HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մակեևկայի հրթիռակոծության հետևանքով 63 ռուսաստանցի զոհի մասին

Հունվարի 1-ի գիշերը Մակեևկա քաղաքի № 19 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը, որը գտնվում է Դոնեցկի մարզի՝ Ռուսաստանի կողմից բռնազավթված հատվածում, ենթարկվել էր Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության, որի հետևանքով, ըստ ուկրաինական կողմի, զոհվել էր մոտ 400 զորակոչված ռուսաստանցի, ևս 300-ն էլ վիրավորվել էր։ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները TACC գործակալությանը հայտնել էին, որ նախնական տվյալներով Մակեևկայի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 15 մարդ։

Փոխարենը ՌԴ ՊՆ-ն հունվարի 2-ին կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ հարվածը հասցվել է ուսումնարանի շենքին, որտեղ տեղակայված էր ռուսաստանցի զինվորականների ժամանակավոր տեղակայման կետը։ Համաձայն ռուսական պաշտպանական գերատեսչության՝ Ուկրաինայի զինված ուժերը համազարկային կրակի HIMARS համակարգերից արձակել էին 6 ռեակտիվ հրթիռ, որի հետևանքով զոհվել է 63 ռուսաստանցի զինվորական։ Ընդ որում, ռուսական կողմը պնդում է, որ 6 հրթիռներից 2-ը հաջողվել է խոցել։

«Агентство» պարբերականը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ՌԴ ՊՆ-ն երբևէ չէր հայտարարել մեկանգամյա հարվածից հետո այսչափ խոշոր թվով կորուստների մասին։ Կրեմլամետ «Romanov Лайт» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ կորուստների թիվը կազմել է 200 մարդ՝ չնշելով, թե քանիսն են զոհվել կամ վիրավորվել։ Ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցն էլ իր ալիքում գրել է, որ իր տվյալներով Մակեևկայում հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը զոհերի թվից մեծ է։

«Рыбарь» տելեգրամյան ալիքն էլ, որի հեղինակը ՌԴ ՊՆ մամուլի ծառայության նախկին աշխատակից Միխայիլ Զվինչուկն է, պնդում է, որ բոլոր զոհվածները զորակոչվածներ են, ուսումնարանի շենքում տեղակայված է եղել 14444 գունդը, իսկ շենքում եղել է 600 մարդ։ «Оперативные сводки» տելեգրամյան ալիքի աղբյուրների տվյալներով, որին հղում է անում «Рыбарь»-ը, հարվածից հետո զոհվել է 78 մարդ, 136-ն էլ վիրավորվել է։ Տելեգրամյան նույն ալիքը պնդում է, որ կրակի ուղղորդմանն օգնել են տեղացիները, սակայն ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական կողմերը չեն մեկնաբանել այդ հայտարարությունը։

Ավելի ուշ, Մակեևկային հարվածի մասին խոսել է Սամարայի մարզի նահանգապետ Դմիտրի Ազարովը։ «Թշնամական ուժերի հարվածի տակ այդ թվում հայտնվել են նաև մեր հայրենակիցները։ Կան վիրավորներ, ավաղ, նաև զոհեր։ Ներկայումս տեղեկությունը ճշտվում է։ Հասկանում եմ, որ հիմա շատերն անհանգստանում են, ուզում են ավելի շատ բան իմանալ իրենց մտերիմների մասին։ Ցավոք, սոցիալական ցանցերում շատ է կեղծ, մեծ մասամբ ֆեյք տեղեկատվությունը:<...> Մշտական կապի մեջ եմ Պաշտպանության նախարարության, ապահովող ծառայությունների ղեկավարության հետ։ Անպայման կցուցաբերենք բազմակողմ օգնություն վիրավորների բուժման համար։ Զինծառայողների ընտանիքները կարող են իրենց հույսը դնել մեր բազմակողմ աջակցության վրա»,- հայտարարել է Ազարովը։

«Рыбарь» տելեգրամյան ալիքը նաև պնդում է, որ ուսումնարանի տարածքում եղել է զինապահեստ, որը պայթել է հրթիռակոծության հետևանքով։

TACC գործակալությունը, հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իրավապահ մարմինների իր աղբյուրներին, գրում է, որ մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքին հարվածի պատճառը եղել է «Մակեևկայում զինվորականների կողմից բջջային կապի օգտագործման բարձր ակտիվությունը։ Հակառակորդը ECHELON հետախուզական համալիրի օգնությամբ հայտնաբերել է բջջային կապի ակտիվությունը և աբոնենտների տեղը»,- իր աղբյուրին հղում անելով՝ գրում է TACC-ը։

7×7 պարբերականին հաջողվել է կապ հաստատել Մակեևկայի զինվորականների հարազատների հետ։ Նրանցից մեկի կինը հայտնել է, որ վիրավորներին «հասցրել են հոսպիտալ, այդ թվում Ռոստովի մարզ»։ «Էլի տղաներ էին զանգել, մերկ այնտեղ ման են գալիս։ <...> Ոչինչ չկա։ Չկան ո՛չ իրեր, ո՛չ դեղորայք, ո՛չ փող, ոչ էլ սնունդ»,- պատմել է նա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter