HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ի՞նչ մեսիջով է ժամանել Հիլարի Քլինթոնը

ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի տարածաշրջանային այցը սկսված է: Մինչ ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարի ժամանումը հայկական, իսկ առավելապես վրացական և ադրբեջանական փորձագետները հանդես են եկել կանխատեսումներով, թե ինչպիսին է լինելու այցի հիմնական բովանդակությունը:

Կան սպասումներ, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանում կկարևորի անցկացված խորհրդարանական ընտրությունները որպես հայկական ժողովրդավարության կարևոր հանգրվան: Եվ քանի որ այդ ընտրությունների արդյունքներին Մոսկվայի արձագանքը բավականաչափ սառն էր, կանխատեսելի է, որ Քլինթոնի կողմից չի լինի ընտրությունների որակի վերաբերյալ կոշտ քննադատություն, և պետքարտուղարը կհորդորի Հայաստանի իշխանություններին առաջ ընթանալ ժողովրդավարության «կատարելագործման» մեջ և առավել «բարձր որակով» անցկացնել նախագահական ընտրությունները:

Ադրբեջանում անկյուն քաշված ընդդիմությունը մտադիր է իր իրավունքների ոտնահարումից մի լավ բողոքել պետքարտուղարի հետ հանդիպմանը: Դատելով «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի ժամանակ ընդդիմության միջոցառումների նկատմամբ իշխանությունների գործադրած բռնությունից և պետքարտուղարության արձագանքից՝ Բաքվում նստած առավել հայտնի փորձագետները (Վ. Գուլուզադե, Զ. Ալիզադե, Ու. Ջաֆարով) գրեթե միաձայն համոզված են, որ Ադրբեջանի իշխանություններին չափավոր-կոշտ խոսակցություն է սպասվում ժողովրդավարական ազատությունների ապահովման թեմայով:

Վրաստանում ակնկալիքները տարբեր են: Մասնավորապես, «Վրացական երազ» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բ. Իվանիշվիլին ջանքեր չի խնայում պետքարտուղարի հետ անձնական հանդիպում ունենալու համար, սակայն դրա հնարավորությունը վերջնականապես հստակ չէ: Վրացական փորձագետները ակնկալում են, որ Քլինթոնը Թբիլիսիում մեկ անգամ ևս ԱՄՆ անունից աջակցություն կհայտնի Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ ակնարկելով Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան Ռուսաստանի կողմից, ինչպես նաև կվերահաստատի Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու ԱՄՆ դիրքորոշումը:

Ներքին խնդիրների հետ կապված քննադատությունը քիչ հավանական է, քանի որ Վրաստանը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի առաջնային գործընկեր պետությունն է, և անգամ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպելու դեպքում ԱՄՆ պետքարտուղարը հազիվ թե քննադատի վրացական ժողովրդավարության որակները: Ըստ ամենայնի, իշխանություններին կոչ կարվի ժողովրդավարության բարձր մակարդակ ապահովել հոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում: Թեպետ եթե Քլինթոն-Իվանիշվիլի հանդիպում կայանա, դա արդեն իսկ կնշանակի օլիգարխի և նրա գլխավորած կոալիցիայի լեգիտիմացում: Այսինքն՝ որ անգամ Վրաստանում իշխանափոխության դեպքում Իվանիշվիլին և իր դաշինքը դիտվում են իբրև ԱՄՆ-ի շահերի համար միանգամայն ընդունելի տարբերակ:

Բնականաբար, առավել կարևոր են Քլինթոնի այցի աշխարհաքաղաքական բաղադրիչները: Եվ այս իմաստով ուշագրավ է ամերիկյան Heritage foundation հիմնադրամի փորձագետ, իր ադրբեջանամետ կողմնորոշումներով հայտնի Ա. Կոենի դիտարկումը, թե Քլինթոնի այցի առանցքում լինելու է Ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վառոդի տակառ է, որ կարող է պայթել ցանկացած պահի: Եթե դա տեղի ունենա, Կասպից ծովից էներգակիրների արտահանումը կվտանգվի: Սպառնալիքի ներքո կհայտնվի նաև Վրաստանը, որովհետև Ռուսաստանը իր գործընկեր Հայաստանի շահերը պաշտպանելու պատրվակով կարող է տարածաշրջան մտցնել իր ռազմական ստորաբաժանումները: Իսկ դա կարող է տարածաշրջանում մեծացնել Հայաստանի մյուս գործընկերոջ՝ Իրանի ներգրավվածությունը»,- նշում է Կոենը և խորհուրդ տալիս պետքարտուղարին խթանել Ղարաբաղյան կարգավորումը «ադրբեջանական տարածքների ազատագրման տրամաբանությամբ, և միաժամանակ աջակցություն հայտնել Բաքվին իրանական ահաբեկչության դեմ պայքարում»:

Համարժեք ակնկալիքներ ունի նաև ոչ անհայտ Վ. Գուլուզադեն, ըստ որի՝ Քլինթոնի այցի հիմնական նպատակը հարավկովկասյան պետություններին Իրանի դեմ հավանական գործողությանը նախապատրաստելն է. «Վաշինգտոնը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին փորձելու է ընդգրկել հակաիրանական կամպանիայի մեջ: Եվ եթե Ադրբեջանն ու Վրաստանն արդեն գրեթե այդ կոալիցիայում են, ապա Հայաստանի հետ լուրջ խոսակցություն է սպասվում: Պատահական չէ, որ Քլինթոնի այցից առաջ՝ Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, ընդունվեց ադրբեջանամետ բանաձև Լեռնային Ղարաբաղի մասին: Այսինքն՝ Քլինթոնն ուղղակի կհայտարարի Հայաստանի ղեկավարությանը, որ եթե մեզ չաջակցեք, մեզանից էլ օգնություն չսպասեք Ղարաբաղի հարցում»:

Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կամ Բաքվի ֆինանսական հովանավորությունը վայելող արտերկրյա փորձագետները աշխատում են այսպիսի այցերից առաջ Հայաստանի համար աննպաստ մթնոլորտ ձևավորել՝ իբր Երևանը հարկադրված է լինելու ընտրություն կատարել կամ-կամի միջև: Ընդ որում՝ այդ համատեքստում, բնականաբար, դիտավորյալ անտեսվում է Ռուսաստանի գործոնը. կարծես այն ամենևին գոյություն չունի տարածաշրջանում, կամ այդ ազդեցությունն այնքան նվազ է, որ որևէ որոշիչ նշանակություն ունենալ չի կարող:

Մինչդեռ Արևմուտքին՝ ինչպես Եվրամիությանը, այնպես էլ ԱՄՆ-ին, Հայաստանի հետ կապված թիվ մեկ մտահոգիչ գործոնը Երևանի հնարավոր մասնակցությունն է Մոսկվայի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն գործընթացին, որը 2015-ին պետք է հանգեցնի Եվրասիական միության ստեղծմանը: Եվ Կրեմլը իբրև այդ գործընթացի պոտենցիալ մասնակիցներ դիտարկում է առաջին հերթին ՀԱՊԿ անդամ պետություններին, այսինքն՝ նաև Հայաստանին:

Պաշտոնական Երևանը, սակայն, առանձնակի խանդավառություն չի ապրում դրանից, եթե դատելու լինենք Հայաստանի վարչապետի շարունակական փաստարկներից, որ Հայաստանը չի կարող նույնիսկ Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան մաքսային միության մաս կազմել՝ այդ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով:

Ճիշտ է, միաժամանակ, Տ. Սարգսյանը որպես առաջնահերթություն նշում է եվրոպական ինտեգրացիան, թեպետ Հայաստանը Եվրամիության հետ էլ ոչ մի սահման չունի: Հայաստանի ղեկավարության այսպիսի դիրքորոշումը արևմտյան ազդեցության առումով արդեն իսկ մեծ ձեռքբերում է, եթե նկատի ունենանք տնտեսական և ռազմաքաղաքական խոր կապերը Մոսկվայի հետ:

Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմն էլ առավելագույն հնարավորն է արևմտյան կողմնորոշման առումով, եթե նկատի ունենանք, որ հստակ ռուսամետ կողմնորոշում ունեցող միակ ուժը ԲՀԿ-ն է, ՀՅԴ-ն հանդես է գալիս իբրև դասական ազգայնական կուսակցություն, ՀԱԿ-ը և «Ազատ դեմոկրատները» երբևէ ռուսական կողմնորոշման «բարդույթով» չեն տառապել, իսկ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամակցելու իրենց ձգտման մեջ ժամանակին բացեցին խաղաքարտերը, որից ինչպես Վաշինգտոնում ու Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում որոշակի հետևությունների անկասկած հանգել են: Եվ ԲՀԿ-ի իշխանական կոալիցիայի մաս չկազմելը հայաստանյան փորձագիտական հանրության մեջ, ոչ առանց հիմքի, դիտարկվում է նաև արտաքին կողմնորոշումների համատեքստում:

Սակայն եթե Վաշինգտոնը Երևանի նկատմամբ կոշտ ճնշում գործադրի Իրանի հետ կապված կամ Ղարաբաղի հարցում, կարող է ճիշտ հակառակ արդյունքը ստացվել, երբ Հայաստանը, փակուղում հայտնվելով, կրկին կփորձի ելքը գտնել Ռուսաստանի հետ դաշինքը ամրապնդելով, ինչը միաժամանակ էլ ավելի կմեծացնի Իրանի դերակատարությունը իբրև ապագա Եվրասիական միության պետությունների հետ Հայաստանի կապը ապահովելու ընդունակ երկիր: Հազիվ թե ԱՄՆ-ը դիմի Հայաստանին ճնշելու ռիսկի, մանավանդ որ դրա համար հարկ կլինի Երևանին տալ ոչ միայն անվտանգության լուրջ երաշխիքներ, այլև կոմունիկացիոն այլընտրանք՝ բացելով հայ-թուրքական սահմանը: Իսկ դա այս պահին բացառված է տարբեր պատճառներով:

Նախ Անկարան ամենևին էլ միանշանակ չի վերաբերվում հայ-թուրքական արձանագրություններին՝ չնայած իր համար ակնհայտ նպաստավոր մի շարք դրույթներին: Թուրքիայում ի սկզբանե կար վերապահություն, որ ԱՄՆ-ը, հայ-թուրքական «հաշտեցումը» նախաձեռնելով, նպատակ ունի այն վերածել Թուրքիային հսկողության տակ առնելու և նրա տարածաշրջանային հավակնությունները սահմանափակելու մեխանիզմի:

Միաժամանակ Անկարայում գերիշխում է այն մտայնությունը, որ արձանագրությունների վավերացման և սահմանի բացման դիմաց Հայաստանից պետք է պոկել առավելագույնը ինչպես Ցեղասպանության հարցում, այնպես էլ Ղարաբաղի առնչությամբ Բաքվի պահանջները լիովին բավարարելու տեսանկյունից: ԱՄՆ-ը առայսօր չի կարողանում կոտրել Թուրքիայի համառությունը և կյանքի կոչել «հաշտեցման» իր նախագիծը, որը միաժամանակ գործնականում կչեզոքացներ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում:

Մյուս կողմից Թուրքիայի հավակնություններն այնպիսին են, որ Վաշինգտոնին հազիվ թե այս պահին ձեռնտու է ռուսական բաղադրիչի չեզոքացումը, քանի որ Անկարայի հավակնությունները զսպելու լրացուցիչ գործոններ են անհրաժեշտ, ասենք, նույն ՀԱՊԿ-ի տարածաշրջանում ներկայության ձևով: Ըստ այդմ ինչպես Իրանի առնչությամբ, այնպես էլ Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելը ԱՄՆ շահերի տեսանկյունից անիմաստ է: Վաշինգտոնին լիովին կբավարարեն երաշխիքները, որ Հայաստանը տեսանելի ապագայում չի հայտնվի Եվրասիական միության մեջ:

Այլ հարց է, թե որքանով Հայաստանի իշխանությունները ի վիճակի կլինեն այդպիսի երաշխիքներ տալ, և արդյոք այդ երաշխիքները երկար կյանք կունենա՞ն: Չէ՞ որ Կրեմլում էլ քնած չեն:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter