HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի օդանավակայանը. կա 4 զոհ

Իսրայելը հունվարի 2-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ սիրիացի երկու զինվորական։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին (SOHR)։ 

«Սպանվել է չորս մարտիկ, ներառյալ սիրիացի երկու զինվորական։ Հրթիռները նաև խոցել են «Հզբոլլահի» և օդանավակայանի շենքի ներսում ու դրա սահմաններից դուրս իրանամետ խմբավորումների դիրքերը, ներառյալ՝ սպառազինության պահեստը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Դուբայում տեղակայված Al-Hadath հեռուստաընկերությունը նշել է, որ հարվածները հիմնականում հասցվել են օդանավակայանի տարածքում գտնվող զինապահեստներին։ 

Սիրիական պետական SANA տեղեկատվական գործակալությանն իր զինվորական աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից է հարվածներ հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին ու դրա մատույցներին։ Սկզբում նշվում էր, որ օդանավակայանը շարքից հանվել է, սակայն մի քանի ժամ անց այն վերականգնել է իր բնականոն աշխատանքը։ Սիրիայի տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ օդանավակայանը սկսել է գործել տեղի ժամանակով 09:00-ից։

Վերջին 7 ամիսների ընթացքում սա Իսրայելի երկրորդ հարվածն էր Դամասկոսի օդանավակայանին, որտեղ տեղակայված են իրանամետ զինված խմբավորումների և լիբանանյան «Հզբոլլահ» արմատական շարժման մարտիկները։ Հարվածից մի քանի օր առաջ Իսրայելի բանակի ղեկավար կազմը ներկայացրել էր 2023 թվականի գործողությունների պլանը։ «Մենք տեսնում ենք, որ Սիրիայում մեր գործողություններն օրինակ են այն բանի, թե ինչպես են շարունակական և համակարգված ռազմական միջոցառումները հանգեցնում ամբողջ տարածաշրջանում ազդեցության փոփոխության։ Մենք չենք հարմարվի Սիրիայում «Հզբոլլահ» 2.0-ի ներկայության հետ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ SANA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter