HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրազիլիայում կայացել է նախագահի պաշտոնում ընտրված Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը

Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում կայացել է Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը։  Երդմնակալության արարողությունը տեղի էր ունենում այդ երկրի Կոնգրեսում։ BBC-ի փոխանցմամբ՝ երկրում իշխում է կառնավալային տրամադրություն, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրազիլիայի մայրաքաղաքի փողոցներ։

Իր ելույթում Լուլան հայտարարել է, որ ստանում է մասնատված երկիր, որտեղ նախկին նախագահ Բոլսոնարուի ղեկավարման ժամանակ սով է տիրել։ Նա Բոլսոնարուի կառավարությանը մեղադրել է երկրի ռեսուրսները մսխելու եւ մարդկանց իրավունքները ոտնահարելու մեջ։

Լուլան Բոլսոնարուին և նրա վարչակազմին մեղադրել է նաև «բրազիլացիների ցեղասպանության մեջ»։ Պատճառը, ըստ նրա, կորոնավիրուսի ժամանակ համավարակի նկատմամբ նախկին նախագահի վերաբերմունքն էր։ Կորոնավիրուսը Բրազիլիայում խլել էր ավելի քան 680 հազար մարդու կյանք։ 

Սա բրազիլացի քաղաքական գործչի նախագահության առաջին ժամկետը չէ։ Նա Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 և 2010 թվականներին, իսկ այս տարվա հոկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ հաղթել էր Ժաիր Բոլսոնարուին։ 

Նախկին նախագահը չի մասնակցել իր մրցակցի երդմնակալության արարողությանը։ Դեռ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին Բոլսոնարուն մեկնել է Ֆլորիդա՝ արցունքն աչքերին հրաժեշտ տալով իր աջակիցներին։ ԱՄՆ մեկնելուց առաջ նա սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ էր տեղադրել, որտեղ նշել էր, որ «ճակատամարտը պարտված է, սակայն պատերազմում մենք չենք պարտվի»։ Ժաիր Բոլսոնարուն իր աջակիցներին նաև կոչ է արել անկարգություններ չկազմակերպել, բայց ցույց տալ, որ իրենք հարգում են սահմանադրության նորմերը։ 

Լուլայի աջակիցները վաղ առավոտից հավաքվել էին Բրազիլիայի Կոնգրեսի շենքի մոտ։ Նրանց համար դա միայն պաշտոնական արարողություն չէ, այլև տոն, որին ելույթ էր ունենում ավելի քան 60 հայտնի երգիչ, ներառյալ՝ լեգենդար Մարտինո դա Վիլան։

Երդմնակալության պաշտոնական արարողության սկզբում Լուլան և նոր փոխնախագահ Ջերալդո Ալքմինը բաց մեքենայով անցել են մայրաքաղաքի փողոցներով՝ ողջունելով հավաքվածներին։ Երդմնակալությունը կայացել է անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, մի զինված տղամարդ փորձել էր պայթուցիկով և դանակով ներխուժել Պլանալտու պալատի տարածք, որտեղ տեղակայված է Բրազիլիայի նախագահի նստավայրը։ 

Վերջին օրերին Լուլան և Ալքմինը զբաղված էին կառավարության նոր անդամների ընտրությամբ և իրենց կողմնակիցներին պետական ձեռնարկությունների ղեկավարների պաշտոններում նշանակելով։ Օրինակ՝ Շրջակա միջավայրի և կլիմայի նախարարությունը կգլխավորի Մարինա Սիլվան, որն այդ երկրի կլիմայական ամենահայտնի ակտիվիստներից է։ Նշվում է, որ նա պատասխանատու կլինի Լուլայի նախընտրական արշավի խոստումներից մեկի իրագործման համար.՝մինչև 2030 թվականն ոչ մի անտառահատում Ամազոնիայում։

Լուսանկարը՝ Arthur Menescal/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter