ, թե ինչքան մարդ է տուժել. երկու, երեք զոհ, չնայած ասում են թիվն ավելի մեծ է…»,- պնդում է նա։

Ռուսաստանցի մեկ այլ ռազմական թղթակից Ռոման Ռոմանովն էլ հայտնել է Սարատովի մարզից տասնյակ զոհված զորակոչվածների մասին։ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության տեղեկատվության փոխնախարար Դանիիլ Բեզնոսովը, հղում անելով տեղացիներին, նշում է, որ HIMARS համակարգից հարվածը հասցվել է ուղիղ 00:01-ին։ «Ըստ ամենայնի՝ բարձր հրամանատարությունը մինչ օրս տեղյակ չէ այդ զենքի հնարավորությունների մասին։ Հույս ունեմ, որ մեղավորները, որոնք այդ օբյեկտի կիրառման որոշումն են կայացրել, կպատժվեն»,- ասել է նա։

Ուկրաինական կամ ռուսական կողմերը պաշտոնական այլ մեկնաբանություններ չեն արել։ Հիշեցնենք, որ Մակեևկայի հրթիռակոծության մասին առաջինը հայտնել էին РИА Новости և TACC գործակալությունները՝ հղում անելով Դոնեցկի համակարգման կենտրոնին։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter