HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքական կողմի պնդմամբ՝ Էրդողանի ու Ասադի հանդիպումը բանակցությունների օրակարգում է

Թուրքիայի իշխանությունները գոհ են Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքից՝ հայտարարելով, որ Անկարայի ու Դամասկոսի ներկայացուցիչների միջև բանակցությունների օրակարգի հաջորդ փուլը կլինի բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման հարցի քննարկումը։ Այդ մասին Sabah-ի փոխանցմամբ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը կամուրջներ անցկացնելու երկու երկրների միջև, եկել է ժամանակը քաղաքական երկխոսության։ Օրակարգի հաջորդ հարցը կդառնա բարձր մակարդակով հանդիպման անցկացման հնարավորությունը։ Մենք գոհ ենք այն մակարդակից, որին այս պահի դրությամբ հասել ենք»,- ասել է նա։

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել էին 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտության մեկնարկից հետո։ Այդ ժամանակ խզվել էին Թուրքիայի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունները։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել։ Նրա խոսքով՝ այդ գագաթնաժողովին պետք է նախորդեն հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցությունները։ 

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացել էր Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Հունվարի երկրորդ կեսին արդեն կարող է կայանալ երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի օրակարգում կարող է լինել Թուրքիայի և Սիրիայի նախագահների միջև բանակցությունների անցկացման հարցը։

Լուսանկարը՝ Reuters/SANA/Handout

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter